Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Աշտարակ գյուղի եկեղեցին, թեև արտաքուստ խիստ եղծված՝ բազմադարյան հնության պատճառով անդադար նորոգվելով, սակայն ներսը ամբողջովին պահված են 5-րդ դարու բոլոր հատկանիշները, ինչպես պայտաձև աղեղներ, դեպի հյուսիս և հարավ ձգված նեղ ու երկար քառակուսի կրկնահարկ ավանդատուններ (ինչպես Տեկորի մեջ), նաև 5-րդ դարու միայն հատուկ moulure-ներ [տես նկ. նկ. 194, 195]։

4. Տեկորի եկեղեցին ևս կպատկանի հեթանոսական շրջանին իր սկզբնավորությունով, սակայն 5-րդ դարեն սկսած այնքան մեծ փոփոխություններու ենթարկված է, որ այժմյան շենքի ոճի տեսակներով կդնեմ 5-րդ դարու շենքերու կարգը։ Այս հիշատակարանի հեթանոսական ծագման մասին տեսնել իմ առանձին ուսումնասիրությունը «Տեկորի տաճարը» [էջ 185] անունով։

5. Գառնիի մեջ մի հնագույն մեծ ավերակ եկեղեցի, որուն հյուսիսային և արևելյան պատերը միայն մնացած են, սակայն 5-րդ դարու շինության հատկանիշները կմնան վրան տակավին, ինչպես՝ պայտաձև աղեղներ, արտաքին սյունազարդ ծածկույթ (portique) և նեղ ու երկայն համաչափությամբ հատակագիծ։

6. Հովհաննավանքի այժմյան ժամերգության պաշտոն կատարող շենքը 5-րդ դարու ամենահին շինությանց հատկանիշն ունի այն է՝ խիստ շեշտված պայտաձև աղեղներ՝ ներքին որմնասյուներուն վրա, և որմնասյուները ավելի մույթեր են, քան սյուներ՝ պատեն խիստ շատ դուրս եկած։

7. Աստվածընկալ գյուղի մեջ մեծ եկեղեցվո հարավային պատին կից մի միջակ, անգմբեթ եկեղեցի 5-րդ դարու պայտաձև ներքին որմնաղեղներով և սյունախարիսխներով, դարաշրջանին հատուկ moulure-ներով:

8. Արթիկ գյուղի հնագույն մեծ եկեղեցվո հյուսիս-արևելյան կողմը, միջակ մեծությամբ եռախորան եկեղեցին՝ 5-րդ դարու բոլոր հատկանիշներով, այսինքն՝ պայտաձև աղեղներ, կողմնակի թևեր և անգմեթ կամարածածկ:

9. Մոլլա-Ղասըմ գյուղի մեջ կան երկու եկեղեցիներ, որոնց մեկը այժմ գյուղական եկեղեցի է՝ վերանորոգված, ներսը գտնված մի արձանագրութենեն կերևի՝ Գնթունյաց իշխաններեն մեկուն անունով։ Վերջերս Բաշ-Ապարանի շրջաններեն գտնված մի հունարեն արձանագրության մեջ կարդացվեցավ, որ այդ շրջանները մեծն Տրդատ նվիրեր է Գնթունյաց իշխանին, անտարակույս, այժմյան Մոլլա-Ղասըմ գյուղն ալ այդ նվիրված հողաշերտին մի մասը կկազմեր և այդ եկեղեցին ալ՝ Գնթունի իշխանի մը սեփականություն: Մյուս եկեղեցին գյուղի արևելյան կողմն է, բոլորովին ավերակ վիճակում, մեջը և քովերը թափված են սյունախոյակներ և խարիսխներ, որոնց զարդաքանդակներն ու moulure-ները անվրեպ 5-րդ դարուն կպատկանին։ Մի ուրիշ ավելի բնորոշ հատկանիշ, որ զինքը ավելի հեռու կտանի, այն է՝ abside-ին արտաքուստ քառակուսի ձևը։ (Այս մասին տես իմ «Տեկորի տաճարը» աշխատությունը։

10. Եղվարդ գյուղի հյուսիս-արևմտյան ծայրին ավերակ մեծ կաթուղիկեին հյուսիս-արևելյան կողմը, մոտավորապես հարյուր քայլ հեռավորության վրա կա մի միջակ մեծությամբ ավերակ եկեղեցի, որուն բեկորներեն և ուրիշ մնացորդ մասերեն պարզ կտեսնվի 5-րդ դարուն հատուկ ոճը [տես նկ. նկ. 55, 56]:

11. Օձունի (Ուզունլար) եկեղեցին անպայման 5-րդ դարու եկեղեցի է, արտաքին portique-ով պայտաձև աղեղներով, բոլորովին նախնական մեսրոպյան տառերով տեղ-տեղ արձանագրությանց մնացորդներով: