Էջ:The Architecture, Tom 1.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

27. Ուչ-Քիլիսե (Կարսի շրջան) - սուրբ Հովհաննես, 640 թվին:

28. Տամճըլու գյուղի հին գերեզմանատան մեջ չափավոր մեծությամբ մի եկեղեցվո մնացորդ, հյուսիսային պատը 7-րդ դարու հատուկ corniche-ով:

29. Զվարթնոց


ԳԼՈՒԽ Բ՚
ԶՎԱՐԹՆՈՑ [1]

Իմ նպատակես դուրս է այս եկեղեցիին փառքն ու շուքը նկարագրել. ես պիտի ջանամ իր խոշոր գծերուն մնջ ցույց տալ այն ուսումնասիրությունները, որ ես կատարեցի այս եկեղեցիի կազմության, ոճի և արվեստագիտական նրբությանց, տարողությանց (resistance) հաշիվներու և ներկայիս անհավատալի կերպով հանդուգն վստահությամբ կառուցված մասերուն վրա, որոնց քննության նվիրվեցա մոտ երեք ամիս շարունակ։

Առաջ մտադիր էի միայն բեկորները չափագրելով բավականանալ, սակայն, երբ սկսեցի լրջորեն քննել և բեկորները չափելով տեղին վրա համեմատել, այն ատեն համոզվեցա, որ գտնված բեկորները բավական պիտի ըլլային ամբողջ շենքը վերակազմելու (restituer), եթե սակայն մասամբ ևս շարունակվեին պեղումները։

Տեղին վերահսկիչ Խաչիկ վ. Դատյան մեծ փութաջանությամբ վերսկսեց ընդհատված պեղումները, փափագելով պսակված տեսնել իր նախընթաց չորս տարիներու տաժանակիր ջանքերն ու աշխատությունները։

Անձամբ հսկեցի պեղումներուն և մի առ մի չափագրեցի, բաղդատեցի, համեմատեցի յուրաքանչյուր քարի, բեկորի ընկած տեղն ու դիրքը։ Ապարդյուն չանցավ այս վերջին աշխատությունս. նպատակիս հասած էի գրեթե:

Այս վիթխարի ավերակին մեջ ինձ հանդիպած արվեստագիտական հսկա մեծագործությունները և գեղարվեստական նրբությունները ավելի պարզ ցույց տալու համար, հարկ համարեցի ընդհանուր հատակագծի մը հետ տալ նաև անոր կազմական կարևոր մասերու քանի մը ուրվագծերը:

Շինության ոճին վրա գրելե աոաջ, պարզեմ անոր ընդհանուր կազմությունը, հաստատուն փաստերու վրա հիմնված, որոնք մինչև այժմ գոյություն ունին այնտեղ, և զորս ամեն ձեռնհաս անձ կարող է ստուգել: Իսկ ինչ որ իմ կողմեն ենթադրություններ են, անոնք ալ կհանձնեմ արվեստագետներու ուշադրության։

Տեղին վրա մասամբ անաղարտ մնացած է միմիայն հատակագիծը, որուն դրսի կողմեն, տեղ-տեղ, կնշմարվին աստիճաններու մնացորդները, իսկ ներսի կողմեն գրեթե անվնաս է: Ինչպես կերևի հատակագծեն (նկ. 157), շենքին ամբողջությունը մեծ բոլորակ մըն է, որուն տրամագիծը՝ 35,75 մետր։ Արտաքին պատը դրսեն անկյունավոր է, իսկ ներսեն բոլորովին կլոր. այդ կլորության վրա շարված են 64 կիսասյուներ 24 սանտ. տրամագծով։ Մեկզմեկե ունեցած հեռավորությունները երկու հավասար չափերու բաժնված են. դռներ և պատուհաններ գտնված սյունամիջոցներուն (entre colonnement) լայնությունն է 1,68 մետր, իսկ անմիջապես անոնց կից եղողներունը՝ 1,18: Այսպես՝ մեկ լայն, մեկ նեղ սյունամիջոցներ հաջորդաբար շարունակված են ամբողջ բոլորակին վրա։

Եկեղեցիի կեդրոնեն հավասար հեռավորության վրա զետեղված են չորս մեծ, լայնանիստ և հաստահեղույս մայր սյուները (նկ. 158, 1 և 159) և այդ սյուներուն միացած են չորս կիսաբոլորակներ (նկ. 158 2, 3, 4, 5), որոնց մեկը գոց պատ մըն է և կկազմե սեղանը, իսկ մյուս երեքը սյունազարդեր են. այսպիսով՝ եկեղեցիին ներքին մասը ստացած է կիսաբոլորակներե կազմված խաչաձև մը կեդրոնը ունենալով մկրտության նախկին ավազանը (նկ. 158, Դ, 1), որը մեկ կողմանե հայոց սկիզբեն ի վեր ավանդարար ընդունած խաչաձև, խորհրդավոր հատակագիծը կձևացներ, մյուս կողմեն ալ, տաճարը՝ աղոթող ժողովրդի մասին կբաժներ (նկ, 157, 2):

Ահա այս տեղեն կսկսի երևնալ ճարատրապետին բազմակողմանի հմտությունը։ Գեղարվեստական ճաշակի մասին կվկայեն նուրբ ու գեղեցիկ քանդակները և անոնց վայելուչ պատշաճությունով դասավորությունը. ասոնցմե զատ, զարմանալու ավելի մեծ պատճառներ ունենք. այդ՝ շենքի կմախքին կազմությունն է, որուն խիզախ հղացումները անսպասելի էին 7-րդ դարու Արևելքի ճարտարապետությունեն։

  1. Արտատպում ենք «Մուրճ» ամսագրի 1905 թվի № 5-ի էջ 189-197-ից, որոշ կրճատումներով: ԿԱԶՄՈՂ