Առաջին առթիվ մարդ պահ մը կշվարի հատակագծին վրա շատ մը անօրինակ ձևերու առջև. տեղ-տեղ կտեսնվին կարծես աննպատակ դրված սյուներ, խորշեր, տարօրինակ ձևերով խոյակներ. սակայն երկար հետազոտութենե հետո ատոնք այնպիսի վայելուչ կերպով մը իրենց տեղերը կբռնեն, որ այլևս ճարտարապետի հանճարին և հնարամտության վրա զարմանալե զատ, մեզի ոչինչ չի մնար ընել։
Ինծի պես շատեր երկար մտածեցին, թե ինչ պատճառով զետեղված էին գմբեթակիր մայր սյուներու ետևը չորս մեծ, անջատ, կլոր սյուները (նկ. 158, Բ. 6, 7, 8, 9), որոնք, բացի այն, որ սյունազարդի սյուներեն ավելի հաստ էին, նաև ունեին բոլորովին արտասովոր ձևով և անհավասար կողմերով տարանկյուն խոյակներ, որոնց ճակտին վրա քանդակված էին գեղակերտ, թևատարած մեծ արծիվներ (նկ. 156)։
Ինծի հետզհետե պարզվեցան այդ բոլորին պատճառները։ Այդ արտասովոր խոյակներով սյուները այդ տեղերը դրված էին ոչ թե զարդի և վայելչության համար, այլ իրենց հատուկ խիստ կարևոր պաշտոններով, որոնց մեկն ալ, կարծես, ի միջի այլոց, մեզ հրավիրել էր 14 դար հետո ժամանակի մեծ վարպետի հանճարին առաջ հարգանքով ու ակնածանքով խոնարհիլ։
Ներսի խաչաձև մասը ծածկված է եղեր գմբեթով, իսկ դրսում աղոթող ժողովուրդին բաժինը շուրջանակի կամարով։ Բայց ի՞նչպես կարելի էր դրսի բոլորակ պատեն կամար մը դարձնել դեպի ներս, ամբողջ բոլորակի շրջանակին վրա, քանի որ բնական օրենքով պետք էր որ գտնվեր ներսը, դրսի պատին զուգահեռական հենակետ մը կամ պատվանդան մը, որպեսզի դրսեն մեկնող կամարը կանոնավոր կերպով գար և հանգչեր ներսի պատվանդանին վրա։
Ներսի կիսաբոլորակներե կազմված խաչաձև մասը ոչ միայն զուգահեռական չէր դրսի պատին, այլև զանազան անկանոն ուղղություններով ներս մտած, դուրս ելած էր։ Ուստի, ճարտարապետը, նույն դարու նորահավատ քրիստոնյաներու նվիրական խաչաձևը պահելու համար՝ դիմեր է այդ չորս մեծ արծվախոյակ կրող սյուներու օգնության, որպեսզի անոնց միջոցով կազմե դրսի պատին զուգահեռական բոլորակ խարիսխ մը, ծածկելու համար աղոթող ժողովրդի բաժինը։ Արդ, ճարտարապետը այնպիսի տեղ մը զետեղեր է այդ չորս մեծ սյուները, որ լիովին տվեր են պահանջված դրսի պատին զուգահեռական գիծը։ Կեդրոնեն հավասար հեռավորության վրա կգտնվին թե արծվախոյակ կրող սյուները և թե խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղի սյուները. այնպես որ, եթե կիսաբոլորակներու մեջտեղի սյուներուն կեդրոնեն (նկ. 158, Բ. 10) սկսած դրսի պատեն զուգահեռական բոլորակ մը (նկ. 158, Բ. 12) գծենք, գիծը կանցնի ուղիղ արծվախոյակ կրող սյուներուն ալ ճիշտ կեդրոնեն (նկ. 158, Բ. 11)։
Գծին ուղղությաննը գտնելը բավական չէր. պետք էր այդ ուղղությունով հաստատուն պատվանդան մը շինել. այստեղ հղացեր է հանճարեղ ճարտարապետը հանդուգն գաղափար մը՝ ունենալ բոլորակ պատվանդան մը, կախված մեծ մասամբ օդին մեջ։ Նախապես չսրս արծվախոյակավոր սյուները գմբեթարթ կամարներով միացուցեր է ետևի մայր սյուներուն, հետո այդ չորս սյուներու խոյակներուն վրայեն սկսելով՝ դրսի պատին զուգահեռական կորությամբ դեպի աջ ու ձախ կողմերը աղեղներ ձգեր է, որոնք գնացեր հանգչեր են սյունազարդերու մեջտեղի սյուները իրարու միացնող կամարներուն վրա (նկ. 158, Բ. 10)։ Այսպես հաջորդաբար ձգված ութ զորեղ աղեղները (նկ. 158, Բ. կ, կ, կ, կ, կ, կ, կ, կ) իրենց մեկ ծայրին հենակետ ունենալով արծվախոյակները, մյուս ծայրին՝ սյունազարդի միջին սյուները կապող կամարները, տվեր են բոլորովին հաստատուն բոլորակ պատվանդան մը դրսի պատեն մեկնող կամարին և միանգամայն զուգահեռական՝ դրսի պատին։
Կիսաբոլորակներու մեծ սյուներու հետ միացած տեղերը, որ վրայի բոլորակ պատվանդանը կազմելե հետո եռանկյան ձևով բաց կմնային (նկ. 158, Բ. 13), լեցված և ապահովված են քանդակազարդ, գմբեթարթ