Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջոցով գործածության մեջ դրված ըլլան այդ վերնահարկ պահարանները։

Նախ՝ այդ բարձրության չափով ամենաթեթև փայտե շինված սանդուխն անգամ, նույնիսկ երեք մարդու համար դյուրատար բան չէր ըլլար, և երկրորդ՝ չմոռնանք մանավանդ նկատել, թե այդ տեսակ հսկա շենքի մը ճարտարապետը, որ հանճարի թռիչքներ ունեցեր է, որ գիտցեր է ամեն բան աննման վայելչությամբ, հիանալի պատշաճությամբ և հազվագյուտ նրբամտությամբ հղանար դասավորել և զարդարել, մի՞թե կարող էր շարժական սանդուխով մը բարձրանալու հասարակ ու գռեհիկ միջոցին դիմել։ Այս ենթադրությունը պարզապես նախատական կըգտնեմ այդ մեծ արվեստագետի հանճարին համար։

Զվարթնոց եկեղեցին ընդհանրապես հռոմեական, բյուզանդական, հունական և հայկական ոճերու խառնուրդ մը կներկայացնե։ Իր ընդհանուր ձևով մինչև հիմա գոյություն ունեցող թե հին և թե նոր ոչ մեկ եկեղեցիի նման չէ. գոնե ես առաջին անգամ է, որ կհանդիպիմ եկեղեցիի մը, որուն մեջտեղը դրված ըլլան սեղանը և տաճարը, և անոնց շուրջը ամբողջ սեղանին ետևի մասն ալ միասին առնելով, հատկացված ըլլա աղոթող ժողովրդին։

Այս ձևը ինծի կհիշեցնե Սողոմոնի տաճարը, որուն կեդրոնը դրված էին սրբություն-սրբոցը և տապանակ ուխտին, որոնց առջև կաղոթեին քահանայապետները. տապանակ ուխտիին և քահանայապետներու հատկացված մասը բաժնված էր քառակուսի սյունազարդով, որուն ետևը շուրջանակի կկենար ապաշխարող ժողովուրդը: Թերևս քրիստոնեության նորադարձ հայերը՝ Եհովայի մեծ մարգարեին, Իսրայելի իմաստուն թագավորին հռչակավոր տաճարեն ազդված ըլլան իրենց եկեղեցին շինելու ժամանակ, և, իբրև քրիստոնյա՝ փոխանակ սրբություն-սրբոցի և քահանայապետներու բաժնին նման քառակուսի ձև տալու, քրիստոնեության խորհրդանշանին ձևը տված են — խաչաձև շինած են։

Մեծ սյուներու խարիսխները բյուզանդական են, իսկ խոյակները՝ բոլորովին ինքնատիպ, բացի վրաները հարմարեցված հունական խոյողներեն (volute): Կողովներու մանվածո քանդակները զուտ հայկական են։ Բոլորովին ինքնատիպ է նաև արծվաքանդակ կրող խոյակներու ձևը, որը միմիայն Զվարթնոց եկեղեցիին մեջ գործածված է. պետքն է, որ ստեղծեր է այդ ձևը և արտասովոր մեծությունը և ոչ թե ճաշակը այդ խոյակներուն վրա է, որ նստեր է աջ ու ձախ կողմերեն՝ ութ մեծ աղեղներու յուրաքանչյուր ծայրը, ետևի կողմեն զիրենք մայր սյուներուն միացնող գմբեթներու ոտքը, և առջևեն՝ դրսի պատեն մեկնող կամարին մասը։ Այդ ձևով և այդ մեծությամբ խոյակ մը միայն կրնար հանգիստ տալ չորս զանազան կողմերե անհավասար չափերով և անկանոն ուղղությամբ եկող կամարներու ծայրերուն։

Ներսի բոլորակ պատին կպած փոքր որմնասյուներու խոյակները զուտ հռոմեական են՝ լերկ կմախքը կորնթական զարդախոյակներու. այս ձևը շատ հաճախ գործածված է հռոմեական հին շենքերու մեջ։ Նույնպես արտաքին երեսի զույգ սյուները միացնող կամարներու խաղող քանդակված մասերը հռոմեական են. միակ տարբերությունն այն է, որ Զվարթնոցի կամարներուն վրա քանդակված խաղողին տեղ հռոմայեցիներ քանդակած են իրենց ոճին հատուկ ծաղիկներ և տերևներ՝ նույնպես ոլորուն ցողունի մը վրա։ Իսկ moulure-ներուն մեջ բյուզանդականին խառն հայկական գծեր կնշմարվին, թեև իրենց ամբողջությամբ հպատակած են հայկական ճարտարապետության ընդհանուր օրենքին, այսինքն՝ հունական կամ բյուզանդական ոճերու նման, moulure-ներ փոխանակ հետզհետե դեպի խորը գնալու, քանդակված են հավասար բարձրության վրա, բան մը, որ հատուկ է միմիայն հայ ոճին։

Շենքին պսակը զուտ հայկական է թե ձևով և թե քանդակով։

Ամփոփելով մեր խոսքը, ըսենք, որ զետեղել հասարակ հրաբխային քարե չորս սյուներու և չորս փոքր կամարներու վրա, դրսի պատին զուգահեռական կորությամբ ութ աղեղներ և այդ աղեղներու կողերը լեցնելով գագաթին հավասարեցնել, կազմելու համար հորիզոնական պատվանդան մը, 85 մետր երկայնությամբ աղեղներ, որոնք իրենց վրա կկրեն առնվազն 6-7 մետր բարձրությամբ շուրջանակի հսկա պատի մը ծանրությունը և դրսի պատեն մեկնող կամարի զանգվածին կեսեն ավելի ծանրությունն ու նույնպես տանիքին ծանրությունը — հանճարի այնպիսի հանդուգն ու հոյակապ սլացք մըն է, որ պատիվ կբերե հայ ժողովրդին։

Այստեղ ոչ վայրենի ուժն է մեզ զարմացնողը, ինչպես Եգիպտոսի բուրգերու և այլ շենքերու մեջ, ուր կտեսնենք 20 խորանարդ մետր ծանր և միապաղաղ քարը մինչև 30-40 մետր բարձրության հանված, և ոչ ալ ճարտարապետական քանդակներու և զարդանկարներու կատարելության հասած նրբությունը,