Էջ:The Architecture, Tom 1.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքև կրկնակի շրջակամար ավելցուցեր են և սյուներու մեծ մույթեր հյուսեր են։

Պահ մը ենթադրենք, որ Ներսես 645 թվականին ձեռնարկեց կաթողիկոսական տան շինության և վերջացուց 648 թվականին, որ անկարելի էր ավելի կարճ ժամանակի մեջ վերջացնել, ուրեմն 649 թվականին պետք է որ հիմնարկված լինի բուն եկեղեցին։

Այս թվականեն մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականը կմնա երկու տարի, որովհետև Ներսես 652 թվականի գարնանը հեռացավ, հետևաբար ամրան մեջ գործի ժամանակ բացակա էր։ Ենթադրենք նաև, որ կաթողիկոսական տան շինությունը երկու տարվան մեջ ամբողջացավ, և եկեղեցին հիմնարկվեցավ 648 թվականի գարնանը և ոչ 649-ին. հետևաբար մինչև Ներսեսի հեռանալը, 652 թվականը, կմնա երեք տարի։ Արդ, շինարարական օրենքներով դատելով լրջորեն, անկարելի էր, որ Զվարթնոց եկեղեցվո մեկ հարկեն ավելին շինել հնար լիներ, որովհետև առնվազն մեկ տարի հարկավոր էր անոր ահագին թանձրությամբ հիմերը այնքան խնամքով լեցնել, ինչպես կտեսնենք տեղին վրա, իսկ մնացած երկու տարվան մեջ հազիվ կարող էին առաջին հարկի մինչև պսակները բարձրանալ, ինչքան ալ որ գործավոր և հում շինանյութ պատրաստ լիներ շենքի մոտը։ Ուրեմն, առաջին հարկեն վեր, երկրորդ հարկը և գմբեթը մինչև կատար, Անաստաս Ակոռեցու ղեկավարությամբ պետք է շինված լինին։ Բայց արդյո՞ք Անաստաս Ակոռեցին կարող էր մենակ ղեկավարել այդ պատասխանատու և վերին աստիճան արվեստագիտական հմտություն ու գեղարվեստական ըստ ամենայնի զարգացման ճաշակ պահանջող գործը, մինչև իսկ առանց ճարտարապետի հսկողության, քանի որ կայսրը 652 թվականի գարնանը եկեղեցին շինող ճարտարապետին ալ միասին տարավ՝ ըստ Մովսես Կաղանկատուացու վկայության։ Այժմ քննենք այս խնդիրը։

Ըստ իս՝ ոչ Ներսես կարող էր վստահել Անաստաս Ակոռեցուն այնքան խոր հմտություն և զարգացած ճաշակ պահանջող գործին ղեկավարությունը և ոչ ալ Անաստաս հանձն կառներ իր հմտությունեն ու գիտութենեն բարձր գործի պատասխանատվությունը Ներսեսի հանձնարարությունը կարող էր ճիշտ լինել, բայց ոչ երբեք բուն եկեղեցվո նկատմամբ:

Բուն եկեզեցվո շինության ղեկավարությունը Անաստաս Ակոռեցուն հանձնված չլինելուն մեկ ավելի ապացույցներ կարելի է գտնել, իսկ կողմնակի շինություններու մասին կարելի է հավատալ, որովհետև որոշ մասերու Ներսեսի ճաշակի և գիտակցության բացակայությունն ակներև է, որ արվեստագիտական աչքով կդիտե այսօրվան մեր ձեռքը հասած Զվարթնոցի ավերակները ու անոր ճարտարապետական բեկորները, կտեսնեի որ ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված է գեղագիտական հմտությամբ օժտված ղեկավարի մը շնորհքը և Ներսեսի հատուկ ճաշակը։ Այդ շնորհքը կամ գիտությունը Զվարթնոցի ինքնուրույն ոճին նկատմամբ Անաստաս Ակոռեցին երբեք չէր կարող ունենալ. բացի այն, որ պատմական տեղեկությունները Անաստասի շատ սահմանափակ զարգացումը կապացուցանեն, այլև մոտակա շինությանց մեկ մասին մեջ, որուն կառուցումը Անաստասի ղեկավարությամբ կատարված լինելը հավանական է, կան այնպիսի բնորոշ մասեր, որոնք Ներսեսի ներկայության կամ անոր ղեկավարության ներքո երբեք չէին կարող շինվե այնպես, ինչպես որ կան այժմ:

Զվարթնոցի տաճարի պատուհաններու լայնության և բարձրության անհամեմատ խոշոր համաչափությունները լույսի և օդի մասին Ներսեսի ունեցած բացառիկ գիտակցության միայն կարելի է վերագրել. հայ եկեղեցական ճարտարապետության մեջ խոշոր ու լայն բացվածքներու պատուհաններու շրջանը հանդիսացող դարերուն մեջ կանգնված ոչ մի հիշատակարանի վրա չենք գտներ ոչ միայն Զվարթնոցի պատուհաններու լայնության և բարձրության հավասարող պատուհաններ, այլև բազմաթիվ պատուհաններու միջոցավ լույսով ողողված մի տաճարի ներսը։ Բացի պատուհաններու խոշորությունը և այլազան ձևերով անոնց բազմաթիվ լինելը, աստիճաններեն քիչ վերև հավասար բարձրությամբ և հավասար մակարդակի վրա շարված լինելը միայն Զվարթնոցի հատուկ ինքնուրույն բացառություն է, իսկ ասոր հակառակ, 5-14 դարերուն մեջ կանգնված բոլոր հիշատակարաններու վրա պատուհաններ, գրեթե առանց բացառության, ոչ միայն թվուվ սահմանափակ են, այլև դասավորված թե անհավասար բարձրության վրա և թե անհավասար չափերով՝ նույնիսկ միևնույն ճակատի վրա միևնույն ժամանակ անհամեմատ բարձր դրված հողի մակերևույթեն կամ աստիճաններեն վերև՝