Էջ:The Architecture, Tom 1.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըստ քմաց ճարտարապետի կամ ըստ ժամանակի ոգու պահանջման։ Համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը ոչ միայն Հայաստանի մեջ մի ընդհանուր պահանջ է եղած հայոց հին ճարտարապետության մեջ, այլև եկեղեցիներու պատուհաններու տեսակետով կարծեք, մի խորհրդավոր թիվ կար և հատուկ տեղ անոնց համար եկեղեցվո պատերուն վրա, որով գրեթե սկիզբեն մինչև վերջը տարօրինակ միօրինակություն մը կգտնենք անոնց տեղին և դիրքին նկատմամբ, հազվադեպ բացառությամբ։ Եկեղեցվո կառուցման ոճի և ճաշակի բոլոր կանոնավորություններու հակառակ, մերձակա կաթողիկոսական տան շինության մեջ Ներսեսի բացակայությունը միանգամայն զգալի է։ Այսօր մեզ հասած բավական բարձրությամբ պատերու վրա, պատուհաններու բնավ հետք չգտնվելեն զատ, ներսի կողմեն գետնադամբանի մը նման աղեղներով ու կամարներով խճողված են, բացառությամբ կաթողիկոսական մեծ դահլիճի և անոր հարավակողման մի քանի բաժանումներու, ամենայն հավանականությամբ պատուհաններ կամ շատ բարձրեն դրված էին և կամ տանիքեն լույս ստացած էին։ Ծանրատեսիլ, համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը, գլխավորաբար մասնավոր շենքերու՝ բնակարաններու, դամբարաններու և եկեղեցիներու հարակից շինություններու համար շատ սովորական երևույթ էր Հայաստանի մեջ, սակայն Ներսեսի անձամբ ծրագրած բուն եկեղեցվո շենքին համաչափություններն ու հարամասունքներու պատճաշ դասավորությունները գրեթե սովորական են Ներսեսի շրջած ու գործած արևմտյան և հարավային երկրներու ճարտարապետական ոճերուն, ինչպես հռոմեականը, բյուզանդականը և սիրիականը։ Եվ այս վերջինիս Զվարթնոցի վրա ներգործությունն ավելի զգալի է, քան ուրիշ արևմտյան ոճերը, հակառակ Ներսեսի վերագրված հունասիրության կամ բյուզանդական դաստիարակության։

Մովսես Կաղանկատուացու տված մի տեղեկությունը շատ բան կպարզե Զվարթնոցի շինության ղեկավարության և շենքի ավարտման ժամանակի մասին։

Կաղանկատուացին կպատմե, թե Ներսես «էր հայրագիր նորին Կոստանդնի եւ գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից ի քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր եւ ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յավէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն։ Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր՝ ի ճանապարհին վախճանէր» (Մ. Կաղ., էջ 255)։

Ներսես Կոստանդին կայսեր հայրագիր լինելուն և կամ անոր ծախքով եկեղեցին շինած լինելու մասին ինչ հայացք ալ որ ունենան քննադատներ, այնուամենայնիվ, Կոստանդնի Հայաստան գալու թվականի որոշությունը և անոր հետ կապված Կաղանկատուացու Զվարթնոցին վերաբերող հատվածը ոչ միայն հեռու է առասպել լինելե, այլև եկեղեցվո ավարտման ժամանակն ալ կճշտե։

Կայսեր՝ Դվինի կաթողիկոսարանի մեջ Ներսեսի հետ լինելու թվականը արդեն 652 լինելը ընդունված է: Զվարթնոցի հիմնարկության թվականը ընդունելով 643-են մինչև 652, ինը տարվան ժամանակամիջոց մը կա, որ լիովին բավական էր եկեղեցվո շինությունը ի կատար ածելու, և կասկած չի կարող լինել, որ Ներսես օգտվելով առիթեն, փութացուց օծման հանդեսը և եկեղեցվո շինության մեկենաս կայսրն ալ հրավիրեց հանդեսին։ Ուրեմն, այստեղ առասպել համարելու ոչինչ չկա, Մովսես Կաղանկատուացին չէ գրած, որ կայսրը Պոլսեն հրավիրվեցավ Հայաստան հատկապես եկեղեցվո օծման հանդեսին համար, այլ պարզ հրավերի մը վրա է խոսքը. ի՞նչ կասկած կարող է լինել, որ այդ հրավերը եղավ Դվինեն դեպի Վաղարշապատի առապարի նորակառույց եկեղեցին։ Եթե Կոստանդ կայսեր ծախքով շինվելը պիտի համարվի առասպել, այս ևս անտեղի է. առասպել համարելու հասար նախ պետք է հերքել Ներսեսի՝ Կոստանդ կայսեր հայրագիր լինելու փաստը. երբ այս մասին բացասական ոչ մի ապացույց չունենք, այն ժամանակ շատ բնական է, որ Կոստանդ չէր խնայեր իր հարուստ գանձարանեն նվիրաբերել իր հայրագրին բաղձանքին գոհացում տալու համար, այնպիսի մի ժամանակի մեջ, երբ արաբներու արշավանքով Հայաստան արյան ու կրակի մատնված, թալան ու կողոպուտներով նյութապես քայքայված, երբեք հնարավորություն չէր կարող տալ Ներսեսին իր հղացած հսկա ծրագիրը իրագործելու։ Եթե նախքան եկեղեցվո հիմնարկությունը կաթողիկոսական տան շինության ձեռնարկված լիներ, նույնիսկ եթե ընդունենք 645-48 առաձգական թվականը, մինչև կայսեր Հայաստան գալու 652 թվականը, անշուշտ ավարտված կլիներ կաթողիկոսական տան շինությունը. կաթողիկոսն ալ փոխադրված կլիներ այնտեղ ըստ յուր կանխակալ մտադրության, և կայսրն ալ կհյուրասիրվեր նորաշ են կաթողիկոսարանի մեջ։ Այս պարագան ալ ցույց կուտա, որ եկեղեցին ավարտված էր և պատրաստ օծման հանդեսին, սակայն բնակարաններ թերի մնացած, որ դարձյալ Ներսեսին պիտի վիճակվեր ավարտել կամավոր աքսորեն վերադարձեն հետո։ Իսկ եկեղեցին այնպիսի մանրամասն կատարելությամբ ավարտված պիտի լիներ, որ իրավամբ կայսեր հիացումը գրավեց և նա ստիպված եղավ ճարտարապետին միասին տանելու իր պալատական եկեղեցին ալ նույն ձևով շինելու համար բյուզանդական մայրաքաղաքին մեջ, եթե ոչ՝ ոչ կայսրը առիթ կունենար