Էջ:The Architecture, Tom 1.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիանալու, ճարտարապետին հրավիրելու միասին գնալու համար, և ոչ ալ կայսրը թույլ կուտար իրեն ծախքով սկսված այդ հոյակապ գործին վրայեն, դեռ անկատար վիճակի մեջ ճարտարապետին հեռացնել, եթե նույնիսկ Ներսես չընդդիմանար կայսեր այդ դժվար ին առաջարկին:

Մովսես Կաղանկատուացու տված տեղեկությունը իսկապես առասպել կլիներ, եթե եկեղեցվո ավարտումը Ներսեսի վերադարձեն հետո համարվելով, կայսեր 652 թվականին Հայաստան գալեն անկախ, խոսքը մի երկրորդ այցելության կամ Ներսեսի վերադարձեն հետո եղած հրավերի մը մասին լիներ, որովհետև Ներսես 659 թվականին էր, որ վերադարձավ Տայքեն և երկու տարի միայն հազիվ կյանք ունեցավ անկե հետո։ Ենթադրենք, թե Ներսես տյդ երկու տարուն մեջ ամբողջացուց թե՛ եկեղեցին, թե շրջակա շինություններ և կայսեր ալ հրավիրեց Հայաստան 659 և 661 թվականներու միջոցին։ Այդ ժամանակվան պատմական խոշոր անցքերը եթե ինկատի ունենանք, պիտի տեսնենք, որ այդ թվականներուն ոչ Ներսես կհամարձակեր կայսրը հրավիրելու և ոչ ալ կայսրը կուգար Ներսեսի նորաշեն եկեղեցին շնորհավորելու։

Ներսես Տայքեն վերադառնալեն հետո էր, որ բյուզանդական կայսրության Հայաստանի վրա ունենալիք պաշտպանությունեն հուսահատ, իշխաններու խորհրդով Հայաստանը դրավ արաբաց իշխանության տակ, որով Ներսեսի և կայսեր բարեկամական հարաբերությունը միանգամայն խղվեցավ։

Այդ թվականներուն կայսրը եթե կրկին անգամ Հայաստան գար, պատմական այդ խոշոր իրողությունը մեր պատմագրաց կողմանե անհիշատակ չմնալեն զատ, այդ գալուստը կլիներ, ավելի շուտ, իբրև ապստամբ երկիր Հայաստանը ջնջելու և Ներսեսին ալ պատժելու համար։ Գուցե տեղի ունենար կայսեր կողմանե այդպիսի մի տխրառիթ այցելություն առանց հրավերի սպասելու, ինչպես նախորդ անգամին, սակայն նույն ժամանակներուն թե բյուզանդական տրքունիքի մեջ տեղի ունեցող ներքին պառակտումները և թե արտաքուստ երկրին սպառնացող վտանգները միանգամայն մոռացուցին կայսեր հայն ու Հայաստանը։

Ուրեմն, մինչև այստեղ իմ կատարած հետազոտության հիման վրա եզրակացությունս այն է, որ Զվարթնոց եկեղեցին հիմնարկվեցավ 643 թվականեն ոչ ուշ, հավանորեն եկեղեցվո շենքը բավական առաջ գնալեն հետո, թերևս ավարտման մոտ՝ հիմնարկվեցան կաթողիկոսարանի հատուկ շինությունները: Անաստաս Ակոռեցին շարունակեց կաթողիկոսարանի շինությանը մեկ մասը, բացառությամբ մեծ դահլիճի և անոր հարակից բաժանումներու, 659 թվականին, Ներսես իր վերադարձեն հետո ամբողջացուց կաթողիկոսական բնակությանց հատուկ շենքերը և պարսպով պատեց եկեղեցին։

Արդյոք, Ներսեսի՝ Վաղարշապատի առապարին մեջ սկսած շինարարական գործը սահմանափակված էր եկեղեցիով ու կաթողիկոսարանով, թե ուրիշ շինարարական ավելի մեծ ընդարձակ ձեռնարկություններ ունեցավ, եթե ունեցավ, ի՞նչ աստիճան կարողացավ հառաջ տանել իր ծրագիրը։ Այս հարցերու կապակցությամբ հաստատական որևէ կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանալ Ներսեսի անձնական նկարագրին և բովանդակ կենսագրության վրա հիմնված պատմագրական մի քանի աղոտ, բայց բնորոշ ակնարկներու։ Այս մասին իմ անհատական կարծիքն է՝ թե նա հղացած էր մի մեծ և փառավոր ծրագիր, որ կոչված էր իր անվան մեծ փառքը և այսօր ալ մեր ժողովրդին պարծանքը լինելու, սակայն, դժբախտաբար, վաղաժամ մահը իր խանձարուրին մեջ խեղդեր է Ներսեսի բոլոր քաղաքակրթական և գեղարվեստական ծրագիրներու լիակատար իրագործման ջերմ ակնկալությունները։ Եթե այսպես չլիներ, նա չէր կարող Շինող պատվանունը ստանալ ժողովրդի կողմանե։ Զվարթնոցը և ուրիշ քանի մը մանր ու միջակ շինություններ բավական չէին զինքր այդ պատվանմամբ օժտելու, եթե ոչ միայն եկեղեցաշեն, այլև աշխարհաշեն հատկություններով օժտված չլիներ։


Ե
ՆԵՐՍԵՍ Գ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Զվարթնոցի նման աշխարհահռչակ կոթողը բավական չէ մանրամասնորեն ուսումնասիրել՝ առանց մոտեն ճանչնալու այդ կոթողը կանգնողի անձնական արժանիքն ու բարոյական առավելությունները։ Հայաստանում հազարավոր շենքեր կան կանգնված՝ սկսած 4-5-րդ դարերեն մինչև 14-15-րդ դարերը, սակայն Զվարթնոցը այդ բոլոր շինություններու մեջ գլուխգործոց է և հայ ճարտարապետության ոսկեդարու կնիքն է 7-րդ դարուն մեջ։ Զվարթնոցի այսօրվան քարուքանդ և մամռապատ բեկորների վերածված ավերակները, այդ կոթողի կանգնման օրից 13 դար անցնելուց հետո, այսօր ոչ միայն հիացում կպատճառեն տեսնողներուն, այլև հարգանքի ու ակնածանքի զգացումով կլեցնեն գեղարվեստական աշխարհը հանդեպ այդ սքանչելի կոթողը կանգնողի հիշատակին։ Այս մեծ մարդը ճանչնալու միակ աղբյուր պետք է լինեն մեր հայ պատմագիրներ, սակայն, դժբախտաբար, պատմագիրներ, որչափ որ դարուց ի դարս խոսում են անոր մեծագործության մասին և լիաբերան ներբողում են բանաստեղծական նկարագրություններով, այնուամենայնիվ վերին աստիճան ժլատ սակավախոս են կանգնողի անձի և արժանիքների մասին: Անշուշտ, առանց պատճառի չէ այս երևույթը, և պատճառը մաասմը պարզվում է կղերական մատենագիրների ակնարկներից։ Հավիտենական դատապարտության տակ է դրվում այդ մեծ մարդը, որ մի հանցանք է գործել հանդեպ եկեղեցական օրինաց, այն է՝ բյուզանդական կայսեր ներկայությամբ հունածես պատարագ մատուցանել թույլ տվել է Դվնա եկեղեցու մեջ և ինքն ալ հունածես հաղորդություն է առել իր