Էջ:The Architecture, Tom 1.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցականներով։ Աններելի և անքավելի է համարված այս մեծ մեղքը հայ կղերի աչքում և անեծքով կնքել են անոր հիշատակը, անոր գերեզմանին հետ անգամ չեն ուզում հաշտվել նույնիսկ մեր օրերի կղերականներ։ Դեռ այսօր իսկ մեր բարձրագույն կրթություն ստացած, աստվածաբանական և փիլիսոփայական վկայականներով զարդարված եկեղեցականներից ոչ ոք հետաքրքրված չէ այս մարդու կյանքով և քննած չէ այն զորեղ պատճառները, որոնց առջև խոնարհվեց այդ մարդը՝ կայսեր ներկայության հունածես հաղորդվելու։

Մեր օրերի փիլիսոփա վարդապետների համար ևս արժեք չունի այն փաստը, որ մի հունածես հաղորդություն առնելով՝ այդ միջոցին փրկեց բովանդակ հայ ժողովրդին ֆիզիկական գոյությունը և ազատեց սրակոտոր լինելե՝ արտակարգ կատաղությամբ և վրեժխնդրությունով լեցված, մեծ բանակով Հայաստան եկող կայսեր ձեռքեն, միևնույն է մեր կղերին համար՝ թող կոտորվի ժողովուրդը, սակայն անեղծ և անսասան մնան իրենց օրենքները, միշտ հլու հպատակ պետք է լինի ժողովուրդը իրեն հոգվույն և խղճին վրա ծանրացող հայ կղերին և եկեղեցիին։ Ո՞վ էր այս մեծ մարդը, Զվարթնոցի նման աննման մեծագործությունը կանգնողը, հայկական հորիզոնին վրա հազվադեպ երևցող և ընդմիշա գիսավոր աստղի նման շողշողացող Ներսես Գ. Տայեցին. նա ոչ միայն փայլեց իր ժամանակին, փայլում է այժմ, պիտի փայլե հավիտյան՝ իր մեծ տաղանդով և շինարարություններով, որոնց չքնաղ նմուշն է գեղարվեստի պատմության մեջ անմահացած Զվարթնոց եկեղեցին։ Կղերական պատմագրության մեջ միակ օրինակը չէ Ներսեսը, որուն՝ կրոնի հանդեպ գործած մի աննշան մեղքի համար, օրինակ՝ ապերախտությամբ հավիտենական դատապարտության տակ դրված է։ Բագրատունի Գագիկ Ա. թագավորը երեսուն տարի անընդհատ թագավորել է, և ոչ միայն երկար խաղաղության մեջ պահել, հայրական խնամքով պահպանել է ժողովուրդին լիության և առատության մեջ, այլև իր մեծ դիվանագիտությամբ ազատ պահել է Հայաստանը օտար թշնամիների արշավանքներեն։ Բայց որովհետև Գագիկ մի մեղք գործած է եղել հանդեպ եկեղեցական օրինաց, Ստեփաննոս Ասողիկ վարդապետ պատմագիրը այս մեծ և արժանահիշատակ թագավորի պատմությունը գրելիս՝ թռուցիկ կերպով, ակամա, մի քանի բառ գրելուց հետո, և խոստովանելով հանդերձ, թե՝ «ոչ ոք էր որ զարհուրեցուցանէր զՀայաստանեայս մինչև ցօր գրելոյ իմոյ դրան յիշատակիս այսորիկ», գրիչը չի կարողանում հառաջ շարժել և խորը հառաչելով գրում է, թե՝ «աւա՜ղ միում չարին որ արգել զբան գովեստի պատմութեան իմոյ» (Ս. Ասողիկ, էջ 256)։ Սակայն ժամանակը հրաշքներ է գործում՝ երբեմն աստվածացած բռնակալ կուռքերի վիթխարի արձաններ գիտակցության հասած ժողովուրդի վրեժխնդրական հարվածների տակ փշրվում թափվում են և նրանց բեկորների վրա կանգնում են համամարդկային ճակատագիրն իրենց գերագույն զոհաբերությամբ բարվոքողների բարձրության պատվանդանը։

Ես հավատում եմ, որ 13 դար կղերեն անարգվելով և անկե իր իսկական արժանիքը քողարկված ու համբավը նսեմացած Ներսեսը պետք է բարձրանա մարդկության բարերարների բարձր պատվանդանին վրա։ Ուստի, սկսենք այժմ այս մեծ մարդու կենսագրությունը և իմ անձնական տեսություններս, որչափ որ հնարավորություն կուտան հայ մատենագրական ողորմելի և հատուկտոր տեղեկությունները։

Ներսեսը բնիկ Հայաստանի Տայք գավառի Իշխան գյուղացի էր, պատմագրության մեջ տոհմական ծագումը անհայտ է, սակայն պարզ է, որ ազնվական ընտանիքի ծագում ուներ, թերևս իրեն ազնվական ծագման պատճառով էր, որ ի մանկութենե ապրեց Բյուզանդիոնում, ստացավ զինվորական բարձր աստիճան և այնքան մեծ համակրանք գտավ կայսերական տան մեջ, որ հայրագիր եղավ Կոստանդին կայսեր, և Հայաստան վերադառնալով՝ կուսակրոն դարձավ։ Անտարակույս, եկեղեցականության մեջ ևս այնքան մեծ վարչական և քաղաքագիտական արժանիք ցույց տվավ, որ Եզր կաթողիկոսի մահվանեն հետո, հայ իշխանների ձեռքով կաթողիկոս հռչակվեց 641 թվականին։

Արաբների արշավանքի պատճառով Հայաստանը, մանավանդ Դվինը, քար ու քանդ եղած, 35000 մարդ գերի տարված և Հայաստանի դաշտերը դիակներով ծածկված էր, երբ Ներսես Գ. կաթողիկոս եղավ։

Նախապես նա զբաղվեց դիակներ հավաքելով և թաղելով. նահատակների թաղման տեղերի վրա վկայարաններ կանգնելուց հետո արդեն կարգը եկած էր ընդհանուր շինարարության։ Տարակույս չկա, որ արաբական արշավանքի պատճառով Դվինը չափազանց ավերվելուց հետո, նույնիսկ ավերված էր կաթողիկոսական բնակարանը։ Կաթողիկոսի անձնական բնակարան չունենալը և Դվինի միանգամայն ավերված ու քայքայված լինելը թերևս Ներսեսին առիթ եղավ իր