Էջ:The Architecture, Tom 1.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձորի անունն է Ճլվստիկ). մի փոքր եկեղեցիի ավերակին մեջ տեսել եմ միայն № 12 և № 20 նշանները թե պատի և թե քանդված քարերի վրա։ Այստեղ անպայման գտնվում են ուրիշ նշաններ ևս, սակայն շենքը այնպես քարուքանդ եղած և քարերը միմյանց վրա թափված են, որ անհնար է գտնել ուրիշ նշաններ՝ առանց հատկապես խուզարկություն և պեղումներ կատարելու։

Հայաստանի մեջ, 7-րդ դարուց հետո, գրեթե անհնար է գտնել շենքեր, որոնք պատկանին 8-րդ և 9-րդ դարերին. այս երկու դարերին մեջ շինարարական աշխատանք կատարված ամենևին չի երևիր, եթե մեկ-երկու հատ էլ գտնվեն բովանդակ Հայաստանի մեջ, պետք է որ խիստ հազվադեպ բացառություն համարվի։ 10-րդ դարի կեսից հետո է, որ, շինարարական այդ երկու դար անկումից հետո, սկսում են նորանոր շենքեր կառուցվել Հայաստանի մեջ՝ բոլորովին նոր վերածնությամբ և այս շինարարական թափը տևում է մինչև 14-րդ և 15-րդ դարերը։

Ահա այս նոր վերածնության շրջանին մեջ կառուցված շենքերի մեջ ևս տեսնվում են պատերի վրա քարտաշ վարպետների նշաններ՝ գրեթե բոլորովին տարբեր ձևի նշաններով։ Հազիվ կան 2-3 նշաններ, որոնք 7-րդ դարու նշանները հիշեցնեն։ Ուստի, հայտնի երևում է, որ վարպետների կողմից քարերի վրա նշաններ դնելու սովորությունը պահվել է մինչև 15-րդ դար։ Այս վերջին վերածնության հատուկ նշաններ բազմաթիվ են Անիի և Շիրակի հնությունների մեջ. նաև ժամանակակից այլ շինությունների վրա, որոնք կառուցված են Արագածի լանջերին և Երասխաձորի մեջ։ Բայց այս մասին հանգամանորեն կանդրադառնամ ուրիշ անգամ։

* * *

Սույն[1] նշաններու մասին գուցե անտեղի էր այսքան մանրամասն քննությունը և նկարագրությունը, սակայն Խ. Ծ. Վ. հինգթևյան (2-րդ նշան) աստղերու եբրայական խորհրդանշան կարծելու թյուրիմացությունը և այդ մասին որոշ մարդկանց մեջ գոյացած համոզման թյուր լինելն ավելի գործնական կերպով հերքած լինելու համար, հարկ սեպեցի մանրամասն արձանագրելու։

2. ա) Չորս արծվախոյակ սյուներու հանդիպակաց մեծ մույթերու կիսաբոլորակ խորշերուն վրա։

բ) Հարավ-արևմտյան կողմը արևմտյան դռնեն դեպի հարավ-արևմուտք ձգվող պատի ներսի 4-րդ և 5-րդ որմասյուներու մեջտեղ՝ ստորին շարքի քարի վրա:

ԾԱՆ.− Ինչպես մույթերու վրայի կիսաբոլորակ խորշի քարերը, նույնպես և տաճարին արտաքին պատի ներսի երեսի քարերն ալ գոգավոր տաշված են։ Անշուշտ՝ այս նշանը դնող վարպետը հատկապես մասնագետ էր քարը գոգավոր տաշելու մեջ, ինչպես կվկայեն այժմ մնացորդները, որոնք վերին աստիճանի խնամքով և ճշտությամբ տաշված ու շարված են։

գ) Արևելյան կողմն արտաքին պատին ներսի երեսին վրա 7-րդ, 8-րդ որմասյուներու մեջտեղ՝ ստորին շարքի քարերուն վրա։

դ) Տաճարի արևմտյան դռան հանդեպ՝ նեղ անցքի մեջ (որը կառաջնորդե դեպի արևմտյան դուռը) դրված գոգավոր տաշված մի քանի քարերու վրա։

3. Տաճարի արևմտյան կողմը դրսեն դեպի արևմտյան դուռն առաջնորդող նեղ անցքի պատերին, դրված քարերեն մեկուն վրա։

4. ա) Ավագ խորանի կիսաբոլորակի գետնափորի մասի կիսաբոլորակ պատի վերևի շարքի չորս զանազան քարերու վրա:

բ) Հարավ-արևմտյան գմբեթակիր մեծ մույթի արևմտյան ճակատը corniche-ով խարիսխի վրա։

5. Հարավ-արևելյան գմբեթակիր մեծ մույթի հյուսիսային կողմի ճակատի խարիսխի corniche-են ցած երկու մեծ քարերու վրա։

6. ա) Արտաքին մեծ բոլորակի արևելյան պատի ներսի երեսը քառակուսի մասը մտնելու դեպի հյուսիսային կողմը բացված դռան բարավորի ներքևի քարին վրա։

բ) Հյուսիս-արևելյան գմբեթակիր մեծ մույթի վրա արծվախոյակ սյունի հանդիպակաց կիսաբոլորակ խորշի մեջ։

գ) Հին եկեղեցվո abside-ի դրսի կողմը հյուսիսային ճակատին մի քարի վրա՝ երկրորդ շարքի մեջ։

7. Ավագ խորանի հյուսիս-արևելյան մույթի մոտեն դեպի գետնափոր իջնելու սանդուխին մոտ, մույթի անկյունաքարի վրա։

8. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի վրա, ստորին շարքերու մեջ՝ չորս զանազան քարերու վրա։

9. Ավագ խորանի գետնահարկի կիսաբոլորակ պատի շարքերու մեջ՝ վեց զանազան քարերու վրա։

ԾԱՆ.− Երբեմն այս նշանին ընկերացած են միևնույն քարի վրա 14-15 նշանները։

10. Ավագ խորանի գետնահարկի կիսաբոլորակ պատի ներքևի շարքին մեջ՝ մեկ օրինակ։

11. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երեք զանազան քարերու վրա։

12. Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ երկու զանազան քարերու վրա։

13. ա) Ավագ խորանի գետնափոր մասի կիսաբոլորակ պատի շարքերուն մեջ՝ քսաներկու քարերու վրա։

բ) Հյուսիսային կողմի արտաքին աստիճաններու ստորին շարքին վրա։

  1. Այս ցուցակը տպագրում ենք հեղինակի սևագիր օրինակից, որի մեջ ցույց չեն տրված №№ 1, 20, 24-28 նշանների գտնված տեղերը: ԿԱԶՄՈՂ