Էջ:The Architecture, Tom 1.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմությունը կողողեր Հնդկաստանեն բերված ութը բյուր արժողությամբ բյուրեղյա ջահը։

Նմանապես չէ կարելի ընդունել, որ այդ գտնված մոմակալը, կանթեղը, բուրվառը Գագիկի ժամանակ գոյություն ունեցող և անոր ճաշակով ընտրված անոթներն ըլլան, մինչ յուր թագուհին, յուր սեփական եկեղեցին «զարդարեաց ի զարդ ծիրանեծաղիկ ոսկեթել նկարագործ անկուածոց, արծաթեղեն և ոսկեղեն անօթոց վայելչութեամբ որովք ջահանայր ըստ երկնային կամարին կաթողիկէն սուրբ»:

Անտարակույս, Ալփասլանի հարձակման ժամանակ, ս. Գրիգորը թեև վտանգված, բայց կանգուն էր, հետևաբար, ինչպես կաթուղիկեն, նույնպես ս. Գրիգորը իբր արքունի եկեղեցի, թալանողներու վայրագ ախորժակը պիտի գրգռեր և պիտի կողոպտեին մինչև հետին սպասը։ Գուցե, իբր ավելի գերազանց շինություն փոխանակ կաթուղիկեին՝ մահմեդական մահիկը ս. Գրիգորի սիգապանծ գագաթին վրա փայլեր, եթե վտանգված և կարկատաններով տգեղացած չըլլար:

Ալփասլանի զարհուրելի ավերածեն հետո, շատ երկար տարիներ պետք էր, որ Անիի ժողովուրդը վերստին կազդուրվելով՝ մտածեր այդ արքայական մեծ հիշատակարանն իր նախկին պայծառության մեջ դնել, սակայն մինչև այն ատեն կործանման վտանգն այնքան անխուսափելի դարձած էր, որ Գագիկի հիշատակին նախանձախնդիր սերունդը անոր սիրած տաճարին մեջ խունկի ու աղոթի քաղցր բույրը մշտավառ պահելու բարեպաշտ զգացումով, շատ համեստ սպասներով զարդարած իբրև մատուռ շարունակեր են պաշտամունքը մինչև վերջին փլուզման օրը։ Ահա այդ անշուք ժամանակի անոթներն էին, որ վերջին կործանումը թաղեր էր բեկորներու տակ և մեր ձեռքը հասան։ Մինչև կործանումը պաշտանմունքը շարունակված ըլլալուն միակ ապացույց կարելի է համարել մոմակալը, որուն վրա տակավին կմնար վառված մեղրամոմն իր պատրույգի ածխացած ծայրով։

Ե՞րբ և ի՞նչպես կործանվեր է իր բարձրաբերձ կրկնակ գմբեթով, կանգնողի անվան արժանի հպարտությամբ, Անիի բոլոր եկեղեցիներու վրա իշխող այս անզուգական տաճարը։ Այդ մասին պատմությունը ոչինչ չէ ավանդած. միայն պեղումները բավականին լույս սփռեցին անոր փլչելու պատճառներուն և մասամբ ալ ժամանակին վրա։

Դեռ պեղումներ չկատարված, Ասողիկի միջոցավ գիտեինք Էջմիածնի մոտ Զվարթնոց եկեղեցիեն «նույնաձև չափով» ընդօրինակված գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցիի մը գոյությունը «ի կուսէ Ծաղկոցաձոր ձորոյն» — և Զվարթնոցի ուսումնասիրությամբ ծանոթացած էինք անոր հսկա և հանդուգն կազմվածքին, որն որ մշտատև անլուծելի վեճերու առիթ տվավ։

Զվարթնոցի գեղարվեստական չքնաղատեսիլ բեկորներով խառնված քաոսային վիճակը, միացած Շինողի պատմական մեծ անվան հետ, ենթադրություններով ու վճիռներով ծանրաբեռնված գիտնականներու ու մասնագետներու հեղեղ մը ստեղծեր էր իր շուրջը, առանց սակայն իրական եզրակացության մը հանգելու։

1905 թվականի հունիսի սկզբին, պրոֆ. Մառը ձեռնարկեց այդ կռվածաղիկ եկեղեցիին ընդօրինակության պեղման, դերջ դնելու համար անհամության հասնող բանակռիվներուն և ըստ քմաց վարդապետություններուն, հուսալով, անշուշտ, որ Անիի մեջ կգտնե ավելի կանգուն և բնորոշ մասեր, հետևցնելով զայն ծածկող բլուրին լեռնանման զանգվածեն։

Հարգելի գիտնականը չէր սխալած. քանի մը տեսակ հաջողությամբ պսակվեցավ յուր չարատանջ աշխատությունը, որ տևեց ամբողջ երկու ամառ։ Նախ՝ հաստատեց Ասողիկի վավերականությունը, կետ առ կետ ճշտությամբ գտնելով անոր նկարագրության համապատասխան։ Հավաքեց սպասվածեն շատ ավելի պատմական և գեղարվեստական նրբություններ և գտավ համեմատաբար ավելի կանգուն՝ քան Զվարթնոցը, կազմությունը ճշտող բազմաթիվ բեկորներով հանդերձ:

Պրոֆ. Մառը լիովին հասավ յուր նպատակին.