Էջ:The Architecture, Tom 1.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս նորոգությունը թեև եկեղեցիի փառավոր տեսքը նսեմացուցեր էր, որովհետև նոր շինված հաստ սյուները մտից դռներու դիմաց գալով, անոնց մուտքը մասամբ խափաներ էին, այս պատճառով ալ արևմտյան և հյուսիսային դռներն իսպառ փակեր են, բայց, հավանաբար, երկար ժամանակ ալ վտանգին դիմադրել էր, առանց սակայն ընդմիշտ ասլահովելու։

Կատարված քննություներեն պարզ կերևա, որ մի անգամեն չէր փլված ամբողջ եկեղեցին։ Նախապես ընկեր են արևմտյան կողմի ստորին մասերը՝ առանց կործանելու ամենեն վրայի փոքր գմբեթը, որն որ բնականաբար, հանգչած ըլլալով չորս մեծ սյուներու կամարներու վրա, ավելի ապահով դիրք ուներ․ ասկեց հետո ինչ մասնակի փլչումներ եղեր են, հայտնի չէ, միայն թե պարզ է, որ մինչև վերջին կործանումը վերի փոքր գմբեթը միշտ կանգուն էր։

Արևմտյան մասի կործանման վտանգը շատցած ժամանակ և կամ կործանելեն հետո հյուսիս-արևմտյան սյունեն սկսյալ մինչև սեղանին հարավային անկյունը ձգված պատով մը տաճարը երկու մասի բաժներ են և արևելյան գոնե ժամանակավորասլես ապահով մասին մեջ ժամերգությունը շարունակեր են, մինչև որ վերջնականապես երկրաշարժով մը բոլորովին գետնին հավասարեր է տաճարը։

Երկրաշարժով կործանված ըլլալը հավանական կսեպեմ անոր համար, որ արարողությունը չէր դադարած․ եթե բնական ըեթացքով հետզհետե կործանվելու մոտենար, այն ատեն բնականաբար մեջը պիտի չգտնվեին պեղումներե գտնված անոթները, անոնք ալ վաղուց վերցված պիտի ըլլային։ Նույնպես անսպասելի վտանգին զոհերն էին այն մարդիկը, որոնց ոսկորները ջարդուփշուր եղած գտնվեցան նախկին փլատակներու և նոր բեկորներու մեջտեղը։

Գագիկի եկեղեցիին կործանումը պատճառ եղեր է ուրիշ ոչ նվազ թվով կարևոր շինություններու հիմնահատակ ըլլալուն, որոնցմով շրջապատված էր։ Մասնավորապես ուշադրության արժանի է հյուսիս֊արևմտյան կողմը գտնվող մեծ շինության մը մնացորդը, որուն հասարակական կամ ազգային մեծ շինություն մը ըլլալուն ոչ մի տարակույս չկա։

Եկեղեցիեն ընկած ահագին բեկոր մը ջախջախեր է մտից դռան մոտ գտնվող սենյակը, մտից դուռն ալ միասին կործանելով։ Այս այն մտից դուռն է, որ իր քանդակազարդ աստղաձև մոզայիկներով ոչ միայն Անիի ճարտարապետական գոհարն էր, այլև հիմա ալ մեր թանգարանի գլխավոր հարստություններեն մեկն է իր բազմատեսակ մնացորդներով։ Մոտավորասլես չորս հարյուր աստղ կզարդարեր դռան ճակատը, անոնց ամենն ալ առանձին տեսակ քանդակված։ Աստղերեն մեկուն վեց ծայրերուն վրա գրված էր վեց բարձրաքանդակ տառերով Սարգիս անունը, որ կամ սեփականատերն էր և կամ անոր բնակության հատկացած։ Ո՞ր Սարգիսը կարող էր ըլլալ արքայաշեն եկեղեցիին կից այսպիսի շքեղ ապարանքի մը մեջ բնակվող— Գագիկի ժամանակակից և անոր սիրելին Սարգիս կաթողիկոսը, թե՞ վերջը Անիի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը, և կամ մի ուրիշ Սարգիս— ապագան թող լուծե այդ հարցը։

Առանց պեղման, այժմեն իսկ հայտնի է այդ շինության ներքին բաժանումներուն արտակարգ հարստությունը՝ սյուներով, քանդակներով և զարդարուն դռներով։ Արտաքին նախագավիթին վրա բացվող դռնեն դուրս կգա ընդարձակ սրահ մը, որուն վրա կբացվի երկու քանդակազարդ բարավորներով շրջանակված դռներ՝ մեկը արևելյան կողմի վրա, մյուսը հյուսիսային, արևելյան կողմի դուռը կտանի չափավոր մեծությամբ սենյակ մը, իսկ հյուսիսային կողմի դռնեն կմտնվի մեծ դահլիճի մը մեջ, ուր տակավին հողեն դուրս կերևա ոլորուն ձևով քանդակված զույգ որմնասյուներու շարք մը, ուրկից կհետևի, թե այս դահլիճը եղած է սյունազարդ, կամարակապ և, թերևս, գմբեթավոր։ Այս դահլիճին կից կա մի ուրիշ մեծ սրահ, հյուսիսային կողմեն, որուն պատերը դեռ կիսով չափ կանգուն են։ Ուրիշ բազմաթիվ բաժանումներու պատեր թեև հայտնի կերևին հողին վրայեն, բայց անոնց մասին առայժմ ոչինչ չէ կարելի ըսել, միայն թե այս մեծ շինությունը երկու կողմեն շրջապատված է եղեր հասարակաց ճանապարհով, հյուսիսեն և արևմուտքեն Գագիկի եկեղեցին կբռներ արևելա-հարավը, իսկ ուղղակի հարավը հայտնի չէ․ արևմտյան կողմը կա ընդարձակ շրջափակ մը, որ, հավանական է, պարտեզ կամ ծաղկանոց է եղեր։

Պրոֆ. Մառը շատ է հետաքրքրված այս ավերակով և կփափագեր ամբողջությամբ փորել, բայց միջոցները այնքան համեստ էին, որ նա չհամարձակեցավ արտաքին դռնեն ներս բրիչի հարված մը իսկ տալու։ Գուցե դեռ չէ հանած իր ապագայի ծրագրի մեջեն այս ավերակի պեղումը, ինչպես Առաքելոց եկեղեցիի արևելյան կողմի ապարանքներուն մնացորդները, եթե հաջողվի իրեն ունենալ այնքան միջոց, որ այս տարվան սկսած Բագրատունյաց արքունիքի պեղումները ամբողջացնելե հետո, կարենա այս կարևոր տեղերու պեղման ալ բաժին հատկացնել[1]։

  1. Թորամանյանը թեև չի ընդունում, որ գագկաշեն տաճարի ճարտարապետը եղել է Տրդատը, բայց անգամ ուղղակի հիշատակություն ունենք այդ մասին։ Ասողիկի Պատմության մի ձեռագրում (Կենտրոնական Ձեռագրատուն-Մատենադարանի հին ժողովածուի № 2865, թերթը՝ 236բ-237ա, գրված 1567 թվին) Գագիկի տաճարի կառուցման վերաբերող հատվածի վերնագիրն այսպես է, «Յաղագս շինելոյ արքային Գագկայ ի քաղաքն Անւոյ զեկեղեցին անուամբ սրբոյն Գրիգորի, Տրդատ վարդպետ եկեղեցոյն»։ Տպագրի և այլ ձեռագրերի մեջ վերջին երեք բառերը չկան։ Կարծում ենք, որ Տրդատի անունը ձեռագիրն արտագրողը չի ավելացրել, որովհետև դա մի կեղծիք կլիներ, որի նմանները նա արած պիտի լիներ նաև ձեռագրի այլ մասերում, որ չկա։ Ըեդհակառակը, հավանական է, որ այդ անունը Ասողիկի Պատմության հին օրինակներն ունեցել են, բայց հետագայում ավելորդ համարվելով հանվել է, որովհետև Հայաստանում սովորություն է եղել հիշատակելու ոչ թե կառուցող ճարտարապետին, այլ կառուցել տվող իշխանին և թագավորին։ Ասողիկի Պատմությունից գիտենք, որ Գագիկի օրով Զվարթնոցը, որի օրինակով և չափերով կառուցելու էր իր տաճարը, հիմնապես «փլեալ և կործանեալ» էր, հետևապես ընդօրինակող ճարտարապետը պետք է, ուսումնասիրող գիտնականի նման, նախ վերակազմեր Զվարթնոցի կազմության մանրամասնությունները և այնուհետև նրա օրինակով կառուցեր նոր եկեղեցին։ Ո՞վ կարող էր 10-րդ դարում կատարել այդ միանգամայն դժվարին աշխատանքը, եթե ոչ ժամանակի հռչակավոր ճարտարապետ Տրդատը։ Նա 10-րդ դարի վերջերին Զվարթնոցի նկատմամբ կատարած է եղել այն աշխատանքը, ինչ 20-րդ դարում կատարեց Թորամանյանը։ ԿԱԶՄՈՂ