Էջ:The Architecture, Tom 1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջուր մատակարարելու համար օգտվել են շենքի արևելյան կողմի մի ձորից, որը գարնան ժամանակ հեղեղում էր, իսկ ամռանը միանգամայն չոր էր. ուստի շենքի արևելյան կողմում մի հարմար տեղի վրա հեղեղի առջևը փակել են և մոտավորապես երկու մետր խորություն ունեցող արհեստական լիճ են պատրաստել ամռանը անասնոց ջուր մատակարարելու համար:

4. Ավան

Երևանի հյուսիս-արևելյան կողմը, Կոտայքի շրջանում, Կրխբուլախ գետակի եզերքին կգտնվի Ավան գյուղը, որ 6-րդ դարում մի քաղաքավան էր և Հայաստանը հունաց ու պարսից մեջ բաժանվելուց հետո՝ հունաց բաժնին մեջ ընկավ Ավան քաղաքավանը, ուր հակաթոռ կաթողիկոս նստավ Հովհան Սյունական։

Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որովհետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածնի, ուստի իր շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբր կաթողիկոսական լուսավորչական ձև (հատակագիծը տես նկ. 66)։

Ավանը հինգ գմբեթանի եկեղեցի է և հատակագծով շատ նման է Էջմիածնի հին կաթուղիկեին, որ հետո, 7-րդ դարում ևս մի քանի եկեղեցիներ նույն ձևով շինվեցին իրրև լուսավորչավանդ ձև։ Բացի կենտրոնական գմբեթից՝ շենքը ուներ նաև չորս փոքր գմբեթներ՝ չորս անկյունների վրա, ինչպես էր վաղեմի Էջմիածինը, ինչպես նաև Անիի մեջ միևնույն ձևով շինվեցավ Պահլավունիների Առաքելոց եկեղեցին, որովհետև Պահլավունիները ինքզինքնին համարում էին Լուսավորչի սերունդ և Լուսավորչի ավանդած ձևը պահում էին իրենց կանգնած եկեղեցիների համար։

Բացի ներքին խաչաձևությունից և չորս անկյունների վրա գմբեթավորված չորս սենյակներից, ճարտարապետական