Էջ:The Architecture, Tom 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. «Թւ. ՈՁԳ. Շնորհիւն Քրիստոսի ես Զմրուխտ խաթունս աղախին Քրիստոսի... ետու ի սուրբ ուխտս ի վանքս Հոռոմոսի ի սուրբ Յօվաննէս ակն մին ջաղաց»։

Այս արձանագրության մեջ, թյուրիմացության տեղիք չտալու համար, մասնավորապես կշեշտե ս. Հովհաննեսի անունը Հոռոմոսի վանքերու մեջ, և միմիայն ս. Հովհաննեսի սպասավորներուն պարտք կդնե պատարագել։

8. «Ի թ. ՈՂԹ. Կամաւն Աստուծոյ ես Աւէտիս վարդապետ... միաբանեցայ սուրբ ուխտիս Հոռոմոսի վանաց ս. Յովանիսի...»։

Այս ալ նախընթացին պես կորոշե, որ Հոռոմոսի վանքերեն միայն ս. Հովհաննեսին միաբանած է։

9. «ՈՀԸ. Շնորհիւն Քրիստոսի ես Վաչէ որդի Սարգսի և ամուսին իմ Մամախաթուն դուստր Ապուսերհին շինեցաք զնշխարատունս ի վանքս Հոռոմոսի... եւ փոխարկէն հատուցին մեզ միաբանքս յամէն ամի յամենայն եկեղեցիքս ի նոր կիւրակէին պատարագել Զքրիստոս...»:

Այս զոհաբերությունն ալ եղած է ընդհանուր վանական հաստատության անունով, որուն համար բոլոր եկեղեցիները հանձն են առել ամեն տարի պատարագել նվիրատվի հիշատակին։

Վերջապես դեռ կան ուրիշ արձանագրություններ ալ, որոնց մեջ ոչ Հոռոմոսն է հիշված և ոչ ալ ս. Հովհաննեսը, սակայն բովանդակությունեն հայտնի է, որ նվերը տրված է ընդհանուր ուխտին անունով:

Մինչև ամենավերջին արձանագրությունը, որ կհասնի 1336 թվականը, բոլոր արձանագրություններոն մեջ որոշ է եկեղեցիներուն հավաքաբար Հոռոմոսի վանքեր անվանվիլը ամենանախնական հիմնարկության հիշատակով, և յուրաքանչյուր հետնագույն շինության առանձին անվան անշփոթ գործածվիլը։ Այս 1336 թվականեն հետո 349 տարի վանքին վիճակը անստույգ է, եթե բոլորովին ամայացած չէր, գոնե անտերունչ վիճակի մատնված էր մինչև 1685 թվականը, երբ Դանիել վարդապետ նորոգեր և վերստին շենցուցեր է։ Ահա այս 349 տարի անտերության մեջ մոռացվեր և շփոթվեր է ս. Հովհաննեսի սեփական անունը Հոռոմոսի անվան հետ. այդ պատճառով ալ Դանիել վարդապետ նորոգելով միմիայն ս. Հովհաննեսի տաճարը և շրջակա բնակարանները, պարզապես անվաներ է զայն Մեծասքանչ Հոռոմոսի վանք, և այդ շփոթությունը շարունակված է մինչև այսօր։

Ս. Գևորգ եկեղեցիի վրա կա ընդամենը չորս արձանագրություն, որոնց առաջինը կվերաբերի շինողին՝ Գագիկ Ա-ին, եկեղեցին պարզապես անվանված է ս. Գևորգ։ Երկրորդ արձանագրությունը Հովհաննես Սմբատ թագավորինն է, որը, ս. Հովհաննես եկեղեցին շինելեն երկու տարի առաջ, մի գյուղ նվիրեր է Հոռոմոսի վանքերուն, և այդ ժամանակ որովհետև երկու եկեղեցի միայն կար՝ ս. Գևորգն ու կարձեցյալ ս. Մինասը, ապա կշեշտե արձանագրության մեջ, թե արձանագրած է ս. Գևորգի վրա, ոչ թե Հոռոմոսի։ Ահավասիկ արձանագրության կարևոր մասրը:

«ՆՁԵ Թու. Հ. Ես Սմպատ Շահանշահ որդի Գագկա ետու զիմ գեղս զՍահառունիս ի մեր հանգստարանս թագաւորաց ի տիեզերահռչակ վանս Հոռոմոսի... եւ դրեցի ի սուրգ Գորգ...»[1]:

  1. Արձանագրությունը փորագրողին կողմանե եղած տառասխալ է Գորգ գրվիլը. է տառը մոռացված է. շարունակության մեջ մի ուրիշ տեղ ամբողջությամբ գրված է Գևորգ: