Էջ:The Architecture, Tom 1.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բլուրի վրա են շիներ և ոչ բարձրավանդակի վրա, պատճառը պարզ կերևա մեջ բերած 3-րդ արձանագրության ամբողջական բովանդակութենեն։ Ջրի կարիքն ստիպեր է հիմնադրին՝ տեղ ընտրել գետի եզերքին. որովհետև այն ժամանակ վերը, բարձրավանդակի վրա, ջուր չի եղեր, հետևաբար շատ դժվար էր տարվա ամեն եղանակի ձորեն ջուր մատակարարել։

Բագրատունի թագավորներ, հավանաբար վանքը արքայական դամբարանի վերածելու մտադրված օրերեն, շատ են աշխատեր բարձրավանդակին վրա ջուր բերել և այնտեղ շենցնել. սակայն չեն հաջողեր: Ըստ երևույթին Հովհաննես թագավորը ավելի է հույս ունեցեր հաջողելու, այդ պատճառով ալ իր եկեղեցին հիմնադրեր է բարձրավանդակի վրա, թեև անոր ալ ջանքերը դարձյալ ապարդյուն են անցեր։

Առաջին անգամ ջուրը բերվեր է հայր Մխիթարի ջանքերով 1198 թվականին, որն իր արձանագրության մեջ կըսե, թե՝ «Զականց ջուրն զոր մեր հին թագաւորացն յոյժ ջտնացեալ եւ ոչ ժամանացին բերել, մեծ ծախիւք եւ աշխատութեամբ ածաք զջուրս ի Հոռոմոսի վանքս...»[1]։

Իսկապես ալ մեծ ծախք և զոհողություն կպահանջեր այնքան հեռավորութենեն ջուր բերելը։ Ջրանցքի մնացորդներու ուղղությունը կարծել կուտա, որ Քետեկլերի վտակը բերեր են վանքը։ Ջրի ճանապարհը առնվազն 25-30 կիլոմետր շինելեն հետո, Ղոշեքի մոտ խոր փոսի մը վրայեն անցնելու համար մի երկար կամուրջ ալ շիներ են, որուն մնացորդները կերևան հիմա ալ։ Օգտվելով ջրի առատութենեն, թերակղզիի ամբողջ բարձունքը այգիներու և մրգաստաններու են վերածեր, որոնց բաժանմունքները և սահմանները դեռ չեն կորած։

13. Արգինա

Լենինականից (նախկին Ալեքսանդրոպոլ) դեպի Անի գնացող ճանապարհի վրա, Ախուրյան գետի ձախ ափին կգտնվի Արդինա գյուղը, որ թե իր և թե իր շրջանի մեջ ունի բավական խոր հնությանց մնացորդներ։

Ըստ հին մատենագրաց՝ հնում բավական մեծ գյուղաքաղաք կամ ավան էր Արգինան, որու հետ կապում են 7-րդ դարում և ավելի տեղի ունեցած ուշագրավ պատմական անցքեր: Նախքան 7-րդ դարը Կամսարականների սեփականությունն էր Արգինան և ուներ իր մեջ մի մեծ բերդ, որը մանրազնին քննության ենթարկելով՝ տեսնված է, որ Կամսարականների սեփականություն դառնալեն շատ առաջ նույնպես բերդ է եղել նախաքրիստոնեական ժամանակ։ Երբ հունաց և պարսից մեջ 603 թ. պատերազմ է ծագած, շրջակա հայ գյուղերը ապավինել են Արգինայի բերդի մեջ։ Իսկ 10-րդ դարում, երբ Շիրակավանը Բագրատունյաց մայրաքաղաքն էր, առանձին կարևորություն ստացավ Արգինան։ Որովհետև Բագրատունի թագավորները կնստեին Շիրակավանում (այժմյան՝ Բաշ-Շորագյալ) և իրենց արքունի դղյակն էր Տիգնիսի հնօրյա ամրոցը, մոտակա Արգինան ևս եղավ կաթողիկոսական աթոռ։ 965—991 թ.թ. երեք կաթողիկոսներ նստան այստեղ, մինչև Անին մայրաքաղաք եղավ և կաթողիկոսական աթոռը փոխադրեցին Անի։

Կաթողիկոսները 10-րդ դարում բավական շինություններ կատարեցին Արգինայում, գետեզերքին Տրդատ ճարտարապետի ձեռքով շինեցին մի կաթողիկոսարան, որու հազիվ հետքերը մնացած են գետեզերքին։ Իսկ Խաչիկ կաթողիկոսի նախաձեռնությամբ, նույնպես Տրդատի ճարտարապետությամբ, շինված հոյակապ եկեղեցիեն դեռ կմնան հյուսիսային և արևմտյան պատերը, ինչպես նաև արևելյան պատի մի մասի մնացորդը։ Տրդատի կառուցած այս շենքը թեև միջակ մեծություն ունի և արտաքուստ բավական պարզ է, սակայն ներսի կողմը ճարտարապետական տեսակետով բավական շքեղ է, ինչպես այս մասին գովեստով կխոսեին ժամանակակից պատմագիրները։ Այժմ թեև մեծ բան չէ մնացել հին շենքից, սակայն մնացորդ հյուսիսային պատի վրա, ներքին կողմի գմբեթակիր որմնասյուները վերին աստիճան շքեղ են և իրենց համաչափությամբ ու քանդակազարդմամբ գեղարվեստական։ Այս շենքի հիմնարկության թվականը պարզ հայտնի չէ, սակայն շենքը շինել տվող Խաչիկ կաթողիկոսը գահակալած է 972-991 թ.թ.։


14. Աղթամար

Վանա ծովի մեջ է Աղթամար կղզին. շատ հին դարերե ի վեր այս կզղին համարված էր իբր պատերազմական անառիկ վայր և իբր տոհմապետական-իշխանական բնակարան։ Ըստ Թովմա Արծրունիի՝ թեև Դավիթ Սահառունի, Ռաշամ Ռշտունի, Բարզափրան այստեղ բնակեցան և մարդկային բազմություն բնակեցրին, այնուամենայնիվ նրանց կառուցած շինություններն այնքան նսեմ և աննշան էին, որ հազիվ հետքերն են մնացել։ Գագիկ Արծրունին էր միայն, որ ուշադրություն դարձրեց այս կղզու վրա (10-րդ դար), շատ տեսակետներով զգաց կարևորությունը և իր շինություններով գերազանցեց կղզիի նախընթաց տերերին։

Թովմա Արծրունի պատմագիրը գրեթե միակն է, որ իր տոհմակից Գագիկ Արծրունու շինարարություններով մասին մանրամասնորեն գրում է իր Պատմության

  1. Հ. Ղ. վ. Ալիշան - «Շիրակ», Վենետիկ, 1881, երես 21: