Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ «Բացի Վասպուրականի զանազան կողմերում,− ասում է պատմագիրը,− ամրոցներ և բլուրներ պարսպելը, մասնավորապես Ոստան ավանի մեջ, Արտոս լեռան վրա, մանավանդ ծովի կողմը մեծամեծ շինություններ կատարեց։ Այգիներով, պարտեզներով զարդարելուց հետո, հմուտ արհեստավորների ձեռքով կառուցել տվեց ոսկեզարդ տաճարներ, սենյակներ, փողոցներ։ Շենքերի դռները առհասարակ կազմված էին կամարաձև և լուսանցույց զարդերով, որ արևածագի և վերջալույսի ժամանակ շողեր կարձակեին տաճարի մեջ և հիացում կպատճառեին դիտողին»։

«Իսկ գալով Աղթամար կղզիին, կատելով, որ ոչ միայն հարմար էր իրեն բնակության համար, այլև անվտանգ ապաստարան թշնամիների հարձակման ժամանակ, այդ կղզին պարսպեց այնպիսի ձևով, որ ծովի մի մասը կղզիին կողմը թողեց և պարիսպը ծովին միջով անցուց, որով փոթորիկների և ալեկոծությունների ժամանակ ևս պարիսպեն ներս անվտանգ նավահանգիստ դարձավ»։

Կղզիի նավահանգստի և պարիսպի շինությունը պատմագիրը պատմում է հետևյալ կերպով։ Բազմաթիվ արհեստավորների և բանվորների հրամայում է Գագիկ, որ մեծամեծ և դժվարակիր քարեր թափեն ծովի մեջ այնպիսի ուղղությամբ, որ ծովի մի մասը մնա կղզիի հաջորդաբար միմյանց վրա այնքան քար լեցուցին ծովի մեջ, որ քարերը բարձրացան ծովի մակերևույթից վեր։ Այս ընդծովյա արհեստական հիմքի վրա բուրգերով և աշտարակներով զարդարված մի պարիսպ կշինե, հինգ ձիարշավ երկարությամբ։ Պարիսպին երկու ծայրերը կփակե ծովեզերքի վրա, անմատչելի ժայռերի մեջ։ Իսկ պարիսպի և բուրգերի վրա կշինե խորաններ, զբոսատեղիներ, ուր թագավորն իր որդիներով և ազատականներով կզվարճանար։

Կղզին ես կզարդարե զանազան վայելչաձև պարիսպներով, շենքերով, ճանապարհներով, մասնավորապես կղզու գագաթը իբրև զբոսավայր կվայելչացնե այգիներով, պարտեզներով, ծաղկանոցներով և զանազան գահատեղիներով. կղզիի լանջի և ստորոտների վրա կշինե զանազան ծառաստաններ և հողադաբեր զվարճության համար։

Հասարակաց ապահովության մասին մտածելե և կղզիի ժողովրդյան համար իբր ապաստարան քաղաք շինելե հետո, օգտվելով իր ձեոքի տակ գտնվող բանվորներե և արհեստավորներե, մտադրվեց մի արքայական տաճար շինել։ Ուստի հրամայեց իր հանճարեղ ճարտարապետին, որ տաճարը ունենա 40 կանգուն երկարություն, 40 կանգուն լայնություն, նույնչափ ևս բարձրություն։ Տաճարը ահեղ և զարմանալի տեսք ուներ, երեք քայլաչափ էին պատերի հաստությունը, քար ու կրաշաղախով այնպես ձուլված էր, որ նման էր պղնձի և կապարի ձուլվածքի։ Առանց սյունի կանգնված էր տաճարը և այնչափ բարձր, որ մարդիկ ստիպված էին գլխարկնին ցած առնել գմբեթի միջի և ուրիշ տեղերի նկարազարդությունը դիտելու համար։ Տաճարը շուրջանակի կամարակից նկարազարդ խորաններ ուներ, նկարների մեջ կային ոսկեզարդ գահեր, որոնց վրա նազելի ճոխությամբ նստած էր արքան՝