Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջապատված սպասավորող լուսատեսակ պատանիներով. նրանց հետ միասին՝ գուսանների խմբեր և պարող աղջիկների զարմանալի խաղեր, սուսերամերկների խմբեր, ըմբշամարտների կռիվներ, առյուծներ, ուրիշ գազաններ և բազմատեսակ թռչուններ։ Դռները չափազանց շքեղ էին, մանր հորինվածներ ունեին և երկբացիկ էին, իսկ գոցվելու ժամանակ ամբողջ դուռը երևում էր իբրև մի պատկեր։ Քաղաքի գործավորներեն մի ոստիկան պատմել էր, որ երկու հարյուր հազար լիտր երկաթ սպառվեց տաճարի շինության ժամանակ։ Տաճարի արտաքին երևույթը ամեն կողմից երևում էր մի մեծ բլուրի նման։

Գագիկ իր բոլոր շինարարության ընթացքում շինեց նաև մի հոյակապ եկեղեցի, որի քարերը Աղձնյաց սահմանի մեջ գտնված Կոգում գյուղից բերել տվեց ծովի վրայով։ Այդ քարերը Զուրաբիկ կոչվող ազգի պատկանող մի ամրոցից էին, որ Գագիկ գրավելով և քանդել տալով քարերը փոխադրեց Աղթամարի եկեղեցիի շինության համար։

Որովհետև արքունի ճարտարապետ Մանուելը չափազանց հմուտ էր արվեստի մեջ, ոչ միայն շենքը հիմնադրեց և կանգնեց, այլև զարդարեց բազմաթիվ ակնապարար քանդակներով, որ բոլոր տեսնողների զարմանքն էր հարուցում։ Քանդակների մեջ աչքի էր ընկնում եկեղեցիի պատի վրա Գագիկ թագավորի բարձրաքանդակ պատկերը՝ եկեղեցիի մանրանկարը ձեռքին բռնած։

15. Բագնայր

Անիի ավերակներից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի արևմուտք, Ալաջա լեռան ստորոտում կա մի գյուղ անունով։ Այս տեղի հին անունն է Բագնայր, ուր եղել են բագիններ՝ մասնավորապես այժմ գոյություն ունեցող քարայրերի մոտ։ Ես թեև չեմ տեսած բուն գյուղի մեջ նախաքրիստոնեական պաշտամունքի հայտնի նշաններ, սակայն գյուղից դուրս մի մեծ բլուրի գագաթին կա մի հնագույն պաշտամունքի հատուկ մնացորդ, որի մասին պիտի խոսեմ իր կարգին։

Գյուղի մեջ կան զանազան մեծ ու փոքր հուշարձաններ, տարբեր ժամանակներում կանգնված։ Բայց այս հուշարձաններից ամենից հինը Վահրամ Պահլավունիի որդի Սմբատ Մագիստրոսի շինած եկեղեցին է՝ յուր ընդարձակ գավթով. այս շենքը կանգնված է,