Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըստ Սամուել Անեցիի, 1009 կամ 1010 և ըստ Ասողիկի՝ 10 տարի ավելի առաջ։

Հայաստանի հնագույն ճարտարապետության մեջ եկեղեցիների ընդհանրապես արևմտյան կողմին կից ընդարձակ գավիթներ շինելու սովորությունը թեև 13-րդ դարուն կվերագրվի, սակայն թե պատմական տեղեկություններ և թե փաստացի իրողություններ կան, որ ավելի կանուխ՝ 11-րդ դարու սկզբին արդեն սկսված էին այս ձևի շինությունները։ Ըստ Ներսես Լամբրոնացու՝ Բագրատունիները սկիզբ դրին այս ձևին։ Իսկ 1036 թվականին Հովհաննես Սմբատ Հոռոմոսում իր շինած եկեղեցիին արևմտյան կողմը շինել է մի ընդարձակ գավիթ, որ, բացի ժամանակագրականից, նաև մեծ արժեք ունի ճարտարապետական տեսակետից: Այս գավթի, որ շատ ավելի ճոխ է, քան եկեղեցին, ճարտարապետական արժեքն այն ք, որ սյուների վրա շինված են հորիզոնական առաստաղներ և այդ առաստաղները վերին աստիճան գեղարվեստորեն քանդակազարդված են, երևում է, որ Բագնայրի գավթի շինությունը մեծ մասամբ հետևողություն է Հոռոմոսի ս. Հովհաննեսի գավթին. հորիզոնական առաստաղները թեև չունին այնքան մանրակրկիտ քանդակազարդություն, այնուամենայնիվ մի ավելի արվեստագիտական աշխատանք է կատարված, որ մեծ պատիվ կբերի կանգնող ճարտարապետին։ Սյունամեջերի առաստաղները բացի հորիզոնական լինելը, որ ըստինքյան ճարտար արվեստագործություն է, նմանապես ներքևից հորիզոնական ձևով մոզայիկ է շինված միջակ մեծությամբ գունավոր քարերից, որոնց մի այլազանությունը կտեսնվի նաև Անիի Առաքելոց եկեղեցիի գավթի առաստաղներին վրա։

Բագնայրի գավթի սյուները և որմնասյուները, որ գավիթների սյուների և որմնասյուների ոճին, հետզհետե զարգանում և ճոխազարդվում են 11-րդ դարից սկսած մինչև 14 և 15-րդ դարերը՝ միանգամայն անկախ թե եկեղեցիների ներքին ու արտաքին որմնասյուներից և թե եկեղեցիների գմբեթակիր մեծ մույթերից, որոնց մասին առանձին պիտի խոսեմ իրենց համաչափություններով և ճոխազարդումներով ծագման սկզբից մինչև վերջին անկումը։

Բացի Սմբատ Մագիստրոսի շինած տաճարից և գավիթներից, կան նաև ուրիշ երկու փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, որոնք, ինչպես կերևի, շինված են որպես հոգեհանգստի եկեղեցիներ, որովհետև այդ մատուռների առջև, արևմտյան կողմը նեղ գավթանման վայրում, խիտ տոհմային գերեզմանատներ են: Գյուղի հյուսիս-արևմտյան կողմը կա մի ութանկյունի փոքրիկ, շատ սիրուն մատուռ, որու շինողը հայտնի չէ, բայց շինության ոճից և մանրամասնություններից երևում է, որ 13-րդ դարու գործ է: Ճարտարապետական տեսակետով չափազանց գրավիչ հատկություն ունի, ինչպես Անիի պարիսպներից դուրս Հովվի եկեղեցին: Դժբախտաբար այս փոքր, չքնաղ հուշարձան ևս սաստիկ վնասված է:

Ինչպես վերը ակնարկեցի, Բագնայրը նախաքրիստոնեական պաշտամունքի մի շրջան լինելուն անվիճելի ապացույց կարող է ծառայել մի շատ հին մնացորդ, որու մասին տարիներ առաջ «Ազգագրական հանդես»-ում գրել եմ՝ շինության նպատակի մասին անորոշ կարծիք հայտնելով: Բագնայրից դեպի հարավ-արևելք,