Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շիրակի կամ Անիի քաղաքական կյանքի ապահովությունը չէր ստիպեր զինքը անկեց ավելի ամրանալու։ Ասպետական քաջության համբավ ուներ Սմբատ դրացի ազգերու մեջ և ոչ ոք չէր համարձակեր Շիրակի սահմաններուն մոտենալ, երբեմն մոտենալ փորձողներն ալ չարաչար պատժվեր էին իրենց անխոհեմ ձեռնարկին համար:

Հետագա դարերու մեջ Անիի այդ աստիճան ամրակուռ զրահավորումը նույն ժամանակվան անհաստատ և անապահով դրության հետևանքն է, ամեն րոպե Անիին սպառնացող վտանգեն զգուշանալու համար չգիտեին ինչ միջոցներ ձեռք առնեին, որովհետև ոչ Բագրատունի թագավորների ուժն ու ազդեցությունը մնացեր էր և ոչ ալ անոնց հարուստ գանձարանը։ Հետագա մեղկ, թուլամորթ և երկրին շահերը պաշտպանելու անհոգ վարչապետներե (բացի Զաքարե սպասալարեն) հուսահատ ժողովուրդը ինքն է հանձն առեր պաշտպանվելու հոգը՝ ինչ որ երկրին վարչության ուղղակի պարտքն էր։ Եկեղեցի շինելու նման, Զաքարյան շրջանին, մեծ բարեգործություն է համարվեր պարսպամասեր և բուրգեր շինելը, և մասնավոր անհատներ ձգտեր են, մեկ կողմանե՝ իրենց կյանքի ու կայքի պաշտպանության համար, մյուս կողմանե՝ իբրև հիշատակության հավերժական կոթող, բուրգեր շինել։ Իբրև երկրին տեր և վարչապետ՝ Զաքարե սպասալարը ունի քանի մը բուրգեր շինած։ Իսկ մնացած բուրգերու մեծ մասին վրա կգտնենք մասնավոր անհատներ ու անուններ, որոնք իբրև բարեգործություն կանգներ են իրենց արձանագրտծ բուրգերը, ինչպես տիկին Շանուշ, ասոր դուստրը Սամխաթուն, Մխիթարիչ Գանձակեցի, Սարգիս որդի Սամուելի, մի ուրիշ Սարգիս, Լուսոտ և այլն, և այլն։ Կան շատ մը բուրգեր ալ, որոնց վրա զետեղված են արձանագրության հատուկ քարերը, բայց որևէ պատճառով չեն կարողացեր գրել տալ կանգնողներու անունները։ Այս երևույթը փաստ է թե երկրին անապահով վիճակին և թե վարչական սնտուկներուն դատարկության, կամ, ավելի ճիշտը, հասարակության տուրքերու հետ իշխաններու և կառավարիչներու անբարեխիղճ կերպով վարմունքին։

Բագրատունիներու կպարտինք Անիի կաթուղիկեն իր վսեմ պարզությամբ և նրբակերտ մանվածո քանդակագործություններով։ Բոլորակ գագկաշեն ս. Գրիգորը Բագրատունի հարստության պարծանքը և առանձնապես Գագիկ Ա-ի մեծագործությունն է: Ճիշտ է, որ Ներսես Շինող 7-րդ դարուն առաջին անգամ բուրգերը կանգներ է անոր հոյակապ նախատիպը, սակայն Ներսեսի համար ոչ միայն բաց էր համայն հայության քսակը, այլև բյուզանդական կայսրության գանձարանը։ Իսկ Գագիկի համար եկամուտի միակ աղբյուրը Շիրակի յուր փոքրաթիվ բնակչությունն էր։ Առանձնապես սքանչացման արժանի են գոնե իմ գիտցածս հսկայական հինգ կամուրջներ, Ախուրյան գետի վրա, որոնց 30 մետրե ավելի տրամագծով միակամար աղեղնակապումը այսօրվան մեծ արվեստագետներու ալ զարմանք կպատճառե։ Այս կամուրջներու մնացորդները առավել կամ նվազ չափով կգտնվին Մարմաշեն (Ղանլիջա), Ղեղաճի, Չըրփըլուի, Անիի և Երվանդակերտի (Հաջի Բայրամ պարսկաբնակ գյուղ) մեջ՝ Ախուրյանի Երասխ խառնված բերնի մոտ: Ավելորդ կսեպեմ հիշատակել այն փոքր կամուրջները, որոնք մեծ թիվ կկազմեն, բայց երկրորդական տեղ կբռնեն փայտով կապված լինելուն պատճառավ: Ինձ