Էջ:The Architecture, Tom 1.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ, կամ նույնիսկ իր շինածն է եկեղեցին։ Սակայն, ինչ որ հավանականն է, իբրև Բագրատունի ամրոց և ապարանք, եկեղեցին ալ Բագրատունի իշխաններու ձեռակերտն է իբրև պալատական եկեղեցի ամրոցի պարիսպին մեջ։ Ամբողջ բլուրը շրջապատված է բրգաշար ամուր պարիսպով, հարավային ծայրին վրա է. ամրոցի մուտքը երկու հաստահեղույս բուրգերու մեջտեղ, գրեթե դռնեն անմիջապես ներս կսկսին հին ապարանքի հիմերը մինչև եկեղեցին, որ բլուրի հանդիպակաց ծայրին վրա է. մեկ խոսքով՝ ամբողջ պարսպամիջոցը բռնած է եղեր ապարանքը, դժբախտաբար այնքան քայքայված և գետնին հավասարված, որ հազիվ կարելի է մի ընդհանուր հատակագիծ պատրաստել խնամքով պեղումներ կատարելով (նկ. 264)։

Ամրոց-ապարանքը բարձրանալու ճանապարհը գրեթե նույնն է՝ ինչ որ էր ի հնումն։ Մի հետաքննին հայացք բավական է տեսնելու համար, թե ինչ հսկայական աշխատություն թափված է այդ քարաժայռ բլուրի լանջերուն վրա՝ ոլորապտույտ լայնարձակ ճանապարհ մը շինելու համար՝ տեղ-տեղ ժայռերը ճեղքելով և տեղ-տեղ ալ դարեվանդներու վրա որձաքարե պատեր շինելով։

Միջին բլուրը նույնպես պարսպապատ է եղած ի հնումն, և պարսպամիջին համեմատաբար ավելի պահվեր են շինությանց մասեր՝ հավանորեն ավելի դժվարամատչելի լինելուն պատճառով, որովհետև շատ վաղ ժամանակ փչացեր է բարձրանալու ճանապարհը: Մնացորդ շենքերու մեջ այժմ ալ կերևի մի կամարակապ մաս, որուն վրա եղեր է մի հարկ ևս։

Երրորդ բլուրին վրա գրեթե չէ մնացեր, բացի կրախառն ավազափոշի և կրազանգված քանի մը բեկորներե իբրև ապացույց վաղեմի շենքերու գոյության։

Այս երեք բլուրները, բացի իրենց առանձին գագաթի պարիսպներեն, հատակեն շրջապատված են եղեր առանձին թանձր պարիսպով, որով կանջատվեին ամրոցները՝ անմիջապես ստորոտին վրա շինված քաղաքամասեն, որուն բնակությանց որոշ հետքեր մեծ մասամբ մնացած են այսօր, պինդ որձաքարով շինված։

Մինչև այստեղ նկարագրված ապարանքներու մնացորդները բոլորովին չարդարացուցին պատմագրաց տված հակիրճ, բայց բնորոշ նկարագրությունները։ Մի՞թե գոյություն չունեին այն բարձրաբերձ ոսկեձեղուն և այլն և այլն ապարանքները։ Քավ լիցի, անոնք գոյություն ունեին ավելի փառաշուք կերպով, քան արված նկարագրությունները։ Քրիստոնեության սկզբեն մինչև 10-11-րդ դարերու մեզ հասնող ճարտարապետական և գեղարվեստական հոյակապ կոթողներ անհերքելի վկաներ են կերտող ժողովրդի հոգեկան մեծության, հանճարի, գեղարվեստասիրության և կյանքի վայելչության համար ունեցած նուրբ ճաշակին, բայց ժամանակը, և ժամանակեն ավելի, ամեն մեծություն ու գեղեցկություն իր խանձարուրին մեջ խեղդելու ի բնե հակված քանդող ու ոչնչացնող բարբարոսներու ոտքին տակ ամեն ինչ փոշիացեր է։

Հույս կար, որ Անիի մեջ Բագրատունյաց արքունիքի պեղումները արդարացնեին մեր ակնկալությունները ժամանակակից պատմիչներեն մեկ քանիին տված տեղեկությանց համաձայն։ Այդ հույսով և հետաքրքրությամբ մեծ խնամքով պեղման ձեռնարկեց պր. Ն. Մառ 1907 թվին, և երկու տարվան ամառնային շրջանին մեջ բացավ Բագրատունյաց ապարանքին մեծ մասը (նկ. նկ. 266, 267):

Շատ զարմանալի կլիներ, որ ավելի քան երեք հարյուր տարի Շիրակի թագավորությունը, քաղաքակրթության ճշմարիտ պատուհաս բարբարոս խուժաններու բռնակալ լուծի տակ հյուծվելե և գրեթե նույնքան ժամանակ ալ վայրենի թափառաշրջիկ ցեղերու պարբերական կայան լինելե հետո՝ գտնվեին այնտեղ Բագրատունի փառապանծ թագավորության և անոր հովանավորության ներքև բախտավոր ապրած ժողովրդի փառաշուք կենցաղի անաղարտ մնացորդներ։

Մեկ կողմանե եթե հիացում կազդեր միայն ապարանքին չորս հազար քառակուսի մետր տեղ բռնող ահագին տարածությունը, մյուս կողմանե մարդս ակամա կենթարկվեր տխուր և ճնշող հիասթափության՝ ամբողջ երկու տարվան պեղման ընթացքին մեջ։