Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքր, այս իսկ պատճառով է, որ կից մի երկրորդ սրահ լինելե ավելի անոր նախասրահ լինելը անվիճելի է: Միայն պետք է գիտնալ, որ նախքան այս նախասրահը շինվելը այնտեղ եղեր է մի ուրիշ նախասրահ, որուն հաջորդեր է այս նորը՝ Բագրատունի թագավորներեն մեկուն ձեռքով։ Նյութես շատ չշեղվելու համար այս մասին մանրամասն գրելը կթողում առայժմ՝ հատկապես Բագրատունյաց ապարանքի մանրամասն ուսումնասիրության աշխատությանս վերապահելով։

Մի ուրիշ բնորոշ հանգամանք ևս կա չորս բացվածքներու և նախասրահի գոյությունը ապացուցանող։ Ապարանքի անտերության ժամանակ, երբ գռեհիկ ժողովուրդներ բնակեր են Անիի մեջ, բնակություն հաստատեր են նաև արքունի ապարանքին մեջ։ Ապարանքին մեջ բնակողներեն մեկը իրեն բնակարան ընտրել է հատկապես տաճարը և, բաժանելով սենյակներու, ապրեր է այնտեղ, սենյակներեն մեկ ու մեջ ալ թոնիր դրեր է։ Հատակագծեն պարզ կտեսնվի, որ տաճարի վերջին բնակիչներու տան մուտքի դուռն ալ այդ միևնույն բացվածքներեն մեկն ու մեկն է և հավանորեն, արևելյան անկյունեն հաշվելով, երկրորդ բացվածքը։ Տաճարի հյուսիս-արևմտյան անկյունին մոտ պեղումներու ժամանակ հանկարծակի փլավ շեղակի շինված մի պատ, որ աստիճանաբար կբարձրանար դեպի նախասրահը. այս պատին վրա շինված էին սանդուխի աստիճանաքարերը, որոնք վաղուց տարված էին, սակայն տաճարի վերջին բնակիչները ամենայն հավանականությամբ օգտվեր են այս նախապես գոյություն ունեցող սանղուխեն։

Այժմ կմնա երկու խոսքով պարգել տաճարի լուսավորության խնդիրը, որուն հետքերը չգտնվելով՝ առեղծվածային բնույթ է ստացել։

Տաճարի ներսը շինված չորս որմնասյուներու ըստ ամենայնի պատշաճ դասավորութենեն հայտնի է, որ տաճարը գմբեթավորված էր չորս աղեղներու վրա։ Այս դրությամբ ամենեն հավանականն էր, ըստ վաղեմի սովորության, տաճարին գմբեթեն լուսավորված լինելը։ Բայց ի՞նչ ձևով գմբեթ և ինչ ձևով լուսամուտներ ուներ լույսը դեպի վար թափանցող, այդ մասին ոչինչ չէ կարելի վճռել։ Իսկ պատերուն վրա եթե պատուհաններ կային, անոնք ալ պետք էր շատ բարձրեն դրված լինեին, բնականաբար, փոքր ծավալով, որովհետև որմնաղեղներոու կիսաբոլորակներուն դարձվածքի տված սահմանին մեջ միայն հնարավոր էր պատուհան շինել, անոնց մեջ ալ, նախ շատ ընդարձակ տեղ չէր կարող լինել, երկրորդ քանի որ հյուսիսային կողմը նախասրահով փակված էր և պիտի բացվեին մյուս կողմերուն վրա, որոնք ընտանեկան հարկերուն վրա կնայեին, անպատշաճ պիտի նկատվեր, ըստ ավանդական սովորության, ցածր պատուհաններ շինելը։ Բարձրեն պատուհան ունենալը հավանական համարելուս պատճառներեն մեկն ալ այն է, որ տաճարը առանձնապես շինված լինելով հարակից բաժանումներու կտուրներուն հավասար բարձրությամբ բնական մի ժայռի վրա, և շուրջը գտնված ստորաբաժանումները միահարկ էին, հետևաբար պատերը դրսեն ազատ էին պատուհաններ բանալու համար։ Հարակից բաժանումներուն ալ միահարկ լինելուն անվրեպ ապացույցներ չեն պակսեր։ Լուսավոր անցքի կամ բացօթյա տեղի կից սենյակ գրեթե քիչ կա ամբողջ ապարանքի բաժանումներուն մեջ, եղածներն ալ ունենալու հավանականություն չեն ցույց տար, որովհետև երկու մետրեն ավելի բարձրությամբ պատեր կան, որոնց վրա պատուհաններու հետքեր չկան. իսկ ապարանքի շրջագծեն ներսը խտացած սենյակներն ալ եթե երկու հարկանի լինեին, ներքևի հարկերը բոլորովին մութի մեջ կմնային։ Կմնար ենթադրել, որ թերևս ապարանքը երկուքի բաժնող նեղ ու երկար անցքի վրա ընկած սենյակները նույն անցքի վրա պատուհաններ ունենային։ Սակայն այստեղ ալ մնացած պատերուն վրա լուսամուտի հետքեր չկենալեն զատ, քանի որ անցքի վրան ալ ծածկված էր և երկու կողմեն դռներով փակված, հետևաբար այդ անցքին վրա բացված պատուհաններեն չէր կարող բավարար չափով լույս թափանցել սենյակներու մեջ՝ երբ անցքը ինքը չուներ առատ լույս։ Ուստի պարզ է, որ բոլոր բաժանումները միահարկ էին և վերեն կստանային լույս։ Պեղման ժամանակ բացված սրահներեն մեկուն մեջեն գտնվեցան ստալակտիտի կտորներ, որոնք 13-14-րդ դարերու ոճով գմբեթներու բեկորներ էին և ապացույց, որ նույն սենյակը վերևեն այդ գմբեթի վրա բացված լուսամուտեն կստանար լույսը։ Հյուսիսային ճակատի արևելյան կողմի սենյակները բացառաբար երկհարկանի են տեղի բնական դարեվանդ դիրքի պատճառով, սակայն այստեղ ալ լուսամուտի նշաններ չկան։

Հյուսիսային ճակատի արևելյան անկյունի վրա գտնվող մեծ դահլիճներն ալ կից երկու սենյակներով նույնպես մի տաճար է և, մյուս անկյունի տաճարին նման, անկախ՝ ապարանքի ընդհանուր շենքեն։ Սակայն այս հետարքրական ձևով տաճարի մասին ալ մանրամասնորեն կթողում հարմար ժամանակին, ինչպես նաև ընդհանուր ապարանքին շատ մը մասերուն վրա, բացառությամբ երկու բաժանումներու։

Հատակագծի բաժանումներեն մեկը, ինչպես վերև ակնարկեցի, մի ընդարձակ դահլիճ է, որուն հատակին փորված ու աղյուսով կրաշաղախ շինված է արքունիքի ջրամբարը, պաշարման ժամանակ կամ որևէ դիպվածով վազուն ջրի կտրվելու պարագային իբրև ջրի պահեստ։ Արքունիքի ջուրը առանձնապես 10-12 վերստ հեռավորության վրա գտնվող Սոգյութլու գյուղի մոտեն բերված է կավե խողովակներով։ Ջրի խողովակները երևցան վերջին տարիներու պեղումներով։ Բագրատունիներու ժամանակ խողովակներով մինչև ապարանք բարձրացող ջրի մեկ մասը միայն ջրամբարին հատկացված էր, իսկ մյուս մասը բաժանված է եղեր արքունիքի զանազան կողմերուն վրա կավե և երկաթե բարակ խողովակներով, որոնց նմուշները պահված են Անիի հնադարանի մեջ:

Պեղումներու ժամանակ այս ջրամբարը գտնված սրահին մեջ գտնվեցան ոսկեզօծ նկարազարդված առաստաղի տախտակներու բեկորներ, որով հայտնի եղավ, թե այս սրահին վրա փայտածածկ էր և որովհետև ամբողջ շուրջը ուրիշ սենյակներով շրջապատված էր, բնականաբար, լույսն ալ վերևեն կստանար։ Այս սրահի