Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Թե ինչու համար փող տանցն կանվանվեր, ատոր պատճառը պարզ է։ Մեր պատմագրաց մեջ տուն բառը, տեղին համեմատ, այլազան նշանակությամբ գործածված է, ինչպես՝ մի առանձին ընտանիքի բնակարան, երբեմն նաև ընտանիք նշանակությամբ. տուն էին նաև այն բոլեր բաժանումները, որոնք առանց մարդկային բնակության հատուկ էին զենքերու, գանձերու, հագուստեղեններու և այլն և այլն։ Իսկ երբ մասնավորապես ապարանքի ընտանեկան բնակության մասին կվերաբերի, այն ատեն պետք է հասկանանք առանձին հարկաբաժիններ (appartement)` մեկե ավելի սենյակներով, թեև միացած ընդհանուրին, սակայն միշտ հնարավոր չեզոքացնել այդ մասը ապարանքի ամբողջութենեն։ Չգիտենք, թե Պապի ապարանքը քանի՞ հարկաբաժին ուներ բացի պատրուճակաց տնեն, այնուամենայնիվ Բագրատունիներու ապարանքը հողի վրա ուներ երեք հարկաբաժին (appartement)՝ երկուքը հարավային և մեկը հյուսիսային կողմի վրա, չհաշվելով բարձրադիր երկու մեծ տաճարները, որոնց մասին արդեն խոսեր ենք։ Թեև այստեղ դրված հատակագծի վրա հարավային կողմը մեկ հարկաբաժնի երևույթն ունի, սակայն ապագա պեղումները պիտի արդարացնեն կարծիքս։ Առանց պեղման ալ, իմ հետազոտություններս պարզեր են այս հանգամանքը, բայց տեղը չէ այժմ մանրամասն բացատրության։

Ապարանքի պարսպեն դուրս, արքունիքի ընդհանուր շրջապարսպին միջոցը, այժմ բոլորովին լերկ անապատի կնմանի, ներելի չէ ենթադրել, որ ի հնումն ալ այդպես դատարկ էր՝ առանց շինություններու։ Արդեն Ծաղկոցաձորի կից արքունիքի գլխավոր դռնեն ներս, ձախ կողմի վրա, ապարանք բարձրանալու ճանապարհի ուղղությամբ, կան շինության մնացորդներու մի շարք, որն որ կհասնի մինչև ապարանքը՝ անոր մի թևը կազմելով։ Մյուս մասերուն վրա, բացի ապարանքի հատուկ և անոր կից մեծ ու փոքր երկու եկեղեցիներե, մյուս հինգ եկեղեցիներու ալ գոյությունը ապացույց է նաև ուրիշ անջատ շինություններու գոյության պիտոյից հատուկ անբնակ տուներեն, պետք էր որ բնակարան ունենային այնտեղ արքունի ներքին պաշտոնյաներ, բերդապահ զորական և զինվորներ, նաև արքունիքի յոթ եկեղեցիներու համար եկեղեցական պաշտոնյաներ։ Եթե ապարարանքի կից եկեղեցիները արքունի ընտանիքին համար հոգևոր մխիթարություն տալու բավական լինեին, արքունիքի մյուս բնակչությանց համար խիստ նեղ և թերևս անմատչելի էին անոնք։ Բնականաբար, անհրաժեշտ պետքը գոյություն տվավ մյուս հինգ եկեղեցիներուն՝ ապարանքեն դուրս ապրող բնակչության համար։

Քանի որ ջուրը առատությամբ կբարձրանար մինչև ապարանքը, անկասկած, օգտվելով ջրի առատութենեն, Բագրատունիք այստեղ մշակեցին ծառաստաններ, ծաղկանոցներ և ամբողջ արքունիքի բլուրը զարդարեցին նաև իբրև զբոսավայր։

Արքունիքի շինությունը և բազմամարդությունը միայն Բագրատունյաց շրջանին հատուկ լինել կթվի, որովհետև, ինչպես նկատեցի վերև, Բագրատունիներեն հետո ջուրը կտրված լինելու մեծ հավանականություն կա։ Հետևաբար, առանց ջրի ոչ պարտեզ և ոչ ծառաստան չէին կարող գոյություն ունենալ։ Արքունիքի բազմամարդությունը կամ շինությունը գուցե տևեց մի կարճ ժամանակ Շետտատյանների օրով, և անոնք պատրաստ վայելեցին Բագրատունիներու ծախքերով ու ջանքերով կանգնված ապարանքը, սակայն որ հետզհետե նվազեցավ ամեն տեսակ փառք ու գեղեցկություն, փաստեր շատ կան։ Եկեղեցիները կամ քանդվեր են կամ փոխարկվեր են ուրիշ բաներու, ինչպես ապարանքի կից եկեղեցիները, որոնք հատկապես ծեփվեր են քրիստոնեական խորհրդանշանները ծածկելու համար։ Մեծ եկեղեցվո ներքին որմնասյուներու գլուխը շինված չորս ավետարանիչներու խորհրդանշանները հատկապես տաշված են։ Եթե մզկիթի վերածված, գեթ իբրև սենյակ գործածված են անպայման։

Ոչ միայն արքունիքի մեջ, այլև Աշոտի բովանդակ պարիսպեն ներս եղած տարածության վրա քրիստոնեական շինության հատուկ մի քար դրված չէ։ Նույն մասին վրա գտնված եկեղեցիներու մնացորդները պարզ ցույց կուտան, որ 11-րդ դարեն բնավ այս կողմ չեն անցներ։ Տարակույս չկա, որ Շետտատյաններու և թե թաթարներու օրով, երբ արքունիքը այլևս հայաբնակ չէր, Աշոտի պարիսպեն ներս ալ, եթե ոչ ամբողջությամբ, գեթ մեծ մասամբ պարսիկի ու թաթարի բնակավայր եղած էր թե իբրև ամենալավ մասը Անիի և թե Աշոտի պարսպով կրկնակի ամրացած։ Նույնիսկ տիրապետողներու քաղաքական և անհատական շահը կպահանջեր ցեղակիցներով անմիջապես շրջապատել ապարանքը։

Անիի ներկա պատկերը այնքան տխուր և բնական ու գեղարվեստական հրապույրե այնքան զուրկ է, որ մեղադրելի չեն անոր անցյալի մասին ալ փոքր ինչ աննպաստ կարծիք ունեցողները։ Բայց միևնույն ատեն երբեք ներելի չէ այն դասին, որ երկար տարիներու հետազոտութենե հետո, գիտակցաբար կամ անգիտակցաբար, չեն կրցած տեսնել մի ահավոր ճշմարտություն, թե անջնջելի մնացած են այնտեղ եղած եռ ու զեռ կյանքի, մեղվաջան աշխատության, գերազանց վայելչասիրության և անբավ հարստության հետքերը։

Հոյակապ Անիի ավերակները, երբ հարյուրավոր տարիներ իբրև քարահանք ծառայեր են շրջակա գյուղերու և քաղաքներու, մեծամեծ շենքեր ավելի բարբարոս ձևերով քանդվեր են, քան ժամանակի կամ բնության ազդեցության տակ. հետևաբար, երբեք զարմանալի չէ, որ այսօր այնտեղ չենք գտներ, ինչ որ մեծություն, գեղեցկություն և հարստություն կապացուցանե։ Ո՞վ կարող էր երևակայել, որ Գագիկ Ա-ի բոլորակ ս. Գրիգոր եկեղեցվո ներքին սյուներու գնդագլուխ խոյակները մինչև Կարս տարված լինեին։ Ես անձամբ գնացի տեսա՝ Խորեն. քհ. Ստամբոլցյանի առաջնորդությամբ՝ այդ խոյակը Կարսի մեջ և լուսանկարել տվի։ Անի գյուղի թուրք բնակչության ծերունիները այսօր ալ կպատմեն հետաքրքրվողին, թե ինչպես հարյուրավոր սայլեր կլծվեին պատվեր տրված սրբատաշ քարեր Անիեն Կարս տանելու համար։ Նաև