Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնելու համար։ Պեղումներու ժամանակ շատ որոշ կերպով կտեսնվեին զանազան շերտեր՝ զանազան ժամանակներու հատուկ։ Որչափ խորեն և անձեռնմխելի մնացած շերտերեն հանվեին առարկաներ, այնքան ավելի հետաքրքրական և հայ կենցաղին մոտիկ կկապվեին: Ծաղկոցաձորի քարայրերուն անձեռնմխելի մնացած գերեզմաններեն մեկուն մեջեն գտնված փոքրիկ դիակի մը հագած մետաքսյա ասեղնագործ շապիկը և վրայի ոսկեթել ցանցակերպ հյուսված ծածկույթը ավելի շատ բան պարզեցին հայ իշխանական տոհմերու ներքին կենցաղի մասին, քան ուրիշ բազմաթիվ ուլունքներ ու խեցեղեն անոթներու փշրանքներ։ Պակաս չեն հավաքված իրեղեններու մեջ վերջին շրջաններուն պատկանող արժեքավոր հազվադեպ առարկաներ, բայց որ հայ կենցաղի հետ կապ չունին, բնականաբար օգտակար չեն կարող լինել իմ ներկա տեսությանս մեջ։

Երկու-երեք հարյուր տարի շարունակ ավազակաբարո ցեղերու դառնալե հետո, եթե ավելցնենք Անիի մեջ մեռելակրկիտներու մշտական խուզարկությունները, գանձ փնտրելու համար անվերջանալի պեղումներե զատ, մինչև իսկ եկեղեցիներու պատերու քանդվելը, մինչև մեր օրերը անդադար իբրև քարահանք գործածվելը, միանգամայն կհամոզվենք, որ Անին, զուտ հայկական քաղաքակրթության շրջանի ներքին կենցաղի տեսակետով, մեծ բան չէր կարող տալ, ինչ որ տվավ, մեծ մասամբ վերջին բնակությունն ունեցող այլազան ցեղերու թափթփուկներն էին, հազվադեպ բացառությամբ։

Ի տես այս անվիճելի տխուր իրականության, շատ մեծ սխալ կլինի հիմնվելով մինչև այժմ հավաքված տնտեսական, կենցաղային և նույնիսկ եկեղեցական առարկաներու վրա, դատել ու վճռել ավելի քան վեց-յոթ դար առաջ ինքնուրույն զարգացումով այնտեղ ապրող հայ բնակչության քաղաքակրթության աստիճանը։ Որչափ ժամանակ հայ տարր կար Անիի մեջ ապրող, բնական էր, որ պիտի ունենային մի քանի շեն կամ կիսաշեն եկեղեցիներ իրենց անոթներով և սպասներով։ Մինչև այսօր գտնված եկեղեցական սպասներու մեջ դեռ չերևցան թագավորական կամ իշխանական եկեղեցիներու վայել առարկաներ, բացի մե բրոնզյա կանթեղե, այն ալ ով գիտե ո՞ր ժամանակե մնացած։ Գագկաշեն բոլորակ եկեղեցվո մեջեն գտնված պղնձի թերթիկներով կազմված հասարակ և անարվեստ մի ջահ վերագրել այդ հսկայական եկեղեցին կանգնողին, մի լուրջ ծաղր է Գագիկի նման հարուստ, փառասեր և գեղարվեստասեր թագավորի մը հասցեին։ Գագիկի կինը՝ Կատրանիդե թագուհին միաժամանակ իր շինած կաթուղիկեի գլխին մարդաչափ բարձրությամբ արծաթյա խաչ կկանգնե, ներսը, գմբեթին մեջ, Հնդկաստանեն Սմբատի բերել տված ութը բյուր արժողությամբ ջահ կկախե, իսկ Գագիկ պետք էր այդքան ստոր ճաշակ ունենար, որ կնոջ շինած կաթուղիկեեն երեք անգամ ավելի մեծածախս և գեղարվեստական տաճարին մեջ պղնձի թերթիկներե մկրատով կտրված և թելերով իրարու հետ կապված մի ջահ կախեր իր շինած տաճարի երկնանման գմբեթին մեջ, ինչպես կըսե Ասողիկ ժամանակակից պատմագիրը։ Պատմութենեն բոլորովին պարզ է, որ Արփասլանի՝ Անին գրաված ժամանակ գագկաշեն ս. Գրիգոր վաղուց անշքացած էր արևմտյան կողմի փլուզումով և մնացած մասի վտանգվելով, եթե ոչ՝ ավելի շուտ մահմեդականի մահիկը Գագկաշենի գմբեթին գլուխը կդրվեր, քան կաթուղիկեին։ Եթե նույնիսկ շեն եղած լիներ, անկասկած, մինչև հետին սպասը թալանված պիտի լիներ, ինչպես մյուս կաթուղիկեն։ Բայց որովհետև պատմագիրներու մեջ բացի Կատրանիդե թագուհու կանգնած կաթուղիկեեն ուրիշ եկեղեցվո մասին գրված ոչինչ չենք գտներ, բնականաբար, եթե ոչ բոլորովին կործանված, գեթ անպետքացած և յուր զարդերեն միանգամայն մերկացած էր։ Պեղումներու ժամանակ արդեն պարզ երևաց, որ հյուսիսեն հարավ մի պատ քաշված էր քանդված մասը մնացածեն զատելու համար, և այսպես մի առժամանակ, իբրև մեծագործ նախնյաց հիշատակարան, պարբերաբար պաշտամունք կատարեր են։ Ահա այդ ժամանակ կախվեր է այդ պղնձի կտորներեն կազմված ողորմելի ջահը, որն որ վերջին փլուզման ժամանակ գմբեթին անկումով թաղվեր է փլատակներու տակ։ Պետք է միանգամայն համոզվել, որ գագկաշեն բոլորակ ս. Գրիգորի մեջ, բացի քարերեն, ուրիշ ոչ մի բան մեզի չէ հասած, որ Գագիկի կամ Բագրատունիներու ժամանակակից լինի, և միանգամայն աններելի է հսկայական գեղարվեստական մի մեծագործության հետ կապել անճաշակ ու անարվեստ հետնագույն աղքատության շրջանի արտադրություններ։


* * *

Անիի պեղումները անհունապես մեծ ծառայություն մատուցին՝ հայոց ճարտարապետության անգնահատելի գանձերը ի լույս հանելով։ Այնտեղ երևան եկան 7-րդ դարեն մինչև 14-րդ դարու ճարտարապետական վերածնություններու չքնաղ նմուշներ, որոնց համար բանաստեղծական գովքեր հյուսվեցան Եվրոպայի գիտնական արվեստագետներու կողմե։ Համաշխարհային գեղարվեստի պատմության համար մութ առեղծվածներու բանալին եղավ շատ անգամ և դեռ կոչված է մեծամեծ ծառայություններ մատուցանելու թե համաշխարհային հին գեղարվեստի պատմության լուսաբանության և թե ստեղծագործողներու ցեղական արժանավորություններու համար, եթե հետազոտությունները շարունակվին անաչառ և անշահախնդիր ուսումնասիրությամբ։

Անիի ճարտարապետական գոհարները այնպիսի հետաքրքրություն զարթեցուցին և այնպիսի հրապույր ստեղծեցին իրենց շուրջը, որ գիտնականներ ակամա խոնարհեցան անոր իրական արժանավորություններու առջև և մեկը աշխարհահռչակ գիտնականներեն վերջապես խոստովանեցավ անոր ինքնուրույն զարգացումը սեփական դրոշմի ներքև։

Եթե ավերակները և պեղումները մեզ բավարար գոհացում չպատճառեցին հայ պատմական կենցաղի մասին, կա նաև մի ուրիշ աղբյուր, որ հուսալի է շատ լուսաբանություններ քաղել անկե, անցյալի մթության մեջ կորած անորոշություններու վերաբերյալ։ Այդ աղբյուրն է հայրենի հողին վրա կյանքը