Էջ:The Architecture, Tom 1.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Օշականում, մի փոքր շրջանի մեջ մի քանի դոլմեններ կան, որոնց օշականցիք Օղուզի տներ են ասում, որ թերևս կապ ունի այս անվանումը ընդհանուր դոլմենների համար ստեղծված ժողովրդական առասպելի հետ։ Օշականի դոլմեններեն թեև մեծ մասը քարուքանդ եղած են, սակայն անոնցմե պահված են երկու կամ երեք հատ, որոնց վրա կարելի է տեսնել անոնց նախնական վիճակը և գաղափար կազմել Հայաստանի դոլմենների վրա։ Այս դոլմենները, ինչպես ասում է հին ավանդությունը, շինված են իբր արհեստական քարայր՝ քարի վիթխարի զանգվածներով և գրեթե ծածկված են եղած հողի ներքև։ Բաց են միայն մուտքի կողմերը, որոնք թերևս նախապես հողով ծածկված էին և շատ հետո բացվել են մարդոց ձեռքով, որուն պատճառը ներկայիս մեզ հայտնի չէ։ Ճիշտ է, որ անոնց երևույթը կատարելապես քարայրի նման է՝ մեծազանգված վիթխարի քարերով շինված և վրաները նույնպես կիկլոպյան հսկա անտաշ քարերով ծածկված։ Եվ այս բոլորը, իհարկե, շինված են առանց որևիցե շաղախի։

Շինվածքի նախնականության և անկանոնության պատճառով ուղիղ չափել հնար չէր, այնուամենայնիվ, որչափ որ հնար էր չափել, չափել եմ և չափերը մոտավորապես հետևյալներն են.

Առաջին դոլմեն
Արտաքուստ երկարությունն է 9,70 մ.
» լայնությունն է 6,40 մ.
Ներքուստ երկարությունն է (քանդված)
» լայնությունն է 2,60 մ.

Շրջապատ պատերը կազմելու համար հսկայական քարեր առանց աղախի միմյանց վրա դրված են, բայց որովհետև քարերը վրայե վրա հետզհետ առաջակարկառ դրված են, հետևաբար վերևի մասը բավական նեղցած է։ Բարձրության միջին մասը 2,60 մ, լայնություն ունի, իսկ դեպի վերև հետզհետե նեղցած է։

Դոլմենի վրա դրված են, բացի կողմնակի մանր քարերից, մեծ քարեր, որոնց չափերը հետևյալներն են.

ա. քար − երկարությունն է 2,10 մ.
» լայնությունն է 1,37 մ,
բ. քար − երկարությունն է 2,11 մ,
» լայնությունն է 1,35 մ.

Այս առաջին դոլմենը շրջապատված է եղել որձաքար անշաղախ պատերով. դոլմենից դեպի արևելք պատի հեռավորությունն է 12,80 մ., իսկ դեպի հյուսիս՝ 11 մ., մյուս կողմի պատերն արդեն քանդած և քարերը տարած են, որովհետև տեղը հետզհետե մաքրելով, մշակելի են դարձնում և այգի տնկում։

Երկրորդ դոլմեն
Արտաքուստ երկարությունն է 8,00 մ. (գուցե ավելի, որովհետև ծայրից քարերը տարված են)
Արտաքուստ լայնությունն է 4,20 մ
Ներքուստ երկարությունն է 7,50 մ.
» լայնությունն է 3,10 մ.

Վրան, իբրև ծածկ, դրված քարերը 172x100 սմ. մեծություն ունին և զանազան ուղղություններ տալով, փակել են գլուխը։

Երրորդ դոլմեն

(Ճշտիվ չափել կարելի չեղավ, որովհետև քարերը մեծ մասամբ տարված են)

Արտաքուստ լայնությունն է 4,70 մ.
Ներքուստ լայնությունն է 1,10 մ.

Առհասարակ, դոլմենները թե արտաքուստ և թե ներքուստ երկարավուն ձև ունին, ներքուստ լայնության կողմի ճակատները, շարքերի նախնականության պատճառով, բոլորշիի նմանություն են տալիս, որն առաջ է գալիս մեծամեծ քարե զանգվածների անհեթեթ ձևերից, որոնցով հնար չէ ուղղանկյուն կազմել պատի մեջ։ Այստեղ ևս, մյուս դոլմենների օրինակով, պատի քարերը առաջակարկառ շարելով վերևը նեղցուցած են՝ վրաները հեշտությամբ ծածկելու հարմարության համար։

Այս երեք դոլմեններն իրենց հատկություններով ժամանակակից են, միայն այս վերջինը մի քիչ փոքր է:

Հայաստանի դոլմենների արտաքին ձևերը առհասարակ խախտված են, իսկ ներսի երկարավուն ձևերը պահված են, եթե անոնք ևս (չգիտեմ ի՞նչ դիպվածով) մինչև բերանը քարով և հողով լեցված չլինեն։ Շինության ժամանակ, ավելորդ է կրկնել, որ վրայե վրա քարերը միշտ առաջակարկառ զետեղված են, որ վերևը խոշոր քարերով ծածկվելեն հետո, պարզապես կամարածածկի տպավորություն են թողնում, և շատ հավանական է, որ այս ձևով շարված քարերը կամարակապի նախագաղափարներն են եղած։