Էջ:The Architecture, Tom 1.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուլլե-կոնդի ծավալը չունի, այնուամենայնիվ մի մեծ հողադամբան է. և գուցե 7-րդ դարում իսկ, անծանոթ այս հատկության, գագաթին շինել են չափավոր մեծությամբ մի եկեղեցի, որուն ավերակները կերևան այժմ։ Արդյոք տեղի արհեստականությունը և հողի անհաստատությունը չէ՞ր պատճառ տված գագաթի շենքի անհաստատության և անժամանակ փլուզման։

Բաղդատության համար դնում եմ այստեղ Լյուդացվոց Ալիաթ թագավորի մեծ հողադամբանը (նկ. 5), որուն տակն ամփոփված էր թագավորի մարմինը։ Այս ձևի հողադամբաններ կան Փոքր Ասիայում գրեթե 7-րդ դարուց (մ. թ. ա.) սկսած, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան տոհմականին մեծ հողաթմբի տակ թաղելու այս սովորությունը Փոքր Ասիայից է եկել Հայաստան։ Թեև ոչ այնքան մեծ, ինչպես նախորդ նկարագրածներս, այնուամենայնիվ միջակ և փոքր մեծությամբ հողադամբաններ շատ են գտնվում Արարատի և Արագածի շրջաններում։ Դյուզքենդի շրջանում մի քանի գյուղերի մեջ, ինչպես՝ Հոռոմ, Դիրակլար և այլն և այլն, Բ. Խալաթյան բավական քանակությամբ հողադամբաններ պեղել է. թե ինչե՞ր է հանել այդ հողադամբաններեն և ո՞ւր է տարել հանած իրեղենները, հայտնի չէ։

Այժմ հետաքրքրվողը կարող է տեսնել այսօրինակ հողադամբաններ ոչ միայն նախապես հիշված տեղերում, այլև Հաջիղարա, Հարամլու, Աղավնատուն, Ղզնավուզ, Աղջակալա և այլ գյուղերի սահմաններում, բացի հողադամբաններից, նաև քարադամբաններ։ Մասնավորապես դեպի Կոշ և Շամիրան գնալու ճանապարհների երկու կողմի վրա շատ կան հողադամբաններ և քարադամբաններ։

Այս քարադամբանները, ինչպես երևում է, Հայաստանին հատուկ են և երբեմն անոնցմե վիթխարի մեծություն ունեցողներ կան։ Այս քարադամբանները, ամենայն հավանականությամբ, շինել են մեծամեծ հողադամբանների փոխարեն, և փոխանակ հողով մեծ ու փոքր բլուրներ ձևացնելու, միջակ և փոքր քարեղեն քարակույտերով ձևացուցել են վիթխարի դամբարաններ թե երկար և թե բարձր:

Սարդարապատի մոտից դեպի Թալին երկարող ճանապարհին, Թալին գյուղի մոտ գտնված բարձունքների ստորոտում, գնալիս ճանապարհի աջ կողմին, ամայի դաշտի մեջ, կգտնվին քառասունե ավելի հսկայական քարակույտ դամբարաններ, ճանապարհի ձախ կողմին ևս կան, սակայն քանակով քիչ և աջ կողմինին նման մի կարգի վրա շարված չեն։ Այս դամբարանները ոչ միայն ուսումնասիրված չեն, այլև այսօրինակ քարակույտ դամբարաններ եզակի են գրեթե համաշխարհային դամբարանների մեջ։ Այս դամբարանները եթե պեղվին, հետախուզվին և ուսումնասիրվին, պատմական շատ մեծ նորություններ պիտի մատակարարեն։ Թեև գտնվել են գյուղացիներ, որոնք այդ դամբարան քարակույտերի ներքև ոսկի երազելով, ամիսներ աշխատել են մի քանի մարդոց ընկերակցությամբ, մի երկու, դամբարանների քարակույտերը տեղափոխել են, սակայն, հակառակ իրենց ակնկալության, խիստ հուսախաբվել են. քարաբլուրի ներքև փոխանակ ոսկի գտնելու, գտել են գետնափոր դռներ, գետնուղիներ, ստորերկրյա երկար գնացքներ, բայց չեն համարձակվել երկար հետազոտելու, մեկ խոսքով՝ վախեցել են. այսպես են պաամում Մեծ Թալինի ծերերը։

Քարակույտ դամբարաններ կան նաև Խըզնավուզից դեպի Շամիրան գնալու ճանապարհի երկու կողմի վրա. ասոնք թեև մի քիչ փոքր են, քան Թալինի քարադամբանները, սակայն միևնույն հատկանիշներն ունին արտաքուստ և միևնույն ստորերկրյա պարունակությունը։


Գ
ԿՐՈՄԼԵԽՆԵՐ

Գերեզմանական ճարտարապետության մեջ, հողադամբաններից քարադամբաններից և դոլմեններից հետո, իբր մահվան մշտնջենական հիշատակարան, կրոմլեխները եղան ժողովրդի համար՝ հավանականաբար նախապես նկարագրված մեծ դամբարաններին զուգահեռաբար, որովհետև եթե նախընթացները տոհմապետներին հատուկ էին, կրոմլեխները ևս հասարակ ժողովրդյան մշտնջենական հուշարձանները եղան մահվանից հետո։

Կրոմլեխները ևս երկար դարեր շարունակեցին իրենց գոյությունը, ունեցան պարբերական զարգացում և անկում արհեստագործական տեսակետով։

Կրոմլեխների բոլորակ շրջագիծը Հայաստանի մեջ ընդհանրապես սև քարերով է կազմված. այդ գույնն անպատճառ ունեցած է իր կրոնական նշանակությունը, և յուրաքանչյուր գերեզմանի համար պարտավորիչ էր այդ բոլորակ շրջագիծը, որ անշուշտ ուներ նաև կրոնական նշանակություն, ինչ ձև ու մեծություն ալ որ ունենար գերեզմանը։ Հայաստանի մեջ մեծ հողադամբանները (ինչպես՝ Օշական) ստորին կողմից կրկնակի շրջագծված են մեծազանգված անտաշ և անշաղախ քարե պատերով։

Հայաստանում ամեն շրջանի մեջ միօրինակ չեն կրոմլեխները. ոմանք բոլորովին նախնական արհեստագործությամբ են շինված, ինչպես Հաջիղարայի մոտի մեծ գերեզմանատունը, իսկ ոմանք փոքր ի շատե որակավորված արհեստավորի կազմած են, ինչպես՝ Շամիրամ գյուղին կիզ գերեզմանատունը և Աղավնատուն ու Հարամլու գյուղերի սահմանի վրա գտնված կրոմլեխը։