Էջ:The Architecture, Tom 1.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեծացան, բազմացան և որոշ չափով կրթվելով՝ անկախ պետություններ կազմեցին:

Ճարտարապետության մի պատմաբան կենդանի և բնորոշ պատկեր է տալիս նախնադարյան ժողովրդի քաղաքական կենցաղի համար և ասում է. «Ամեն լեռ մի իշխանություն էր, ամեն ժայռ մի ամրություն և ամեն մի քարայր՝ մարդկային բնակարան. հարկը պահանջած ժամանակ շրջակա համայնքների ղեկավարներ մի միություն կկազմեին արտաքին թշնամուն վանելու համար, իսկ [երբ] արտաքին թշնամուց ապահով լինեին, անդադար միմյանց դեմ կկռվեին»:

Հայաստանի սահմաններում մինչև այժմ գոյություն ունեցող բազմաթիվ կիկլոպյան շենքերի մնացորդները, որոնց մեծ մասը բերդեր, տոհմատիրական ամրոցներ և բնակարաններ են, անվիճելի կերպով ապացուցում են բազմաթիվ անկախ տոհմերի գոյությունը և միմյանց դեմ անդադար կռիվը։ Այդ տոհմերն այլևս գոյություն չունին. հին պատմության մեջ հազիվ անոնց մեկ քանիի մասին պատմական հիշատակություններ կան։ Այդ տոհմերի քաղաքական կյանքի չարքաշ գործունեության և ինքնապաշտպանության համար գործ դրած միջոցներն են փոքր ի շատե մնացել և հասել մեզ, որոնք բերդեր, ամրոցներ են առանց նույնիսկ ներկայիս գիտցվելու, թե ո՛ւմ և ո՛ր տոհմին են պատկանում նույնիսկ ներկա Հայաստանի մեջ այնքան խիտ տարածված, մեծազանգված քարերով կառուցված կիկլոպյան ամրոցները և բերդաքաղաքները հայտնի չէ, թե ո՛ր համայնքին են պատկանել։

Նախքան իմ անձամբ տեսած և հետազոտած ամրոցների ու բերդաքաղաքների նկարագրությունը, շահեկան եմ համարում գեթ ուրվագծել այն մտածելակերպը և ձեռնարկները, որ ունեցել են նախամարդիկ, ամրոցների և բերդաքաղաքների տեսակետով, հարմար տեղերի ընտրության համար։

Ամրոց կամ բերդ շինելու համար, երևում է, որ մի ընդհանուր կանոն ունեցեր են նախնիք տեղի ընտրության, և այս ընդհանուր կանոնին հազվադեպ բացառությամբ շեղվել են։

Ամրոցը պետք է շինվեր մի բարձր սարի վրա, որը միևնույն ժամանակ լիներ նաև մի հրաբխային խիտ քարքարուտ: Այս սարը գագաթից շրջապատվելուց հետո, գագաթի վրա կշինվեր տոհմապետի բնակարանը և անոր համար պետք եղած առանձին հարկաբաժինները: Սարը, իր դիրքին և հարմարության համեմատ, գագաթից մինչև ստորոտը պետք է որ շրջապատված լիներ երեքից մինչև յոթը կարգ պարիսպներով։ Տոհմատիրական ամրոցի բարձր սարը հեռվից պետք է շրջապատված լիներ բարձր բլուրներով, որոնց գագաթների վրա ևս շինված էին ամրոցի պարիսպներ, բայց ոչ այնչափ զրահավորված պարիսպների խտությամբ, ինչպիսին էր տոհմապետի ամրոցը: Իսկ այս մեծ ու փոքր բլուրների ընդգրկած միջավայրը քաղաքատեղին էր, որը նույնպես բարձր էր դաշտերից, անտարակույս, անմատչելիությունն ի նկատի ունենալով:

Ամրոցների և բերդաքաղաքների համար ընտրված քարքարուտ սարերն աննպատակ չեն եղած։ Այն ժամանակվա պատերազմական տեսակետով, քարքարուտ սարերը մի անառիկ դիրք կստեղծեին ամրոցներին և բերդաքաղաքներին։ Բացի սլատերազմական անառիկ դիքրի ստեղծումը, շինարարական տեսակետով ևս անփոխարինելի օգուտներ էին տալիս, երբ ի նկատի առնենք, որ այն ժամանակ, երբ պատերի և պարիսպների մեջ հսկայական մեծազանգված քարեր էին գործածում, ոչ միայն այս մեծազանգված, այլև փոքր քարերն անգամ փոխադրելու միջոցներ չկայյին, և այն ժամանակվա մարդիկ օգտվում էին քարքարուտ սարերից, նույնիսկ տեղի վրա գտնված քարերը նույնությամբ օգտագործում էին թե ամրոցների, թե տոհմապետի բնակարանների և քաղաքների անհատական շինությունների համար:

Մեծ սարի գագաթի վրա գտնված մեծազանգված քարերը հազիվ բավականացնում էին տոհմապետի բնակարանի և հարակից կարևոր հարկաբաժինների համար և գագաթի շրջապատ թանձր պարիսպի համար։ Իսկ բլուրի լանջերի վրայի մինչև ստորոտը գտնված քարերն օգտագործում էին սարը շրջապատող մի քանի կարգ պարիսպների համար: Քաղաքը շինելու համար, նմանապես տեղի վրա գոյություն ունեցող քարերը բավական էին այն ժամանակվա տները կառուցելու համար։ Հին ժամանակվա տները շատ պարզ էին. առհասարակ միահարկ էին գրեթե առանց բացառության, ներքին մեկ բաժանում միայն ունեին, շատ հազվադեսլ էին երկու բաժանում ունեցող բնակարաններ։ Վրաները փայտով ծածկված երդիկներ էին։ Պատուհանների մասին ոչինչ չգիտենք, որովհետև ամբողջ բարձրությամբ պահված տներ չկան, ավերակների մեջ տների պատեր հազիվ մեկ կամ մեկ ու կես մետր բարձրությամբ մնացել են, որոնց պատուհանների հետքեր չկան. ամենայն հավանականությամբ լուսամուտներ կտուրից էին բացված։

Բացի շինարարական կարգերի մեջ քարքարուտ սարերի և բլուրների օգուտը, մի ուրիշ անփոխարինելի առավելություն ևս ունեին, ինչպես վերև ակնարկեցի, բերդ ու քաղաքներ անառիկ կդառնային։ Եթե թշնամին հարձակում գործեր քաղաքի կամ ամրոցի վրա, այն ժամանակվա պատերազմական գործիքներով գրեթե անհնար էր մոտենալ, որովհետև ամրոցը պատող քարքարուտներեն շատ դժվար էր անցնել և առաջանալ պաշարող բազմության կողմից, և որովհետև, ըստ ընտրության տեղի, առհասարակ զառիվայրի վրա էին քաղաքները, ուստի ամրացած քաղաքացիներն ինքնապաշտպանության համար, ինչսլես վկայում է մի հին պատմագիր, վերևից ցած քարեր գլորելով վնասում էին հարձակվող թշնամուն, և թշնամին սիրտ չէր անում առաջ գնալ, գիտնալով, որ անսպառ քարեր կան վերևը և շարունակ ենթակա են իրենք քարահալած լինելու:

Իմ այցելած նախապատմական բերդեր և բերդաքաղաքներ միևնույն դարաշրջանի գործեր չեն. գեթ այդպես են ցույց տալիս որմնաշինական բազմատեսակ նախնական արհեստագործությունները։ Այդ պատճառով, նախաքրիստոնեական շրջանի նախնական որմնաշինությունը երեք զանազան զարգացման և բարեփոխության ենթարկված եմ համարում մինչև քրիստոնեական թվականը։ Բոլորովին հին, նախնադարյան ժամանակի այնպիսի մեծազանգված