Էջ:The Architecture, Tom 1.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմերը, որոնք իսկապես արժանի են ուշադրության և մանրամասն հետազոտության։

Որովհետև մի նեղ գծի վրա հսկայական քարերի անշաղախ անկարգ կուտակումը համարում ենք նախապատմական ժամանակի պարիսպ, այստեղ ևս իբրև պարիսպ կատարված են այդ կուտակումները թե գագաթի շուրջ և թե արևելյան ու հարավային լանջերի վրա։ Լեռնաբարձունքի գագաթից մինչև ստորոտ հինգ կարգ միմյանց հաջորդող կուտակումներով կազմված պարիսպները բոլորովին նախնական ձև ունին, որմնաշինության օրենքների տեսակետով, քարերի կանոնավոր շարք ամենևին գոյություն չունի, և այս հանգամանքն անվրեպ ապացույց է, որ այս պարիսպները շինված են նախնադարյան ժամանակ։ Հարավային կողմը շինված պարսպամեջերը, որ 8-10 մետր լայնություն ունին, գյուղացիների ձեռքով այնքան մաքրված ու հարթված են, որ իբրև վարելահող գործածվում են, թեև այդ մասերի հողերը շատ խորություն չունին ներքևը ժայռ լինելու պատճառով։ Բացի հասարակաց վերելքի ճանապարհները, պարսպամեջերից ևս վերելքի ճանապարհ է ունեցել, փոքր դռներով մեկից մյուս պարսպամեջն անցնելով մինչև գագաթը. և երբ կհասնի գագաթի պարիսպին, նույնպես մի փոքր դռնով ներս կմտնվի լեռնագագաթի հարթության մեջ։ Բայց քննությունը ցույց տվեց, որ պարսպամեջերի հողերի հարթությունը մի քիչ շեղ է դեպի վերև, այնպես որ ներքևի փոքր դռնից ներս մտնելով՝ մինչև մյուս դուռը հասնելը անզգալի կերպով բարձրանում է ճանապարհը և հասնում է երկրորդ դռանը և այսպես հաջորդաբար մինչև գագաթ։ Բերդի այս պարսպամեջերի ճանապարհը, անշուշտ, իր նպատակն ուներ, անկախ հասարակաց ճանապարհից, որը գոյություն ուներ արևելյան լեռնաշղթայի լանջերի վրա։

Հասարակաց ճանապարհներ մինչև այսօր գոյություն ունին հարավից դեպի հյուսիս երկարող լեռնաշղթայի լանջերին, որին հենված է արևմուտքից դեպի արևելք երկարող հրվանդանաձև նեղ ու երկար բարձունքը։ Լեռնաշղթայի հյուսիսային կողմի լանջի վրա, հասարակաց ճանապարհի հետքը հազիվ մնացել է. իսկ հարավային կողմի ճանապարհը ոչ միայն ի հնումն ծառայել է նախնիքներին, այսօր ևս օգտվում են ներկա ժողովուրդները։ Այս ճանապարհը ստորոտից շեղակի բարձրանալով դեպի վեր, մի փոքր ուղիղ ճանապարհով հասնում է մեծ դռան առջև, ուրկե ներս մտնելով՝ կպարզվի նեղ ու երկայն գագաթի հարթ տարածությունը։ Այս բարձունքի ամենաուշագրավ մասը գագաթն է, որի ընդարձակ տարածությունը տոհմատիրական ամրոցի բնավ նմանություն չունի։ Գագաթի ընդարձակ տարածությունը, որ քարերից մաքրված և խորտուբորտ ժայռերից հարթված է, ամրոցային բնակության բնավ հետքեր չկան, ինչպես գոյություն ունին ուրիշ հին ամրոցների և բերդերի մեջ։ Եթե տոհմատիրական ամրոց լիներ այս բարձունքը, պետք էր գոնե ամրոցային բնակության հատուկ հատակագծեր երևային գետնի վրա։ Ընդհակառակը, գագաթն ամբողջովին հարթ հավասար մաքրված է. միայն գագաթի արևելյան կողմին մոտիկ, սենյականման մի փոքրածավալ հատակագիծ է երևում, որը եթե կանգուն երևակայենք, հազիվհազ 7-8 մարդ կտեղավորվեր անոր մեջ, առանց կահկարասիքի։ Ահա մի պարագա, որ ակամա մտածել կուտա հետաքրքրվող այցելվին, թե ինչու համար էր այս բարձունքի հարթությունը և անոր մեջ այս փոքրիկ սենյակը գագաթի ընդարձակ հարթության մեջ։ Փակագծի մեջ ասեմ, որ եթե գագաթի հարթ հատակն ամբողջովին ժայռ լիներ, թերևս գյուղացիք օգտագործեին իբրև ցանքատեղի և այն փոքր սենյակը ևս լիներ իբրև պահնորդարան, բայց իրողությունն է, որ այս գագաթի տարածությունն ամբողջովին ժայռ է և միշտ անընդունակ ցանքի: Տարօրինակ բարձունքները մանրամասն հետազոտելուց հետո, երբ ցած և հեռվից սկսեցի դիտել այս բարձունքն իր շրջապատով, այս հեռանկարը ոչ միայն զարմանք պատկառեց ինձ իր ընդհանուր երևույթով, այլև ավելի պարզվեց իր կոչումը։ Այժմ ինձ համար ավելի հասկանալի եղավ, որ այս բարձունքը ոչ թե իբրև բերդ, այլ տարբեր նպատակի համար շինված էր։ Չնայելով իր կիսափուլ վիճակին, եթե այսօր իսկ մեկը հեռվից դիտե այս բարձունքը, մի աստիճանավոր բուրգի կատարյալ նմանությունը կտեսնե։ Ուստի, դրսի աստիճանավոր բուրգի և գագաթի դատարկությունը մի փոքր սենյակով, ուրիշ ի՞նչ նպատակով կարող է շինված լինել, բացի պաշտաման հատուկ մի բարձրությունից։

Նկատի ունենալով արևելյան ժողովուրդների բնապաշտությունը, բնական էր, որ ենթադրեի նաև անոնց բնապաշտության և պաշտամունքի ձևերի ազդեցությունը Հայաստանի վրա։ Թեև գիտնականներ շատ կան, որ Արևելքի կրոնական ազդեցությունը դրական կերպով կհաստատեն Հայաստանի վրա, սակայն ես, իմ անձնական հետազոտությունների վրա հիմնված, համոզված եմ, որ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր թվականի 15-րդ դարը հայոց ճարտարապետության վրա բազմաթիվ արևելյան ազդեցություններ կան։ Բնականաբար իր գեղարվեստով և ճարտարապետությամբ միանգամայն Արևելքին հարող ժողովուրդ կրոնապես ևս պիտի ենթարկվեր անոնց ազդեցության։

Հայաստանի արևելքում, ասորա-քաղդեական հին կրոնի մեջ գլխավոր տեղ կբռնե քաղդեական տաճարը, որուն Ziggourât են անվանում ևրոպական պատմիչներ։ Գիտնականներե ոմանք Զիկկուռան նմանցնում են եգիպտական աստիճանավոր բուրգի, թեև տարբեր կոչումով: Աստիճանավոր բուրգը կամ Զիկկուռան, քաղդեացիների բացօթյա տաճարն էր և չափազանց բարձր էր: Յոթը հարկ ուներ, ներքևի խարիսխ համարվող հարկն ավելի բարձր էր, քան քաղաքի տների կտուրները։ Իսկ մյուս հարկերը, թեև բարձրությամբ միմյանց հավասար, բայց հատակի տարածություններն աստիճանաբար փոքրանալով՝ միմյանց վրա բարձրացած էին. այսպիսով, ստորոտում լայնանիստ և կատարով յոթերորդ հարկում որոշ չափով փոքրացած, աստիճանավոր մի բուրգի տպավորություն էր թողնում։ Խարիսխ համարվող ստորին