Էջ:The Architecture, Tom 1.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո, որոնց մեջ նկատվում է փոքր ինչ հառաջադիմություն որմնաշինության արհեստին:

Փարպի գյուղից վերև, Արագածի հարավ-արևելյան լանջի վրա, բավական անառիկ դիրք ունեցող մի վայրում, կանգնված են թե՛ բերդը և թե՛ բերդաքաղաքը, որոնք ներկայիս, իրենց հեռավոր շրջաններով իսկ, բոլորովին ամայացած են։ Փարպիից անընդհատ բարձրանում էինք դեպի վերև, ուր բանված ճանապարհի ոչ մի հետք չկար, բացի հազիվ նշմարվող արահետներից, որոնք գոյացել էին սարում արածող արջառների և ոչխարների կճղակների տակ։

Սկզբում, երբ բերդը և կից բերդաքաղաքը լեցուն էին կենդանի բազմությունով, ունեին 4-5 մետր լայնությամբ մի ձեռագործ ճանապարհ դեպի ստորին դաշտն իջնող, որը ներկայիս չափազանց պարզ հայտնի է՝ թեև մանր խիճերով ու խոտով ծածկված։ Այս ձեռագործ ճանապարհը Փարպիից վերև, դեպի հյուսիս-արևելք, շեղվում է դեպի արևելք և ո՞ւր է գնում, ինձ հայտնի չէ։ Իսկ դեպի վերև հառաջանում է ուղիղ մեծ ամրոցի հյուսիս-արևելյան դռան առջև և այնտեղից ճյուղավորվում է դեպի բերդաքաղաքը, որ տարածվում է բերդից հյուսիս-արևմուտք։

Բերդի գլխավոր դուռն ամրացած է երկու հսկայական քառակուսի բուրգերով և նաև մի շարք փոքր բուրգերով ամրացած են հյուսիսային և արևմտյան ճակատները։ Արևելյան ճակատը մասամբ միայն պարիսպով ու բուրգերով ամրացած է, իսկ մնացած մասը ամբողջ հարավային ճակատով միասին պաշտպանված են անդնդային խոր ձորերով։ Բոլոր պարիսպները և բուրգերը շինված են առանց կրաշաղախի, անտաշ վիթխարի քարերով։ Հյուսիսային խիտ բուրգերի չորրորդին կից կա մի փոքրիկ դուռ (անշուշտ գաղտնի դուռ), որը մինչև այսօր անվթար պահված է իր միակտուր անտաշ քարե բարավորներով և քարե վերնասյամով։ Ամրոցի արևմտյան կողմը, ուր կա մի ավերված երկրորդական դուռ, որի երկու կողմերում կան բավական մեծկակ քառակուսի բուրգեր։ Այս բուրգերի արանքները, ամբողջ ճակատի վրա, որ ավելի լայն են, քան բուրգերի ճակատները, ծածկված են միակտուր վիթխարի քարերով, քարերի բարձրություններն իմ հասակիցս ավելի էին, նմանապես լայնություններն առանց օժանդակ կտորի, անշուշտ, ավելի բարձր էին պատերը, քան ինչ որ այժմ գոյություն ունին: Բայց ի՞նչ ուժով և հնարով կանգնել են այդ ծանր քարի զանգվածները, առայժմ մեզ համար անծանոթ է։

Ամրոցի պարսպամեջը ևս բավական ընդարձակ եղած է, ինչպես Աղթամուրի ամրոցը, ներսում եղել է բավականին հոծ բնակչություն և այս բնակչությունը գոյություն է ունեցել մինչև քրիստոնեության սկիզբը, ինչպես ցույց են տալիս նշանները, այս նախաքրիստոնեական վերջին ժամանակ միայն լքել են թե ամրոցը և թե բերդաքաղաքը:

Պարիսպից դուրս եղած բերդաքաղաքը կես կիլոմետրից ավելի երկարություն ունի, քիչ ավելի ևս լայնություն։ Տների պատերը համեմատաբար ավելի բարձր մնացած են, քան ուրիշ բերդաքաղաքներ։ Տների արտաքին պատերի վրա երևում են ամբողջական դռներ՝ անտաշ քարեղեն բարավորներով, ամբողջ շենքերը շինված են անտաշ որձաքարով առանց շաղախի, պատուհանների նշաններ չկան, շինությանց քարերը չափավոր մեծություն ունին, հակաոակ բերդի շինության հատկացված վիթխարի քարերի։ Ինչպես ամբողջ բերդի պարիսպների և բերդամիջի շինությունների մեջ, այստեղ բերդաքաղաքի մեջ ևս ոչ մի տեղ չի երևում կրաշաղախով պատերի հետքեր։

Ամրոցից դուրս, բերդաքաղաքից փոքր ինչ դեպի հարավ, ձորերի մեջ, շատ քարայրեր կան, որոնց ուսումնասիրությունը չափազանց շահեկան է հնագիտության համար:

Կոխդայիրման.− Այժմյան Կոխդայիրման գյուղի հարավային կողմը, մոտավորապես երկու կիոմետր հեռավորությամբ, մի բարձր սարի վրա կգտնվի նախաքրիստոնեական մի մեծ ամրոց, շրջապատված երեք կամ չորս հաջորդական շրջապարիսպներով, որոնք շինված են ամրոցի պաշտպանության համար։ Ամրոցի հյուսիսային և արևելյան կողմերի անմիջապես ստորոտին տարածված է եղել բերդաքաղաքը, որի պարզ հետքերը մեծ մասամբ մնացել են այժմ տեղի վրա։

Այս բերդը մարդկային արտակարգ ուժի և չարատանջ աշխատության մի պերճախոս ապացույց է։ Բերդի շուրջը գտնվող քաղաքատեղիի մեջ հավաքված ժողովուրդը, իր տոհմապետի ապահովության համար, բերդը ոչ միայն գագաթից պատել է ընդարձակ տարածության վրա ամուր պարիսպներով, այլև բերդակիր սարի լանջերի վրա, միմյանցից որոշ հեռավորությամբ կառուցել է չորս կարգ պարիսպներ ամեն կողմի վրա։ Հյուսիս-արևելյան կողմը, սարի ստորոտին, նույնիսկ մի հինգերորդ պարիսպի հետքեր են երևում։ Այս բերդը, որ անհամեմատ ուշ է շինված, քան նախորդ նկարագրվածները, այնուամենայնիվ տակավին կրաշաղախով չէ, թեև հին որմնաշինությունների հետ բաղդատելով, որոշ հառաջադիմություն եղած է շինարարական արհեստի մեջ: Արևմտյան կողմից, խոր ձորի մեջ, կգտնվի գյուղի կողքից անցնող վտակը. այս ձորն այնքան խոր է և այնքան թեք է լանջը, որ ականատեսը չի կարող չզարմանալ, թե այդ թեք լանջի վրա ինչպե՞ս կարողացան շինել արտակարգ խոշորությամբ չորս կարգ պարիսպներ։ Այս լանջի վրայի պարիսպներն են, որ բոլորովին նախնական ձևով շինված են բացի վերևի բերդը անմիջապես շրջապատող պարիսպից, որը շարվածքով և իր լարաձիգ ուղղությամբ զանազանվում է նախկին դարաշրջանների շինվածներից։ Այստեղ արդեն քարերի դասավորությունը ոչ միայն համապատասխանում է որմնաշինական արհեստին, այլև պարզ երևում են նաև բրոնզյա մուրճի թեթև հարվածները՝ պատերի վրա շարված քարերի անկյունների վրա։ Իհարկե, չեն կարողացել լիովին կոկել քարը և մեկ հորիզոնական գծի վրա շարել հաջորդական քարերը, բայց անկյունների վրա որոշ հարվածներ տվել են քարերը քառակուսելու համար, և յուրաքանչյուր քարի նիստերն աշխատել են կոկել պատերի վրա լավ տեղավորելու համար։ Միևնույն երևույթն ունին մյուս կողմերի վրա շինված պարիսպները, որ անվիճելի