Էջ:The Architecture, Tom 1.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Է
[ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ ՇԻՆՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ]

Նախաքրիստոնեական արվեստի գաղափարը իր ուրվագծի մեջ գոնե լրիվ լինելու համար, ըստ իս, անհրաժեշտ է ավելացնել. 1) այն հուշարձանական մնացորդները, որոնք, հակառակ նախորդ նկարագրությունների, կրաշաղախով կամ անկրաշաղախ շինված են մեր թվականության սկիզբները և 2) այն հին մատենագրական ակնարկները կամ նկարագրությունները, որոնք ցույց են տալիս, թե նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետական ոճը շարունակվել է մի ժամանակ նաև քրիստոնեական թվականի սկիզբներում։

Աշխատությանս շարունակության մեջ պիտի տեսնվի, թե նույն իսկ նախաքրիստոնեական շրջանում տեղի է ունեցել Հայաստանի ճարտարապետական արվեստի առաջին վերածնությունը և տևել է մինչև քրիստոնեական թվականի 5-րդ դարի վերջը:

Այժմ արձանագրենք և վերջացնենք ներկա Հայաստանի սահմանների մեջ ճարտարապետական թե այն մնացորդները, որոնք շինված են ընդհանրապես կրաշաղախով և հասել են քրիստոնեական ժամանակաշրջանին և օգտագործվել են իբրև եկեղեցի, ծայրերին կիսաբոլորակ խորաններ ավելացնելով, և թե այն հուշարձանները, որոնց մասին հին պատմագիրների վկայություններ կամ ակնարկներ կան քրիստոնեության շրջանում շինված լինելուն, թեև նախաքրիստոնեական ոճով:

Վերև մի անգամ հիշել եմ, որ նախաքրիստոնեական շրջանի մնացորդների մեջ կրաշաղախով կառուցված շինություն ես շատ քիչ եմ տեսել։ Այս երևույթից հետևցնում եմ, որ նախաքրիստոնեական ժամանակ, գեթ Հայաստանի սահմաններում, վերին աստիճան սահմանափակ էր կրաշաղախի գործածությունը: Թե ինչ էր պատճառը, առայժմ ինձ հայտնի չէ և երկար հետազոտության կարոտ է։ Ճարտարապետության մի պատմագիր ակնարկում է այս մասին, թե ի հնումն չափազանց թանգ էր կիրի շինությունն Արևելքում, փայտի նվազության պատճառով, և նույնպես անհամեմատ թանգ էր լինում կրաշաղախով պատեր շինելը։ Սակայն, ինչ որ էլ լինի իրողությունը, ես բավականանում եմ փաստն արձանագրելով և կթվեմ նախաքրիստոնեական շրջանից մեզ հասած հուշարձանները, որոնք մեր թվականին օգտագործվել են եկեղեցիների կամ մատուռների փոխարկելով։

Կրաշաղախով շինված կիկլոպյտն շինություններեն մեկը նկարագրեցի Հոռոմ գյուղի մոտ հին նախաքրիստոնեական մեծ ամրոցները և քաղաքատեղը նկարագրելիս։

Կարանլուխ գյուղի մոտ կիկլոպյան կրաշաղախ շենք.− Բաշ Ապարանի գրեթե արևելյան կողմը, մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնային բարձունքում կգտնվի Կարանլուխ գյուղը, որը, բացի հարավային կողմից, անտառներով շրջապատված է։ Արևմտյան կողմը, ավելի բարձր տեղ, անտառին մոտիկ գոյություն ունի 5-րդ դարի եկեղեցիի մի շինության մնացորդ, իսկ մի քիչ ավելի ցած, դեպի արևելք՝ դարձյալ լեռնալանջի վրա, գյուղի հյուսիսային բարձունքների վրա, կգտնվի մի մեծ շինության ավերակի մնացորդ, որը շինված է հսկայական բազալտ քարերով և կրաշաղախով։ Շենքը երկարավուն է եղած, տրևելքեն արևմուտք, դարձյալ բազալտ քարերով, շենքը երկուքի է բաժանված։ Ի՞նչ նպատակով էր շինված տյս շենքը նախաքրիստոնեական ժամանակ, հայտնի չէ։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմը, խիստ ցած և համեմատաբար նեղ շինված։ Երկար ժամանակ հետո, քրիստոնեության օրերուն, այս կիկլոպյան շինությունը եկեղեցիների են վերածած, բաժանումների արևելյան ծայրին, սրբատաշ տուֆի քարով, կիսաբոլորակ խորաններ ավելացնելով։ Այս զույգ եկեղեցիները, ինչպես կերևի, շատ չեն մնացել կանգուն, շուտով փուլ են եկել և մնացել են նախկին կրաշաղախ բազալտյա հիմնական պատերը և արևելյան կիսաբոլորակ խորանների կես մասը։

Վահան Ամատունիին վերագրված բնակարանն Օշականում.− Քասաղ գետի կամուրջից անցնելով, երբ կբարձրանանք Օշական գյուղի զառիվերը, աջ կողմի վրա, գյուղի եզերքին կտեսնվի կիկլոպյան շենքի մնացորդ մի մասը։ Այս շենքի ներքինը բաժանված է զանազան մասերի, ուր այժմ բնակվում են գյուղական ընտանիքներ։ Մի պարզ հայացք բավական է համոզվելու համար, որ այս շենքը նախաքրիստոնեական ոճով շինված է և վերագրվում է Վահան Ամատունիին, որուն սեփական կալվածքն էր Օշական գյուղը 5-րդ դարում։ Ի հարգանս Մեսրոպ-Մաշտոցի հիշատակին, որ ստեղծեց հայոց գիրը և համահայաստանյան երախտագիտության արժանացավ, հանգուցելույն մարմինը տարավ յուր սեփական կալված Օշական գյուղը և ամփոփեց մի ստորերկրյա դամբարանի մեջ, վրան մի մեծ եկեղեցի շինելով։ Ներկայիս Վահան Ամատունիի շինած եկեղեցին քանդված է, հիմերի վրա վերաշինել է Գևորգ Դ. կաթուղիկոսը պահելով իր տեղում Մեսրոպ-Մաշտոցի ստորերկրյա դամբարանը՝ եկեղեցիի տակ։ Բայց թե Վահան Ամատունիին վերագրված շենքը իսկապես անոր բնակարանն է, ես միայն ավանդության վրա հիմնված ընդունում եմ, գիտնալով նաև, որ Օշական գյուղն իր շրջականերով Վահան Ամատունիի սեփականությունն էր։ Բնակարանի հին ոճով շինված լինելեն չի հետևեր, որ սեփականատիրոջ բնակարանն էր։ Օշականն իր շրջականերով ամբողջովին նախաքրիստոնեական տեղ է և շրջականերում խտացած են հին այրեր, գերեզմաններ, պատեր և այլն, և այլն։ Սպասելի էր, որ գյուղում ևս գտնվեին հին շրջանի մնացորդներ։ Այդ միակ մնացորդն է, որ ավանդությունը վերագրում է Վահան Ամատունիին։

Մատուռներ.− Կրաշաղախով կամ առանց կիրի, ընդարձակ կիկլոպյան շինությունների իբրև նմույշ, բավական համարելով այստեղ նկարագրված օրինակները, այսուհետև մի քանի օրինակ ևս պիտի ներկայացնեմ