Էջ:The Architecture, Tom 1.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նախաքրիստոնեական շրջանում կառուցված մատուռանման փոքր շինությունների, որոնք շինված են թե անշաղախ և թե շաղախով, սակայն ունեցել են անվրեպ կրոնական բնույթ։ Հասարակաց ուխտատեղիներ եղած են այս փոքր շինությունները և անցնելով քրիստոնեության շրջանին, միևնույն կոչումներով շարունակել են պահել անոնց գոյությունը և առհասարակ անվանել են թուխ մանուկ: Թուխ մանուկները յուրաքանչյուր գյուղի մեջ հաճախ ունեն իրենց ուխտի օրերը, հավաքվում են բազմաթիվ ուխտավորներ, առատ նվերներ տալիս են այդ մաաուռը կառավարող կղերին. իրենք ևս զվարճանում են կերուխումով, նվագարաններով և պարերով։

Ի տես այս շինվածների և անոնց շուրջ կատարված իրադարձությունների, միանգամայն համոզվում եմ որ քրիստոնեական շրջանի հայկական այս սովորությունն անպայման կապ ունի վաղեմի հունական մի սովորության հետ, որ, անշուշտ, մտած է Հայաստան նախաքրիստոնեական Արշակունիների ժամանակ, երբ հունական բարձր քաղաքակրթությունը Հայաստանի մեջ տարածելու ջանք էին ի գործ դնում օժանդակությամբ հունական դիցապաշտության, որովհետև կրոնական սովորություններ և ծեսեր Հայաստանի մեջ ընդհանրացնելն անվրեպ է համարում նաև բարձրագույն քաղաքակրթության զարգացման և տարածման։ Մովսես Խորենացին պատմում է, որ առհասարակ հունասեր Արշակունի թագավորներ հունական կուռքեր ևս բերին Հայաստան և անոնց մեհյաններ շինեցին զանազան տեղերում, աշխատում էին հունական ազդեցությունով փոխարինել արևելյան, մասնավորապես պարսկական խոր ազդեցությունը Հայաստանի վրա։ Նույնիսկ քրիստոնեության ժամանակ, ըստ Ագաթանգեղոսի Պատմության, Տրդատ թագավոր խիստ հրամաններ է արձակում, որսլեսզի հունական սովորության համեմատ վարվի ժողովուրդը մեհյաններու և կուռքերու հետ և հունաց նման հարգեն ու պաշտեն կուռքերը։

Բայց որպեսզի պարզ հասկանալի լինի Հայաստանի վաղեմի մատռանման շինությունների մասին իմ տեսությունը, անհրաժեշտ եմ համարում նշել հունական դիցապաշտության այն սովորությունները, որոնք կվերաբերին հերոսապաշտության, որը նույնությամբ անցել է Հայաստան և գրեթե տևում է մինչև մեր օրերը՝ հնագույն մատուռներից անցնելով նաև զանազան վանքերի և եկեղեցիների։ Ժամանակակից Հունաստանի պատմության հեղինակ Սենեորոս հետևյալ կերպով կնկարագրե հին հունաց հերոսապաշտությունը.

«Հույները միմիայն աստվածները չէին պաշտում, պաշտում էին նաև հերոսներ, որոնք աստվածների և մարդկանց միջին տեղը կբռնեին, և շատ անգամ այս հերոսներին կիսաստված անունը կուտային։ Այնպես կարծիք ունեին, որ հերոսներն ապրել են իբրև մարդ, որոնք կամ թագավոր էին կամ մի հռչակավորի ծնունդ. այս մարդիկն իրենց կենդանության մի գերագույն քաջագործություն անելով, իրենց մահվանից հետո աստվածացել են։

Հունաստանի մեջ չկար քաղաք, որ առնվազն մի սրբարան չունենար (այսինքն մի տեսակ մատուռ) հերոսների հիշատակին կանգնված: Շատ տեղեր երևակայում էին, որ այդ հերոսների գերեզմանն իրենց մոտ է, և աճյունները թաղված են այդ մատուռների մեջ։ Երկրի բնակիչները տարվա որոշ օրերուն մեջ կհավաքվեին սրբարաններու առջև կրոնական մի պաշտամունք կատարելու համար, այնտեղ ընծաներ կբերեին, հոգևոր երգեր կերգեին, զանազան պարեր կպարեին, ըմբշամարտություն և վազքեր կկազմակերպեին։

Արքայական ընտանիքների մեծ մասը մի հերոս նախնիք ունեցած լինելու հավակնությունն ունեին»։

Եղվարդի հին գերեզմանատան մատուռը.— Եղվարդ գյուղին կից, ավերակ մեծ կաթուղիկեի արևմտյան կողմը, մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա, կա մի հին քրիստոնեական ընդարձակ գերեզմանատուն, ուր կգտնվին 10-րդից մինչև 15-րդ դարերու քանդակազարդ շիրիմներ, պատվանդանավոր առանձին խաչքարեր և պարզ տապանաքարերով գերեզմաններ։

Այս գերեզմանատան հարավային կողմը կա մի մատռանման շինություն՝ կիկլոպյան անտաշ քարերով և ղշինված։ Անշուշտ, թե գերեզմանատունն ի հնումը նախաքրիստոնեական էր, որուն վրա հետո քրիստոնյա հայերը շարունակեցին մեռել թաղելը, և թե այս հարավային ծայրի մատուռը մի հերոսական հիշատակի կանգնված շիրիմ էր, բնականաբար, նաև մի ուխտատեղի։ Արդ, քրիստոնեության ժամանակ, երբ գերեզմանատունն օգտագործում էին քրիստոնյա ննջեցյալների համար, տարակույս չկա որ նույն հերոսական դամբարան ուխտատեղին ևս շինեցին մի քրիստոնեական ուխտի մատուռ՝ արևելյան կողմի վրա, սրբատաշ տուֆ քարերով և կրաշաղախով կառուցված կիսաբոլորակ խորան ավելացնելով։ Այժմ վրան և պատերը կիսովին փլած են, մնացել են կիկլոպյան նախաշեն պատերի հետ, ետնաշեն հավելված կիսաբոլորակ խորանի կեսից վար եղած մասերը։

Կափըլի գյուղի բարձունքների մատռանման շենքի մնացորդը.— Կափըլի գյուղից մոտ մեկ և կես կիլոմետր հեռավորության վրա նախաքրիստոնեական մեծ ամրոցից դեպի հյուսիս-արևմուտք, կա մի փոքր մատուռի ընդարձակությամբ, անկանոն անկյուններով շինված մի շենքի մնացորդ։ Այս շենքի պատերը շինված են մեծամեծ անտաշ քարերով, առանց կրաշաղախի։ Անտարակույս, սա ևս շինված է նախաքրիստոնեական ժամանակ որևէ հերոսի հիշատակին, որովհետև բնավ դոլմենի նմանություն չունի, բնականաբար նախկին պաշտամանց հատուկ մի ժողովրդական ուխտատեղի էր։ Քրիստոնեական շրջանում կրկին ուխտատեղիի է վերածված այս մնացորդը, ուր կհավաքվեին բազմաթիվ ուխտավորներ, գլխավորաբար կանայք, և կերուխում ու խրախճանություն կկատարեին։ Հակառակ տեղի անհարմարության և փոխադրությունների դժվարության, բերել են խաչքարեր, գեղաքանդակ եկեղեցական շենքերի բեկորներ և զարդարելով այս մնացորդը, կատարյալ քրիստոնեական մատուռի