Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

554 Գիշերն անցավ, ես վեր կացա և զինվեցի վաղ առավոտ
Տեսա երեք մեծամեծներ թագավորից եկան ինձ մոտ.
Ասել էր թե. «Գիտե աստված, որ սնեցի քեզ հանց որդու,
Դու՝ խնդությունն իմ տխրության վերածեցիր այդպես ինչո՞ւ։

555 Խորեզմշահի անմեղ արյունն ինչո՞ւ իմ տան վրա դրիր,
Եթե աղջի՛կս էիր ուզում, ինչո՞ւ հապա այդ ինձ չասիր.
Սնուցողի՜դ իմ ծերունի կյանքը արիր փուչ ու դրև
էլ չտեսնեմ երեսը քո այսօրվանից մահս մինչև»։

556 Պատվիրեցի. «Ով թագավոր, պինդ եմ անգամ ես պղնձից,—
Ի՞նչ չի թողնում թե չէ մեռնեմ՝ ամոթանքի այրող բոցից.
Բայց լավ գիտեք, որ թագավորն՝ արդարադատ պիտի լինի.—
Ձեր աղջկա ուզելն՝ աստված, արևը ձեր, հեռու տանի։

557 Գիտեք հարկավ՝ Հնդկաստանը քանի պալատ ու գահ ուներ.
Ես մնացի հազիվ ժառանգ, իսկ ամենին՝ դարձաք դուք տեր.
Մեռան-անցան նրանք ամեն, դուք՝ տիրացաք նրանց երկրին,
Ու մինչ այսօր, ինձնից բացի, չի պատկանում գահը մեկին։

558 Բարությո՜ւնդ ես չեմ ժխտում, արդարացի չես այդ սակայն,
Քեզ չտվեց աստված ուստր, այլ մի հատիկ դուստր միայն,
Խորեզմշահին արքայացնես՝ ինձ փոխարեն ի՞նչ կմնա,
Հնդկաստանին օտա՞րն իշխի, թո՞ւրս հապա — ինչո՞ւ է նա։

559 Քո աղջկան ես չեմ ուզում, տուր ո՜ւմ կուզես ինձնից հեռու,
Հնդկաստանը իմն է սակայն, ես ոչ ոքի չեմ զիջելու,
Ով այդ բանում հետս մրցի՝ նրան և՜ս ես կջնջեմ.
Ինձ սպանիր, թե արտաքուստ ինձ օտարից օգնող կանչեմ»։