Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՌՈՍՏԵՎԱՆԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

23 Արաբիայամ կար Ռոստևան՝ արքա փառքով՝ կամոքն աստծո,
Անթիվ զորքի, ճորտերի տեր, առատաձեռն, հեզաբարո,
Արդարադատ, ողորմացող, խորաթափանց և հաղթական,
Ինքը՝ մարտիկ անզուգական ու բանիբուն ճարտարաբան։

33 Արքան չուներ ուրիշ ժառանգ՝ մեն մի դուստր իրեն վայել,
Որ աշխարհին լույս էր տալիս ու արևի դասը դասվել.
Իրեն նայող ամենեցու սիրտն ու հոգին, խելքն էր տանում,
Ներբողելու համար նրան՝ ճարտասա՛ն պիտ և իմաստուն։

34 Նրա անունն էր Թինաթին՝ գիտենալը հարկ է այս մեզ։
Երբ մեծացավ, հասունացավ—նա արևին գերազանցեց։
Արքան կանչեց վեզիրներին, ինքը՝ բազմած հանգստադեմ,
Նրանց իր մոտ նստեցրեց և սկսեց զրույցն իր մեղմ։

35 «Հարցում ունեմ,— ասաց նրանց,— մի հանրահայտ բանի մասին,
Երբ չորանա թերթը վարդի—թառամում են անդ միասին,
Ինքն անցնում է, այլը՝ գալիս, բուրաստանում այն սիրասուն,
Մեր արևն էլ մայր է մտել, մութ է, գիշեր մի անլուսին։

36 Ի՛նձ ծերության ցավն է բռնել՝ դժարն ամեն տեսակ ցավից.
Այսօր-վաղը ես կմեռնեմ՝ բախտի պահանջն է ինձանից,
Ինչի՞ն է պետք լույսը, որին՝ սպառնում է խավարը խիստ,—
Գահակալենք իմ զավակին, գերազանց է որ արևից»։