Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

37 Լեզու առան վեզիրները. «Ծերությունից ինչո՞ւ խոսել,
Արքա, վարդը թե չորանա, մեզ հարգի է չորացած էլ,
Գերազանց է նա իր հոտով, գույնով դարձյալ ամեն ծաղկից.
Սիրտ չի անի աստղը դուրս գալ՝ դալուկ լուսնի դեմ մրցակից։

38 Մի՛ ասացեք այդպես, արքա՛, վարդն անթառամ է տակավին,
Ձեր խորհրդի վատը անգամ գերազանց է այլոց լավին․
Հարկավ այնպես պետք է անել, ինչպես որ ձեր սիրտն է տածում
Կամքը քոնն է, տո՛ւր գահ նրան, որից արևն է գունատվում։

39 Թեպետ աղջիկ, բայց աստուծո կամքով ծնված է տիրակալ
Թագավորել արդեն գիտե, մեր մեջ ասել ենք շատ անգամ.
Շողքը նրա արարքների արևի պես վառ է, պայծառ,
Առյուծի ձագն առյուծ է միշտ, էգը որձին է հավասար»։

                              ***

40 Զորապետ էր Ավթանդիլը, որդի ամիր–սպասալարի,
Պարթևացած նոճուց ավել, նման լուսնի ու արևի.
Դեռ անմորուս մի պատանի՝ սիրուն ինչպես բյուրեղ, մինա,
Թինաթինի շուքից ու թավ թարթիչներից մեռնում էր նա։

41 Սիրում էր նա Թինաթինին, սերը գաղտնի՝ սրտի խորքում.
Երբ հեռանում՝ տեսքին կարոտ—վարդ էր դառնում տխուր-դժգույն,
Իսկ տեսնելիս՝ հուրը նորվում, սաստկանում էր վերքն ավելի.
Սերն է մարդուն դարձնում վշտոտ, սիրով տարվածն է խղճալի։

42 Երբ որ արքան իր աղջկա արքայացման հրամանն արեց,
Ավթանդիլին շատ դուր եկավ ու տրտմության բոցը մարեց.
Ասաց. «Հաճախ եմ տեսնելու այն բյուրեղին գեղանկար,
Այդ միջոցով գուցե սրտիս խորունկ վերքին լինի մի ճար»։

43 Արաբիայում հրաման տվեց արաբների զորեղ արքան.
«Գահ բարձրացրի ծնողս ես, Թինաթինին՝ իմ աղջկան։
Նա բոլորին լուսավորի պիտի որպես արև պայծառ.
Եկեք, տեսեք դուք բոլորդ՝ գովաբանողք մեծաբարբառ»։

44 Եվ արաբներն ամեն եկան, բանակն աճեց ազատների,
Նա, Ավթանդիլն արեգնադեմ, զորապետը բյուր–հազարի,