Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

877 Եվ հորդորում էր Ավթանդիլն ամեն տեսակ խոսքով նրան,
Ասում. «Թե որ մեռնես իրոք ի՞նչ շահ կանես խոսքով չարբան.
Այդ մի՛ անի, լավ քան չէ այդ, դու մի դարձիր քո թշնամին» —
Տանել նրան, շարժել խոսքով, եղավ սակայն անհնարին։

878 Ապա ասաց. «Ահա քանզի լսել ոչինչ չես ցանկանում—
Լեզուս էլ քեզ չի՛ նեղացնի, մինչև հիմա զուր եմ ջանում,
Մահ ես տենչում՝ գնա, մեռիր, վարդ կթոշնի՝ թող որ թոշնի
Աղերսում եմ մի բան սակայն, արա»—արցունք խեղդեց դժնի։

879 «Վարդ-բյուրեղից, որին սնում, պահպանում են գորովանքով,
Ես հեռացա, թողի եկա, և ոչ դանդաղ, այլ շտապով.
Ինձ հայրական խորհուրդներով ետ չպահեց արքան անգամ,
Բայց չես ուզում ինձ միանալ, ես էլ ինչո՞վ ուրախանամ։

880 Ետ մի դարձնի ինձ սրտաբեկ, իղձը միակ իմ կատարի՛ր,
Ուզում եմ քեզ տեսնել հեծյալ, մի անգամ է՛լ քո ձին վարիր.
Գուցե այնժամ ես փարատեմ վիշտս հիմա տանջող այնպես,
Ապա կերթամ՝ քեզ կթողնեմ,— կկատարե՛մ կամքը քո ես»։

881 Աղաչում էր. «Հեծիր նորից», աղերսում էր պաղատագին,
Գիտեր՝ թե որ հեծնի նա ձի՝ վիշտը ցրիվ կտա քամին։
Ու դողդոջեց եղեգնիրան, աչքերը սև սաթի շարժեց —
Եվ հպատակ, հլու նրան՝ էլ ոչ տնքաց, ոչ հառաչեց։

882 Նա պարզ ասաց. «Լա՛վ, կհեծնեմ, գնա, մոտի՛կ բեր դու իմ ձին։
Բերեց, հանգի՛ստ նստեցրեց, չքաշքշեց նա փութագին,
Դեպի դաշտեր տարավ նրան և նուրբ իրանն առավ շարժում,
Ու քիչ անցան, զբոսնումից՝ քիչ-քիչ հայտեց նա ամոքում։

883 Եվ Ավթանդիլն հաճո պատմում պատմություններ ոգեկոչող,
Շուրթն էր շարժում ի սեր նրա, շուրթերը իր մարջան գունող։
Նրան լսող ծերուկն անգամ կաշխուժանար, կարիանար,
Թախիծն անցավ և համբերում՝ համբերումով նա դիմանար։

884 Երբ նկատեց՝ աշխուժացավ—թեթևացա՛վ վիշտը նրա,
Խինդ նկատվեց Ավթանդիլի վարդանման դեմքի վրա՝
Վիրաբույժի՛ այն գիտակցաց, ահն ու վա՛խը անգիտակցի,
Ու խելամիտ խոսքեր ասաց՝ հղացողն այն անմիտ գործի։