Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

885 Եվ բռնված մի զրույցի՝ հարցում արեց որոշակի.
«Մի բան ասեմ՝ մի թաքցնիր, պատասխանիր ինձ ուղղակի.
Ապարանջանն այդ դու նրա, որի համար դու վիրավոր,
Ինչպե՞ս ես դու սիրում, ասա՛, գնահատում ինչպե՞ս աղվոր»։

886 Ասաց. «Ինչպես արդ պատկերեմ դեմքը ես այդ աննմանի,—
Իմ կյանքը ողջ նա է միայն, նա ինձ ախով անող քանի,
Գերազանց է նա աշխարհից, հողից, ջրից, ծառ ու ծաղկից
Չլսելու բանն մի լսել՝ թթու է նա անգամ ծմախից»։

887 Ավթանդիլը ասաց նրան. «Ես սպասո՛ւմ էի դրան
Այժմ քանզի դու ասացիր՝ կտամ անկեղծ ես պատասխան.
Այդ թևնոցը պահելու տեղ՝ լավ է պահես դու Ասմաթին,
Ես չեմ գովում ընտրածը քո — գերադասել ես դու վատին։

888 Կապել ես դու ապարանջան՝ ոսկե, սակայն՝ գործ ոսկերչի,
Եվ անհոգի, և անլեզու, առանց մտքի, փոքր ու չնչին,
Իսկ Ասմաթին էլ չես ուզում՝ դատում ես դու որքա՞ն առողջ.
Նախ՝ ողորմած, իր մտերմին, ապա և քո՝ հոգեքրոջ։

889 Սիրո գործում ձեզ օգնողին, որին դու քեզ քույր ես կոչել,
Նպաստողին ձեր մոտեցման, ով գովեստիդ արժանացել,
Հոգատարին քո սիրածի, նրա համար խելահարին
Լքել ես դու ու չես նայում, փա՜ռք քո արդար դատաստանին»։

890 Պատասխանեց. «Ինչ որ ասիր՝ իրավ ես դու ու շատ արդար,
Ասմաթն է մեղք՝ ինձ խնամող ու հիշեցնո՛ղն իմ անդադար
Ես մտադիր չէի ապրել, դու ինձ հասար — հուրս մարեց,
Զի մնացի՝ պարտ եմ, գնանք, տեսնենք, թեև՝ շշմած եմ ես»։

891 Հլու եղավ ու գնացին Ավթանդիլն ու ամիրբարը,
Ես՝ անկարող նրանց գովել, կամ ներբողել—չէ իմ կարը,
Ատամները՝ հանց մարգարիտ, շրթունքները՝ վարդի թերթեր,
Իսկ քաղցրախոս անուշ լեզուն՝ օձին բնից դուրս կհաներ։

892 Եվ Ավթանդիլն ասաց. «Հոգիս, սիրտս, խելքս զոհեմ ես քեզ,
Սակայն դու մի՛ լինիր այդպես, վերքդ բա՛վ է դու քրքրես.
Ուսումը քեզ օգուտ չի տա՝ թե չլսես գիտնոց խոսքին,
Չես գործածի՝ ի՞նչ շահ կանես պահած գանձից, թեկուզ անգին։