Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

76 Սուր արշավով դաշտում անցան, որսի ջոկերն առաջ արին,
Սպանեցին, կոտորեցին, մինչ զայրացավ աստված վերին,
Դաշտը կարմիր ներկ արարին՝ որսի թափած գույնով արյան,
Ավթանդիլին տեսնողն ասաց, «Հալվե է իսկ, եդեմական»։

77 Ձիերն անդուլ չափ գցելով մոտեցան այն դաշտի ծայրին.
Դաշտի այն կողմ հոսում էր գետ, գետի ափին՝ ժայռեր կային,
Որսը փախավ անտառն ի մուտ, ուր չի սուրա ձին իր ոտով,
Ու հոգնաբեկ եղան նրանք՝ երկու որսորդ քաջակորով։

78 «Ես հաղթեցի» ասում էին ծիծաղելով նրանք իրար,
Այստեղ-այնտեղ կանգ առնելով՝ սրախոսում ընկերաբար,
Իսկ երբ ճորտերն արդեն հասան, որ հետևում էին նրանց,
«Ի՞նչ պարզեցիք, ճի՛շտ ասացեք»— տվեց արքան այսպիսի հարց։

79 Եվ ճորտերը զեկուցեցին. «Կհանդգնե՛նք խոսել անկեղծ,
Ձեզ՝ երկուսիդ համեմատած, արքա, նա ձեզ գերազանցեց.
Արդ՝ եթե մեզ մորթեք անգամ, ետ մնացիք դուք այդ բանում.
Նրա զարկած գազանն արդեն զարկից հետո քայլ չէր անում։


80 Ձեր երկուսիդ սպանածնե՛րն հարյուր անգամ քսանի հասան,
Բայց Ավթանդիլն իր խոցածով՝ ձեզնից ավել՝ հաշվով քսան։
Նրա նետած մի նետն անգամ նպատակից չի խոտորել,
Իսկ ձեր գետին փռածներից շատին ինքնե՛րս ենք կոտորել»։

81 Ու պատմածն այս թագավորին թվաց ինչպես նարդու մի խաղ,
Իր իսկ սնած քաջի գովքին ականջ արավ սրտով ուրախ.
Սիրում էր նա Ավթանդիլին՝ սոխակն ինչպես գարնան վարդին,
ժպտո՛ւմ էր նա ու կատակում, հեռու վանում սրտից դարդին։

82 Իջան նրանք նժույգներից, որ ծառերի տակ զովանան.
Այսր հոսեց զորքը ամբողջ՝ թվով դաշտի հասկի նման,
Իսկ ծառաներն այն տասներկու՝ քաջ ի քաջաց՝ նստել ի կող
Զվարճանում, նայո՛ւմ էին ափն անտառի, ջրի՛ն հոսող։