Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1206 Ականջ դրի, ասում էին. «Ուրախացանք հաճո այնքան,
Սակայն այստեղ հանդիպեցինք մենք սիրելիք օտարական.
Եվ չգիտենք՝ ով ինչ մարդ է և որտեղից այստեղ եկած,
Լավ կլիներ՝ պատմենք իրար՝ ինչ որ կա մեր գլխով անցած»։

1207 Եվ պատմեցին երեքն իրար՝ կարգ է ինչպես ճամփորդական,
Ծառան ասաց. «Հե՜յ, եղբայրնե՛ր, մարդու բախտի՛ց է ամեն բան.
Թե կորեկ եք դուք լոկ ցանել—բայց մարգարիտ ես կհնձեմ,
Իմ պատմությունն է առավել, լավ է՝ ինքս՝ ես էլ պատմեմ։

1208 էս ճորտն եմ այն մեծ արքայի, որ տիրում է ողջ քաջքերին,
Քաջքերի մեջ վարակ ընկավ և կոտորեց շատ շատերին։
Որբ ու այրի ողորմացող—մեռավ արքան՝ հավերժ ի քուն,
Նրա քույրն է մոր պես հիմա զավակներին նրա հսկում։

1209 Կնոջ անունն է Դուլարդուխտ. ինքն ամուր էր ժայռի նման,
Թե որ ինքը չվնասեր — չէր վնասի ոչ ոք նրան.
Ու մոտն էին եղբոր որդիք՝ մանուկ Ռոսան և Ռոդիան,—
Իբրև արքա հզորագույն Քաջաստանում ինքն էր միայն։

1210 Ծովից այն կողմ քույրն էր մեռել, լուրեր ահա մեր կողմն հասան,
Եվ խանգարվեց լուռ ու անդորր, վեզիրները շատ վշտացան,
Ո՞վ կհայտնի,— ասին իրար,— ինչպե՞ս հայտնեք Դուլարդուխտին,
Ռոշա՛քն է ճորտ և բյուրապետ հազար-հազար նրա զորքին։

1211 Ռոշաքն ասաց. «Ինչ էլ լինի՝ սուգի պահին ես չեմ մնա,
Կերթամ սար-ձոր, թալան կանեմ և ավարով կլիանամ.
Տուն կդառնամ հարստացած, լավ ժամանակ կգամ ես ետ,
Երբ որ երթա արքան սուգի՝ ես կուղեկցեմ իր զորքի հետ»։

1212 Ասաց նա մեզ՝ սպասվորաց. «Ես գնում եմ եկեք ինձ հետ»։
Տարավ իր հետ՝ հարյուր մեզ ճորտ, հենց ինքն ընտրեց իսկույն և եթ։
Ու ցերեկով թալան անում, գիշերն ամբողջ հսկում էինք,
Շատ քարավան մենք ջարդեցինք և շատ ապրանք ավար արինք։

1213 Մի մութ գիշեր գալիս էինք մենք դաշտերով խոր խավարում,
Ինչ որ մի լույս մեզ երևաց դաշտի միջին հանկարծ հեռվում։
Թե արև է,— ասինք,— միթե՝ եկել հպվել է ցամաքին,
Ու շփոթված նայում էինք՛ տարված մենք այդ մտածմունքին։