Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1230 Ու քաջքերի քաղաքն իրոք անառիկ է մինչև այսօր.
Քաղաքի մեջ՝ ժայռ մի հսկա, բարձր այնքան, այնքան հզոր,
Իսկ ժայռի մեջ՝ վիրապ կա խոր, մագլցողին այր է տանում,
Այրի մեջ է անդ՝ լուսատուն, այնտեղ է նա փակված մնում։

1231 Մուտքն են պահում պահապաններ՝ քաջ, գեղեցիկ, երիտասարդ.
Տաս հազար է թիվը նրանց, ամենքն ընտիր ու պայազատ,
Իսկ քաղաքի երեք դոներն՝ երեք-երեք հազարական...
Տանջեց, սիրտ իմ, աշխարհն այս քեզ, ինչո՞ւ ես դու կպել նրան»։

1232 Եվ Ավթանդիլն առավ լուրը՝ արևդեմն ու անընկճելին,
Երբ որ լսեց, շատ գոհ մնաց, բայց բան չասաց ամենևին,
Ու փաոք տվեց նա աստծուն, ինքը՝ հաճո օրից ծնված,
«Ինձ լուր ասիր ուրախառիթ՝ իբրև մի քույր»,— նրան ասաց։

1233 Ֆաթմանին թե. «Ով սիրելի, արժանի ես դու իմ սիրուն
Զի պատմություն արիր հաճո, ոչ ահավոր, այլև՝ նազուն,
Սակայն լրիվ պատմիր դու ինձ այդ քաջքերի երկրի մասին,
Չէ՞ որ մարմին չունեն քաջքերն, այդ ո՞վ տվեց նրանց մարմին»։

1234 Այն աղջկա թշվառ վիճակն այրում է ինձ և սպանում,
Բայց անմարմին քաջքերը այդ սիրուն աղջիկ ի՞նչ են անում»։
Ֆաթմանն ասաց. «Ինձ լավ լսիր, մի՛ լեր իրոք դու մոլորած,
Քաջք չեն նրանք, մարդ են ու լոկ՝ քար ու ժայռի ապաստանած։

1235 Քաջք են կոչվում այն պատճառով, որ խուռներամ են միասին,
Կախարդական բաներ գիտեն, հույժ կատարյալ հենց այդ գործին.
Ամեն մարդու վնաս կտան, սակայն իրենք՝ միշտ անվթար,
Նրանց հետ ով կռիվ մտնի՝ կույր ետ կգա, ամոթահար։

1236 Զարմանալի մի բան անում՝ և կուրացնո՛ւմ են թշնամուն,
Հանում ինչ-որ հողմեր սաստիկ ու խորտակում նավեր ծովում։
Կարող են ջուր ցամաքեցնել, ջրի վրա վազել ոտով,
Ուզեն՝ մութը լույս կփոխեն և կփոխեն՝ լույսը մութով։

1237 Այդ պատճառով հարևաններն անվանում են նրանց «քաջքեր»
Թե չէ՝ մարդիկ են մեզ նման և մեզ նման հողեղեններ»։
Ավթանդիլը՝ «Գոհ եմ,— ասաց,— դու ջուր լցրիր իմ կրակին
Պատմածներդ շատ դուր եկան, թե առաջին և թե վերջին»։