Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1238 Ավթանդիլը արտասվելով սրտում փառք էր տալիս աստծուն,
Ասում նրան. «Փառք քեզ, աստված, որ իմ վշտերն ես փարատում.
Դու միշտ կայիր և կաս ընդմիշտ՝ անասելի և միշտ անլուր,
Ողորմությունդ է մեզ վրա՝ անակնկալ և ամենուր»։

1239 Լուրի համար արտասվաթոր նա արարչին փառաբանում,
Մինչ՝ առ ինքը կարծում Ֆաթման՝ և ավելի՛ էր ջերմանում։
Կտրիճն իրեն համեստ պահում, ձևանում էր նրան սիրող,
Կինը նրա վիզն էր գրկում և համբուրում դեմքն արևշող։

1240 Կինն այդ գիշեր հաճույք առավ Ավթանդիլի հետ քնելով.
Կտրիճն անսիրտ հպում նրա՝ պարանոցին բյուրեղ վզով,
Հիշում էր նա Թինաթինին, մի սարսուռով սարսում թաքուն,
Հանց վայրի էր սիրտը դարձել՝ զի վայրենյաց մեջ էր շրջում։

1241 Ծածուկ լալիս էր Ավթանդիլն, արյունախառն արցունք թափում,
Սև սաթե նավն էր լող տալիս սև թանաքի հորձանքներում.
Ասում էր նա. «Ի՞նչ կա սրա՛ ու վարդի մե՛ջ իմ ընդհանուր.
Ես, բլբուլս, փթրոց նստած՝ ագռավ դարձա վարդից հեռու»։

1242 Եվ արցունքից նրա թափած կարծր քարերն էին կակղում,
Սև թավուտում լճանալով՝ վարդի պուրակն են հեղեղում։
Ֆաթմանն հրճվում էր նրանով—վարդը սիրող բլբուլի պես.—
Ագռավն հանկարծ մի վարդ գտավ և նա իրեն բլբուլ կարծեց։

1243 Երբ լուսացավ, գնաց արևն՝ աշխարհ լուսողն այն լողանա.
Կինն ընծայեց ղաբաչաներ և բազմաթիվ խավուն, կաբա,
Օծանելիք բազում տեսակ, մաքուր շապիկ գեղանկար,
Ասաց նրան. «Մի ամաչիր, ինչ հավանես՝ հագիր ու տար»։

1244 Կտրիճն ասաց. «Իմ ով լինելն՝ այսօր պիտի պարզեմ սրան».
Զի մինչ հիմա հագնում էր նա ինչպես հարուստ վաճառական,
Իր հաղթ մարմնին այն օր իրոք զորականի զգեստ հագավ,—
Առյուծ էր նա՝ արև դարձավ, շուքը նրա ավելացավ։

1245 Ֆաթմանն ահա ճաշ պատրաստել՝ սիրածին էր կանչել նա հյուր.
Կտրիճն եկավ նոր շոր հագած, ուրախ դեմքով և ոչ տխուր։
Ու զարմացավ Ֆաթմանը շատ՝ տեսավ նրան այլակերպած.
«Այդպես լավ է, որ ավելի քեզ հավանեն»,— ժպտուն ասաց։