Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1263 Եվ նամակը իրեն հմուտ կախարդ ճորտին տվեց Ֆաթման,
Ասաց. «Կտաս նամակն այս դա արևի պես այն աղջկան»։
Եվ իր վրա ճորտն այն կախարդ օտարոտի թիկնոց առավ,
Մի ակնթարթ՝ և չքացավ՝ տանիքներից վերև թռավ։

1264 Ու սլացավ ինչպես ուժեղ մարդու ձեռով նետած մի նետ,
Եվ Քաջաստան հասավ արդեն իրիկնային մշուշի հետ։
Անտես անցավ պահակների շարքի միջով կանգնած դռան
Եվ արևին այն զեկուցեց, ցանկալի էր որ շատ նրան։

1265 Կողպած դռան միջից անցավ՝ կարծես լիներ այն բաց թողած,
Սև երեսով մտավ խափշիկ, երկար մազով թիկնոցն ասած,
Արևը երբ տեսավ նրան՝ և զարհուրեց, և վախեցավ.—
Վարդը հանկարծ եղավ քրքում, մանուշակը՝ լաջվարդ դարձավ։

1266 Խափշիկն ասաց. «Մի վախենա, թե՞ կարծեցիր քեզ թշնամի —
Ֆաթմանն է ինձ քեզ մոտ ճամփել, ինքս ճորտն եմ ես Ֆաթմանի.
Նամակը այս վկա լինի՝ իմ խոսքերի ճշմարտության
Շողն արևի շուտ կտեսնես, վա՛րդ, մի թոշնիր դու շուտ այդքան»։

1267 Երբ Ֆաթմանի անուն լսեց՝ հրաշք էր այդ—նա զարմացավ,
Ու փայլ առան սաթերը սև, ճեղքեց նա նուշն իր բերանի։
Խափշիկն հանեց և մատուցեց նամակ նրան պատկառանքով—
Կարդում էր նա և հառաչում, թրջում նամակն արտասուքով։

1268 Ապա ճորտին նա հարցրեց. «Ո՞վ է, պատմիր, այդ ինձ փնտրում.
Ո՞վ գիտե, որ կենդանի՝ ես դեռ գետի՛նն եմ տրորում»։
Պատասխանեց. «Կասեմ ահա՝ ինչքան միայն ես եմ տեղյակ,
Հեռացել ես ինչ մեզանից՝ էլ չի ժպտում մեզ արեգակ։

1269 Ֆաթմանի սիրտն այն օրվանից խոցված է խոր, կարծես տեգով,
Թափել է նա այնքան արցունք՝ կհասնի նա մինչև իսկ ծով։
Մեկ անգամ էլ ես քո մասին տվի նրան տեղեկություն,
Աստված վկա, այն օրվանից՝ արցունքը էլ չի ցամաքում։

1270 Հիմա եկավ ինչ-որ ջահել՝ սիրուն-սիրուն ինքը դեմքով,
Եվ նա պատմեց մեկիկ-մեկիկ ձեր կյանքը լի տառապանքով։
Նա է ապա քեզ որոնում դյուցազնական բազկով իր կուռ,
Պատվիրեցին շուտ ետ դառնա—վաղվաղակի տանել մի լուր»։