Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1284 Կենդանի ես՝ այդ էլ բավ է՝ իմ հեգ սրտին հույսեր տալու,
Վիրավոր ու իմ տապակված սրտի ցա՛վը փարատելու,
Չմոռանաս՝ հիշիր նրան, ով որ կորավ քեզ սիրելով,
Բայց ով դեռ կա՝ քո ցանած սե՛րն իր սրտի մեջ գուրգուրելով։

1285 էլ ի՞նչ պատմեմ, իմ կյանքն ամբողջ ես չեմ կարող գրել մեկ-մեկ,
Պատմեմ՝ լեզուս պիտի հոգնի, չի հավատա լսողն երբեք.
Ինձ խափշիկից խլեց Ֆաթման, աստված նրան թող տեր լինի,
Սակայն աշխարհն ինձ այն արեց՝ ինչ որ իրեն կվայելի։

1286 Մինչև այժմյան մեծ վշտերիս ավելացավ մեծն ավելի,
Իմ կրած մեծ տանջանքներով սև բախտը դեռ գոհ չէ էլի,
Անպատմելի քաջքերի մոտ նոր գերության մատնեց նա ինձ,
Եվ այս ամենն, ինչ մեզ հասավ, սև բա՛խտն արավ, իմ սրտակից:

1287 Դերի եմ ես մի բերդի մեջ՝ բարձր, որին՝ աչք չի հասնում,
Ուր վիրապով ճամփան անցնում, և պահակնե՛րն են պահպանում,
Գիշեր-ցերեկ իրենց հերթից նրանք երբեք ետ չեն դառնում,
Ով դիմադիր լինի նրանց՝ կրակ տալիս, նրան այրում։

1288 Դու մի՛ կարծիր սրանց կռիվն ուրիշների կռվի նման
Ինձ չսպանես նոր տանջանքով, ավելի՝ քան մեծ վիշտն այժմյան.
Թե քեզ մեռած տեսնեմ՝ կայրվեմ, կայծահանից ինչպես պայծառ։
Թե քեզ մոտ չեմ, բայց դա ժայռից՝ ամուր սրտով կարոտն իմ առ։

1289 Ո՛վ սիրելիս, քեզ մի հանձնիր անմխիթար խոր վշտերին,
Եվ մի կարծիր թե քո հալվեն՝ մի այլ այգու ընկավ բաժին.
Ափսոսում եմ՝ ա՛խ, առանց քեզ՝ ես աշխարհում ապրում եմ դեռ,
Որ չեմ ընկել ժայռից ներքև, կամ դանակով ինձ չեմ մորթել։

1290 Կյանքդ վկա՝ լուսինը քո այլին երբեք չի ունենա,
Կյանքդ վկա, նա չի գնա, թեկուզ արևն ինքն ուզենա.
Ես ինձ ժայռից ցած կնետեմ, խոշոր ժայռեր շատ կան մոտիկ,
Աղոթիր դա հոգուս համար՝ որ թև առնեմ՝ թռչեմ երկինք:

1291 Դու աղոթիր, որ ազատվեմ աշխարհի մեջ տառապելուց,
Որ ազատվեմ հրի, ջրի, հողի, օդի հետ շփվելուց.
Առնեմ թևեր, թռչեմ հասնեմ իմ ցանկալի նպատակին՝
Գիշեր-ցերեկ նայեմ նրան՝ ճաճանչափայլ արեգակին։