Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1351 Տարիելն ասաց Ավթանդիլին․ «Ես քեզ մի բան պիտի պատեմ,
Դու ինձ լսիր և չկարծես՝ անմիտ ինչ-որ կառաջարկեմ.
Երբ դևերին կոտորեցի, առա այրերն այս բնակած,
Այն օրվանից այստեղ դեռ կան գանձեր մեծ-մեծ աստ մնացած։

1352 Ես տակավին բաց չեմ արել, որովհետև չեմ ցանկացել,
Արի բանանք և իմանանք, ինչ գանձեր են թե մնացել»։
Նա հավանեց, և երկուսով, և Ասմաթի հետ միասին,
Նրանք առանց դժվարության՝ քառսուն պինդ դո՛ւռ ջարդոտցին։

1353 Ինչ որ տեսան՝ աչք չէր տեսել՝ զարմանալի գանձեր գտան,
Այնտեղ կային մաքուր հղկած ակնեղենի շեղջեր այնքան,
Գնդախաղի գնդի պես մեծ անզուգական մարգարիտներ․
Իսկ թե որքան կար ոսկեղեն՝ ո՞վ կարող էր հաշվի առներ։

1354 Ու սենյակներն այն քառասուն լեցուն էին ամբողջապես,
Բազմատեսակ զենքերով լի մի զինանոց գտան նույնպես,
Այնտեղ զենքի ամեն տեսակ, ինչպես թթու՝ կիտած,դարսած
Իսկ մեջտեղում՝ մի տապանակ՝ կնքած, երբեք դեռ չբացած։

1355 Ու գրած էր. «Աստ գտանին՝ զարմանալի զենքեր շատ կուռ,
Շղթազրահ և սաղավարտ, պողպատ կտրող ալմասի թուր,
Քաջքեր թե գան դևերին դեմ՝ նրանց դժվար օր կհասնի,
Արքայասպան թող համարվի՝ ով վաղաժամ այս բաց անի»։

1356 Եվ տապանակն երբ բաց արին, այնտեղ երեք ձեռ զենք գտան,
Որոնք կարող էին հագնել երեք ռազմիկ կտրիճ միայն.
Զրահ և թուրն ու սաղավարտ և ազդրապահն իրենց վայել,—
Հանց մի աճյուն ի տուփ առած՝ զմրուխտ բնե՛րն էին պահել։

1357 Ամեն մեկը՝ մեկն էր հագնում, փորձում էին իրենց վրա,
Ոչ մի մարդ չէր կարող շարժել՝ թե սաղավարտ և թե զրահ.
Թուրն երկաթին թե զարկեիր՝ բամբակ թելի պես կկտրեր,
Ինչ կար—ամբողջ աշխարհն արժեր, բայց ո՞վ ծախել կմտածեր։

1358 Ասին. «Բավ է սա ի նշան՝ որ կլինի մեր բախտը բաց,
Բարի աչքով նայեց նա մեզ՝ ողջ աշխարհին հսկող աստված»։
Առան նրանք զենք ու զրահն՝ ամեն մեկը իրեն ուսին,
Մեկ-մեկն իրենց, երրորդն ապա՝ Նուրադինի համար ասին։