Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ԳՆԱԼԸ ՖՐԻԴՈՆԻ ՄՈՏ

1360 Երբ լուսացավ՝ ճամփա ընկան և Ասմաթին առան տարան,
Մինչ երկիրը Ֆրիդոնի նրան իրենց գավակն առան։
Այնտեղ նրանց ոսկու գնով ձի վաճառեց մի վաճառորդ։
Ավթանդիլն էր նրանց տանում՝ ի՛նչ ավելի լավ
առաջնորդ։

1361 Ճամփա անցան, հանդիպեցին Նուրադինի ջոկապետին,
Ջոկը տեսան՝ հավանեցին՝ վայել իրոք թագավորին,
Տարիելն ասաց Ավթանդիլին. «Արի անենք մի լավ կատակ–
Եկ հարձակվենք ջոկի վրա՝ Ֆրիդոնի հետ մի խաղ խաղանք։

1362 Կզայրանա՝ մեզ կընդունի գողերի տեղ երամակի,
Իսկույն կռվի նա դուրս կգա, որ դաշտը ողջ արյամբ ներկի,
Հետո հանկարծ մեզ կտեսնի՝ կզարմանա, կխաղաղի,-
Հաճելի է կատակը լավ՝ ուրախառիթ կատարողի»։

1363 Սկսեցին որսալ ձիերն, ընտիրներից սկսեցին։
Հովիվները կայծահանով լապտերն իրենց նոր վառեցին
Եվ ձայն ավին. «Ո՞վ եք, տղերք, ձեր ուժից վեր գործ եք բռնում.
Սրա տիրոջ թրից ոսոխն՝ առանց տնքոց վայր է ընկնում»։

1364 Լարած իրենց աղեղն ապա՝ հովիվներին հալածեցին.
Իսկ հովիվներն աղմուկ արին, գոռում-կոչում սկսեցին.
«Հա՜յ, օգնեցե՜ք, սպանեցին, կոտորեցին հեներն արդեն»։
Ու տարածվեց ձայն ամեն կողմ, Ֆրիդոնին եկան ասեն։