Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ

1383 Ավթանդիլը ասաց. «Ֆրիդոն, եղբայրներդ չեն բողոքում,
Բայց հույս դրած առյուծ բազկիդ՝ վերքի մասին դու չես հոգում.
Դժվար խորհուրդ ես դու տալիս, թշնամիներն արդեն կոռնան,
Դու չե՞ս լսում, ինչ մոտիկից զորքն է ձայնում հենց պահապան։

1384 Երբ մագլցես՝ քո կլսեն զրահների ձայնդ զնգուն,
Կհասկանան, լսիր դու ինձ, ու կկտրեն պարանն իսկույն,
Ամեն–ամեն, ինչ կա արած, պիտի կորչի աննպատակ,
Խորհուրդի՛դ ես չեմ հավանում, այլ կե՛րպ պիտի մեզ առաջարկ.

1385 Լավ կլիներ՝ տեղում թաքուն թաքնվեիք դուք առանձին,
Քաջաստանցիք չեն արգելում՝ քաղաք մտնել գեթ ճամփորդին.
Մինչ ես ծպտուն մի փերեզակ՝ վաճառական կձևանամ,
Եվ սաղավարտ, զրահ ու թուր մի հատ ջորու ես կբառնամ՝

1386 Երեք հոգով քաղաք մտնել՝ չի կարելի, կհասկանան,
Իսկ կխաբվեն, թե ես մտնեմ՝ մենակ, իբրև վաճառական,
Ներսում թաքուն զրահ հագած՝ ես կբացվեմ այնուհետև,
Աստված տա, որ ներսում հոսեն հորդ ու առատ արյան գետեր։

1387 Ներսի մարդկանց շուտ կջնջեմ, մաքրեմ առանց դժվարության,
Իսկ դուք դրսից հարձակվեցեք՝ դռան վրա քաջի նման.
Փականքները ես կջարդեմ և դուռը բաց կանեմ ձեր դեմ,
Թե ավելի լավ միջոց կա՝ ասեք հիմա, ես կընդունեմ»։