Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1393 Այսպես ասաց ընկերաբար, կատակելով Ֆրիդոնն հերոս.
Ծիծաղեցին մյուս երկու սրախոսներն իմաստախոս.
Իրարու հետ կատակեցին, նրանց կատակն էր սազական.
Իջան ձիուց ու զինվեցին, իրենց ընտիր ձիերն հեծան։

1394 Խելոք, հասուն խորհուրդներով նորից իրար խոսակցեցին
Եվ վերջապես Տարիելի առաջարկածն ընդունեցին,
Հերոսները բաժանվեցին երեք մասի հարյուրական
Ու, ձի հեծած անմիջապես, սաղավարտներ գլուխն առան։
    
                           ***
1395 Կտրիճներն այն արեգակից գերազանց են իրենց շուքով
Ու երեքին պահպանում են՝ յոթ մոլորակ շողի սյունով,
Տարիելը հեծած սևին՝ սեգ հասակով ու գեղիրան,
Ինչ կջարդեր նա թշնամուն—հեշտ էր որպես՝ դիտող վկան։

1396 Ինչ պատմում եմ նրանց մասին՝ պատկեր նոցա և ի հանգույն—
Երբ սև ամպերն են անձրևում ու հեղեղում գոռ ու դժգույն,
Գոռում են ու փրփուր տալիս օձապտույտ սուրում ձորով,
Բայց միանում երբ որ ծովոց՝ հեղ են նորից ու հանդարտով։

1397 Թեպետ Ֆրիդոնն ու Ավթանդիլ անհաս էին, համբավ-բարի,
Բայց դեմ դուրս գալ Տարիելին՝ և ոչ մի մարդ չէր համարի՝
Արևի դեմ աստղը գունատ, նսեմանում, լույս չի տալիս,
Ինչ արդ լսևք, ունկնդիրներ, կովի ձայներն ահեղալից։

1398 Ամեն մեկը մի դռան մոտ՝ բաժանվեցին երեք մասի,
Երեք հարյուր մարդ ունեին, նման ամեն մեկն հերոսի.
Գիշերն ամբողջ խորհում էին, լուռ, ժրաջան, մտած դարան,
Ծեգին հանկարծ երևացին, ամեն մեկի ձեռին վահան։

1399 Գնում էին՝ նրանք հանգիստ ճամփորդների ինչ-որ նման,
Չկռահեց ներսում ով կար, նրանց հանդեպ զգաստ չեղան.
Կասկած չկար նրանց սրտում, կանգնած էին անփույթ, հանդարտ,
Երբ մոտեցան դռներն ի հուպ՝ հագան իսկույն կուռ սաղավարտ։

1400 Խթանեցին նժույգներին, մտրակները շառաչեցին,
Ու երբ տեսան դուռը առած, քաղաքացիք ճիչ գցեցին։