Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու մոտեցան հիմա սրանք, երեք եղբայրն հավաքվեցին—֊
Հրավիրված հյուրերի պես՝ մոտիկ եկան, սալամ տվին։

1409 Արեգակն այն շոյուն դեմքով ու ժպտերես դիմավորեց,
Օգնողներին վեհ, բարեհաճ, հպարտորեն նա համբուրեց,
Շնորհակալ եղավ ապա նա դուրեկան խոսքով խոնարհ,
Ու պատասխան տվին նրանք՝ ճարտար խոսքով, հաճոյաբար։

1410 Սալամ տվին նույնպես նրանք՝ Տարիելին՝ հալվե ծառին,
Ողջույն տվին հաղթանակի և իրարու հարցեր արին.
Չափսոսացին՝ դեռ տակավին զրահները չէին գցել,
Իրենք առյուծ էին դարձել, իսկ թշնամուն՝ այծյամ արել։

1411 Երեք հարյուր խիզախներից հարյուր վաթսունն էին մնում,
Նուրադինը ցավում էր շատ, սակայն նաև ուրախանում.
Որոնեցին, կոտորեցին՝ ինչ թշնամի կար կենդանի,
Իսկ թե ինչքան գանձեր գտան՝ աչքով հաշվել չէր կարելի։

1412 ժողովեցին ուղտ ու ջորի, անասուններ՝ ինչ-որ գտան,
Երեք հազար գրաստ բարձած մարգարիտներ, ակներ տարան,
Ակներն ամբողջ տաշած էին՝ լալ ու հակինթ՝ է՛լ ճարճատուկ,
Մինչ այն արփուն, իբրև կնոջ, պատգարակով տարան հատուկ։

1413 Թողին բերդում վաթսուն հոգի՝ այնտեղ իբրև պահապաններ
Եվ տարան այն արեգակին, որ դժվար էր արդեն խլել.
Եվ դիմեցին Ծովաքաղաք, և հեռու էր թեպետ ճամփան,
Ասին. «Տեսնենք և Ֆաթմանին, հատուցանենք պարտքը նրան»։