Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1483 Հասան բարձր քարանձավին, փորված էր նա մեծ ժայռերում,
Ասմաթն աներ պախրայի միս, կտրում էր նա, հյուրասիրում.
Անցածներից էին պատմում, կատակ անում ընկերաբար
Եվ գոհանում էին աստծուց, որ ազատեց վշտից այն դառ։

1484 Ու շրջեցին այրերն ամեն, թռչկոտելով, ուրախացած,
Գանձեղենը գտան ապա՝ Տարիելի ձեռքով կնքած.
Անկարող էր մեկն ըմբռնել, ոչ էլ եղած գանձը հաշվի,
Չէին ասում, թե գանձ չունենք, չունենալուց չեն վհատի։

1485 Ու գանձեղեն բաշխեց նա մեծ — ըստ արժանվույն և բոլորին.—
Նուրադինի բոլոր մարդկանց, սպասալար թե զինվորին.
Լիացրեց ամեն մարդու, ով նրանց հետ աստ էր եկել,
Սակայն այնքան գանձ կար այնտեղ, կարծես նրան ձեռ չէր կպել։

1486 Նուրադինին այսպես ասաց. «Պարտքդ հազիվ թե ստանաս,
Բայց ասած է՝ «Ով լավ անի՝ վերջում նա չի կրի վնաս».
Այս գանձն ամբողջ՝ ինչ կա այստեղ, ինչ որ այստեղ ինքդ տեսար,
Քեզ եմ տալիս, ամեն-ամեն, պատշաճի պես քեզ հետ դու տար»։

1487 Նուրադինը գլուխ տվեց, շնորհակալ էր խորապես,
Ասաց. «Արքա, է՞ր կարծեցիր՝ անբանիմաց, անմիտ եմ ես,
Չիղ է թվում քեզ թշնամին, որ կարծում է իրեն մահակ,
Իմ խինդն այնքան պիտի տևի, որքան տեսնեմ քեզ շարունակ»։

1488 Ֆրիդոնն իր տուն ղրկեց մարդկանց՝ թե դառնան ու ուղտեր բերեն.
Գանձերն ամեն, ինչ կար այնտեղ, որ ուղարկի երկիրն իրեն,
Ապա նրանք հենց այն տեղից ճամփա ընկան Արաբստան,
Եվ բարակել էր Ավթանդիլն՝ արև տենչող լուսնի նման։

1489 Երկար օրեր ճամփա անցան, հասան երկիրն արաբների,
Հետզհետե հանդիպեցին շատ գյուղերի, ամրոցների,
Բնակիչներ այնտեղ կային՝ հագին շորեր կանաչ, կապտուն.
Ավթանդիլի համար ամենքն այնտեղ արցունք էին թափում։

1490 Տարիելը մարդ ուղարկեց արքայի մոտ արաբների,
Ասաց. «Արքա, մաղթումս է ձեզ՝ կատարում ձեր ողջ իղձերի.
Ես՝ թագավորս Հնդկաստանի, գալիս եմ ձեզ այցելության,
Զեզ ցույց տալու վարդը կոկոն՝ դեռ չքաղած ու անթառամ։