Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ՆԵՍՏԱՆԻ ԵՐԵՍ ԱՌ ԵՐԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

399 Երբ ներս մտավ ծառաս ինձ մոտ՝ անակնկալ էր ինձ համար,
Նա Ասմաթից նամակ տվեց, դարձել էի ես տանջահար։
Գրում էր նա. «Կանչում է քեզ՝ քո կարոտածն արևափայլ.
Գա՛լդ ավելի լավ կլինի, քան թե այդտեղ նստել ու լալ»։

400 Պարզ է ամեն սիրող սրտի՝ ուրախացա հիմա ինչպես։
Իսկ երբ մթնեց — ես մեկնեցի, առաջվա պես մտա պարտեզ.
Ուր մեկ անգամ տեսել էի, այնտեղ տեսա ես Ասմաթին,
Ասաց ժպտուն. «Շուտ եկ, լուսի՛նն սպասում է իր առյուծին»։

401 Ինձ ներս տարավ։ Պալատն էր ճոխ, գեղեցկաշեն և հարկազարդ,
Եվ երևաց լրիվ լուսի՛նն՝ ամբողջ լուսով շքեղազարդ,
Վարագույրի հետև նստած կանաչազգեստ ու պճնալի,
Դեմք ու կազմո՛վ անզուգական, չնաշխարհիկ, զարմանալի։

402 Ու կանգնեցի գորգի ծայրին, վառվում էի՝ կրակն ընկել,
Սրտիս խավարն էր փարատվել, ուրախության լույսը սյունել։
Հանգչում էր նա փափուկ բարձին, չքնաղ էր նա արեգակից,
Ու ծածկում էր դեմքն ինձանից, մերթ՝ վեր նայում աչքի տակից։

403 «Ասմաթ,— ասաց,— ամիրբարի՛ն խնդրիր բազմել բարձի վրա»,
Եվ նա դրեց ուրիշ մի բարձ՝ գովելու դեմ, հանդեպ նրա
Ես նստեցի, սիրտս ցնծաց, որ դժգոհում էր վիճակից.
Զարմանում եմ՝ դեռ շնչում եմ՝ իր խոսքերը կրկնելիս։