Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

428 Ձեր հոր կողմի՛ց եմ ես մասամբ խնամք տարվել, դառել հասուն,
Երբ իմացա՝ ձեզ են դավում—իմաց տալո՛ւ եկա իսկույն,
Ես չեմ ուզում տեսնել մեռած վայելչակազմ վարդերեսիդ,
Եվ կպատմեմ քեզ ամենայն, լսիր դու ինձ, լսիր հանգիստ։

427 Չլինի թե իզուր խաբվես, նենգում են այս մարդիկ քո դեմ.
Հարյուր հազար զորականներ թաքցրել են մի տեղ արդեն,
Իսկ այլ տեղում՝ շուրջ երեք բյուր, կհարձակվեն հանկարծահաս,
Եթե իսկույն մի ճար չանես, փաթերակի պիտի դու գաս։

428 Արքան քչով կգա քո դեմ՝ տեսնես նրան, չես կասկածի,
Փաղաքուշ է, կվստահես, տակից զրահ կա հագածի,
Զորքին ծխով նշան կտա, ամեն կողմից քեզ կպատեն,
Երբ ձեր մեկին հազար կգա, պարզ է՝ իրենք պիտի հաղթեն»։

429 Հաճո եղա այդ մարդու հետ, շնորհակալ եղա նրան.
«Թե չմեռա՝ վարձդ վրաս, փափագում ես, հարկավ, դրան,
Չկասկածի ոք ի ձերոց—դու նրանց մոտ գնա կանխավ,
Թե մոռանամ բարիքը քո—կեղծավոր եմ ես էլ հարկավ»։

430 Ինչ իմացա՝ չասի ոքի, գաղտնիք որպես՝ թաքուն պահած,
Լինելոցը՝ պիտի լինի, մեկ է խորհուրդն ամեն արած,
Մարդ հղեցի, սակայն, զորքիս թեև ճամփան հեռու էր շատ։
Պատվիրեցի. «Շուտով հասեք, դուք սար ու ձոր կտրեք շտապ»

431 Առավոտյան՝ դեսպաններին հանձն արի բարի խոսքով.
«Զեկուցեցեք Ռամազ-խանին. արի, կգամ ես էլ շուտով»։
Նորից կես օր առաջ անցա, ես վտանգից խույս չը տվի.—
Ո՞ւր կփախչեմ՝ խորհուրդ վերին, կուզե՝ այսօր ինձ կսպանի։

432 Ելա ինչ որ սարի գագաթ՝ հեռու դաշտում թոզ երևաց.
Ասի. «Ինքն է՝ Ռամազ արքան, թեև թակարդն իմ դեմ լարած —
Սակայն իրե՛նք զոհ կգնան իմ սուր թրին, անշեղ տեգին»,
Այնժամ միայն վտանգը ողջ հայտնի արի ես իմ զորքին։

433 Ասի. «Եղբայրք, մարդիկ ահա մեր դեմ հաստատ դավ են նյութել,
Խիզախ եղեք, կորովալի՛ց, թևերը ձեր ի՞նչ թուլացնել.
Ով արքայի համար մեռնի, հոգին երկի՛նք է սավառնում,—
Կռվենք ընդդեմ Չիմ-Մաչինի, մենք հո զուր չե՛նք թրեր կապում»։