Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա երկնային գործ է վսեմ, թև է տալիս երկրի մարդուն.
Ով որ փորձի, հարկադրված՝ պիտի տանի շատ նեղություն։

21 Սերը մաքուր՝ մատչելի չէ անգամ և շատ խելոքներին,
Լեզուն կապում նա պատմողի և շփոթում լսողներին.
Ստոր ձգտում ունեն նրանք, որոնք մարմինն են ցանկանում.
Թեկուզ նրանք չեն շնանում, սակայն հեռվից են ցոփանում։

22 Սիրահարին կոչում են խենթ՝ արաբական լեզվից առած—
Խենթանում է նա տանջանքից՝ սիրեցյալին արժան չեղած․
Ոմանք հասնում, մոտենում են երկնայինին, սավառնում վեր,
Ոմանք ցածում են թռվռում սիրունների շուրջը վեհեր։

23 Սիրահարը պիտի լինի տեսքով սիրուն՝ որպես արև,
Առատաձեռն, ազատ լինի, ջահել, հարուստ ու հանճարեղ,
Ճարտար, ուշիմ, համբերատար, հաղթողներին հաղթող արի.
Ով այսպես չի՝ նա չի կարող կրել կոչում սիրահարի։

24 Սերն է սիրուն, խորհրդալի, ճանաչելու՝ իրոք դժվար,
Չպետք է նույն դասը դասել և ցանկասեր, և սիրահար.
Նա ուրիշ է, ցանկասերն՝ այլ, սար ու ձոր կա նրանց միջև,
Մի շփոթեք նրանց իրար, հասկանո՞ւմ եք խոսքս արդարև։

25 Սիրահար պիտ հավատարիմ, անբիծ, մաքուր, չշնացող,
Թե հեռանա իր սիրածից՝ նրա համար խոր ախ քաշող.
Սիրտը պիտի մեկին տա լոկ, թեկուզ և խիստ դաժան դիպոց,
Ատում եմ ես սերը անսիրտ, գիրկ ու գգվանք և պաչպչոց։

26 Սիրահարը թող չկոչի, թե սեր է ինքն իրոք ապրում—
Օրը մեկին թե կամենա, յարից բաժան թե չի մաշվում.
Խակություն է, տղայություն, ճշտիվ նման բախտի խաղին,
Լավ սիրահար նա է միայն՝ կիրքն է զսպում ով երկրային։

27 Ընտիր սերը վիշտը սրտի ցույց չի հանում, պահում թաքուն,
Թեկուզ բաժան՝ հոգով իր հետ, տեսքին նրա միշտ փափագում,
Հեռվում խամրում, վառվում հեռվում, էրվում-դաղվում հեռվում նորից—
Յարի առաջ հեզ ու խոնարհ՝ թեկուզ զայրույթ արքաներից։

28 Սիրահարը խորհուրդն հոգու հայտ չի առնի ոչ ուր երբեք,
«Վայ» չի խորհի վատաբարո, չանի յարին նա վարկաբեկ