Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

573 Հագեցել էր երբ Դավարը ծեծով նրա, կապտացնելով,
Առաջ եկան երկու ծառա՝ քաջքի նման երեսներով
Ու դիմելով ոչ փաղաքուշ՝ բերին իրենց հետ մի տապան
Եվ արևին մեջը դրին, կարծես պահակ՝ նրան կալան։

574 Անցան նրանք պատուհանով ու դեպի ծովն իսկույն կորան
Դավարն ասաց. «Ա՛յս անողիս ով էլ կուզի՝ անի կործան,
Սակայն նախքան ինձ կսպանեն՝ ինքս կտամ կյանքին իմ վերջ»։
Հանկարծ դանակ զարկեց իրեն, ընկավ մեռավ իր արյան մեջ։

575 Չե՞ս զարմանում, որ դեռ ողջ եմ, որ չեմ եղել ես տեգահար,
Ինչ արժա՛ն է, ինձ ա՛յն արա՝ այսքան ուրախ լուրիս համար.
Աստված սիրես, կյանքս խլիր, անկարող եմ՝ ի՛նչ համբերում»։
Ողորմելու արցունքն աչքի չէր ընդհատվում, չէր ցամաքում։

576 «Քույր,— ասացի,— ինչո՞ւ խլեմ կամ ինչո՞վ ես դու մեղավոր,
Ի՞նչ անեմ ես նրա համար, հոգալ որի՛ն եմ պարտավոր,
Այժմ նրան որոնելու՝ գլուխ կտամ քարին, ջրին»։
Ու սալ դարձավ սիրտս ամուր, ես քար դարձա ամբողջովին։

577 Ու ջերմ ու դող ինձ բռնեցին, խելքս տարավ սարսափը մեծ.
Դարձա սրտիս. «Դեռ մի մեռնիր, զուր պառկելուց շահ չկա քեզ,
Լավ է գնա որոնելու, դաշտեր ընկիր թափառական,
Ահա, ժամ է, ովքեր կուզեն՝ ինձ օգնության հետս թող գան»։

578 Մտա արագ և զինվեցի, պատրաստ հեծա նժույգն իսկույն,
Հետս առա հավատարիմ լավ կտրիճներ հարյուր վաթսուն,
Եկան ինձ հետ, ու դուրս եկանք՝ դռնից արդեն՝ ռազմի կարգած,
Հասա ծովափ, մի նավ տեսա — նավապետն ինձ տեսավ զինված։

579 Ու նավ նստած ծովը մտա. ծովի վրա ես կարգվեցի,
Որտեղից էլ եկան նավեր — մեկ-մեկ ամե՜նն ստուգեցի,
Թե հուսացի, բայց լուր չառա, խե՛նթս՝ ավելի ես խենթացա.
Աստված արդեն ատել էր ինձ՝ է՛լ ատելի հիմա դարձա։

580 Անցավ տարին, տասն և երկու ամիսն արդեն դարձավ քսան.
Բայց չտեսա նրան տեսնող՝ իմ երազում գոնե տեսլյան,
Կոտորվեցին, ոչնչացան — ամենն ովքեր ինձ հետ կային,
Բողոքս ի՛նչ է, անի աստված՝ ինչ իր կա՛մքն է աստվածային։